Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ԿՏԱ

Մայիս 23,2009 00:00

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց ընտրություններից հետո կառավարության հրաժարականը՝ «հարկային փաթեթի» շուրջ գործադիրի եւ օրենսդիրի տարաձայնությունների պատճառով: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ ասաց. «Այս պահին դժվար է կանխատեսել այդպիսի հնարավոր ելքը: Համենայնդեպս, մեր հիմնական խնդիրն է, որպեսզի կառավարությունը վերադառնա հայտարարված քաղաքականությանը՝ թե՛ 2008 թվականի ծրագրում ամրագրված նորմերին եւ թե՛ հակաճգնաժամային ծրագրերի՝ իր կողմից հայտարարված մոտեցումներին: Հակառակ դեպքում, այո՛, հնարավոր է նաեւ անխուսափելի լինի հրաժարականը: Որովհետեւ չի կարող անվերջ լինի՝ արվող հայտարարությունը եւ իրականացվող, ձեռնարկվող գործողությունները իրար չհամապատասխանեն»:

Մինչդեռ կոալիցիայի ներկայացուցիչները ժխտեցին նման հավանականությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Կառավարության հրաժարականի կանխատեսումներ այսօր չեն կարող լինել»: Եվ նշեց, թե կառավարությունն ու ԱԺ-ն նույն թիմն են, իսկ ինչ վերաբերում է հարկային վիճահարույց փաթեթին՝ «Պետք է հուսախաբ անեմ, որովհետեւ երկու օրենքն էլ անցնելու են, բայց պատգամավորների առաջարկությունների հիման վրա՝ ավելի լավ օրենքների տեսքով»: Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես իհարկե գիտեի, որ «Ժառանգությունը» շատ ունակությունների է տիրապետում, բայց որ նրանք արդեն նաեւ կանխատեսումներով ու գուշակություններով են զբաղվում՝ ինձ համար նորություն էր: Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա նման խնդիր, բնականաբար, այսօր դրված չէ, եւ պատճառն էլ չկա կառավարության հրաժարականի: Իսկ եթե ոմանց զարմացրել է այն, որ խորհրդարանում քննարկումներ են տեղի ունենում օրենքի շուրջ, ապա ինձ թվում է՝ մարդկանց պետք է զարմացներ այն, որ շատ երկար ժամանակ ԱԺ-ում բուռն քննարկումներ տեղի չէին ունենում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել