Շանթ Հարությունյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «2008 թվականի մարտի 1-ի իմ հրապարակային ելույթը՝ անկախ իմ քաղաքական դիրքորոշումից, նպատակ ուներ ապահովել ցուցարար քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունը եւ պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվությունը: Իմ գաղափարաքաղաքական պայքարում երբեք չեմ առաջնորդվել ընդդիմություն-իշխանություն հակամարտության տրամաբանությամբ. միշտ գործել եմ «հանուն արդարության» սկզբունքով: Մարտի 1-ի երեկոյան, Մյասնիկյանի հրապարակում, ինձ համար բաժանարար գիծն անցնում էր ոչ թե ընդդիմություն-իշխանություն սահմանագծով, այլ բարու եւ չարի, արդարի ու անարդարի, մի խոսքով՝ լույսի եւ խավարի միջեւ: Եվ ես այդ օրը կանգնեցի Ազատության, Հավասարության եւ Եղբայրության «բարիկադներում», որի ընտրությունը կատարել էի մարտի 1-ից դեռ շատ տարիներ առաջ: Ցանկանում եմ նշել, որ բանտում անցկացրած ժամանակահատվածում ամեն օր շարունակել եմ այդ պայքարը (ինչպես եւ իմ բանտակից ընկերներից շատերը) ու պատրաստ եմ եղել դիմակայել իմ նկատմամբ գործադրվող ցանկացած ստորության:
Հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, թե երկրում ոչ մի դրական փոփոխություն հնարավոր չէ, ու քաղաքացիները ոչինչ չեն կարող փոխել երկրում՝ հերքվեց հոգեբուժարանում իմ գտնվելու օրերին: Եվ եթե ես այսօր ոչ միայն հոգեբուժարանում չեմ, այլեւ գտնվում եմ ազատության մեջ՝ դա միանշանակ իմ պաշտպանության համար իրենց բողոքի ձայնը բարձրացրած մտավորականների, քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների եւ վերջապես՝ Մարդու ճակատագրով մտահոգ միջազգային հանրության պայքարի արդյունքն էր: Իմ երախտագիտութունն եմ հայտնում ինձ աջակցած յուրաքանչյուրին անխտիր՝ տեղեկացնելով, որ այդ պայքարն ավարտվել է հաղթանակով, ուստի հաղթանակի առիթով շնորհավորում եմ բոլորին՝ խնդրելով այն դիտել որպես արդարության հաղթանակ:
Սակայն եթե մինչ այս դեպքը, ՀՀ քաղաքացիների, մտավորականների հայտարարություններն ու պայքարն՝ ընդհանրապես, լուրջ արդյունքներ չէին տալիս, ապա դա պայմանավորված էր այն բանով, որ այդ պայքարը դրսեւորվում էր քաղաքական դիրքորոշմամբ: Եվ քանի դեռ Հայաստանում չի ձեւավորվել քաղաքացիական դիրքորոշում արտահայտող հասարակություն, որեւէ քաղաքական պայքար դատապարտված է ձախողման՝ ում կողմից էլ որ այն դրսեւորվի: Ի վերջո, արդարությունը, ազատությունը, ազնվությունը քաղաքացիական դիրքորոշման արդյունք են: Եվ միայն այդպիսի քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակության մեջ կարող է խոսք լինել քաղաքական պայքարի արդյունավետության մասին: Իմ դեպքում, անկախ ամեն ինչից, ինձ աջակցեցին ամենատարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդիկ՝ առաջնորդվելով նշված քաղաքացիական արժեքներով, ուստի հաղթանակը դարձավ անխուսափելի»: Եվ Շանթ Հարությունյանն իր հայտարարության մեջ անուն առ անուն շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած բոլոր անձանց ու կազմակերպություններին: