Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ԱՅԼ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ»

Մայիս 23,2009 00:00

Ստալինյան այս թեւավոր խոսքը երեկ հնչեցրեց ԺԿ ներկայացուցիչ Հրաչ Վարդապետյանը

Երեկ ՄԱԱ-ի եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած համատեղ նախընտրական քննարկման ժամանակ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն, ի շարս ՀՀԿ-ի այլ արժանիքների, հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ թիվ են կազմում քաղաքային տնտեսության խնդիրներին լավ ծանոթ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թաղապետարաններում: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն էլ հետաքրքրվեց, թե այդքան լավ ՀՀԿ-ական կադրային բազայի առկայության պարագայում ինչո՞ւ է մեր մայրաքաղաքն այդքան անհամաչափ զարգանում, եւ կենտրոնական էլիտար թաղամասերի հետ ծայրամասերում ունենք դեռ վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ, ցրտի պատճառով դասապրոցեսը ընդհատող դպրոցներ. «Լավ կլիներ, որ այն ուժերը, որոնք Երեւանի ավագանիում ներկայացված լինեն, մտածեն այդ մասին»: ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ նկատեց. «Երբ խոսքը գնում է նրա մասին, որ մենք այսքան ենք եւ ուժ ենք, դա դեռ չի նշանակում, որ դրանից պետությունը շահեց: Ես շատ վատ եմ զգում այն ամենի համար, ինչ որ արվում է Երեւանում, ինչ որ Բեգլարյան Գագիկն է անում: Երբ ինքը խանութ ունի Աբովյան փողոցի մայթի վրա «Ցենտրալ» ռեստորանի դիմաց, կանաչի վրա ու հիմա ինքը խոսում է կանաչապատման ու անօրինական կառույցների մասին՝ ինձ համար անհասկանալի է: Ինքն իրավունք չունի: Հասրաթյանի մասին էստեղ, որ այդքան լավ հիշեցին, Հասրաթյանն այդ կանաչը սանտիմետր-սանտիմետր տնկել է, այսօր Բեգլարյան Գագիկը եկել՝ էդտեղ խանութ է բացել եւ շատ տարօրինակ քաղաքային մշակույթ է ներմուծել՝ գազոնի վրա քյաբաբանոց: Ու այդ մարդը կոչ է անում, թե Երեւանի մասին մտածում է: Էլ չեմ ասում, որ վերջին 5-6 տարում կանաչ Երեւանը դարձավ անապատ: Ի՞նչ արեցին կենտրոնի հետ. այդ ծրագիրը լավ էր, պետք էր անել աստիճանաբար, բայց ոչ այդպիսի վայրագությամբ ու մի քառակուսի մետրը 1000-2000 դոլարով իրենց գրպանը դնելու մոլուցքով: Այս ամենն է, որ իմ մեջ վստահություն է առաջացրել, որ ՀՀԿ-ն ուզում է ոչ թե Երեւանը կառուցել, այլ ամեն տեղ իշխանություն ունենալ եւ փող աշխատել, որովհետեւ վերջին 5-6 տարիների ընթացքում Երեւանը դարձավ փող լվանալու լավագույն միջավայրը»: Վահագն Խաչատրյանը հավաստիացրեց, որ խոսքը «մեծ» գումարների մասին է, եւ ոչ ոք չգիտե, թե դրանք ինչ ծագում ունեն, ու հայաստանյան ճգնաժամի պատճառներից մեկն էլ հենց դա է համարում:

Ի պատասխան այս ամենի՝ ՀՀԿ ներկայացուցիչը հեգնեց, թե ժամանակին մասնակցեիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ այսօր չբողոքեիք, որ ներկայացված չեք: Նա կոչ արեց համապետական ընտրությունների չափ կարեւորել ՏԻՄ ընտրությունները: Հակադարձելով նախկին քաղաքապետին էլ՝ ասաց. «Նմանատիպ բաները պետք է ոչ այսպիսի ֆորմատով քննարկել, որովհետեւ, կարծում եմ, նաեւ ինֆորմացիայի հավաստիություն կառաջանա: Չեմ ցանկանում բանավեճ ստեղծել, եթե ունեք որոշակի դիրքորոշումներ, կարող եք դիմել համապատասխան ձեւով: Իսկ ընդհանրապես, Երեւանում, իհարկե, կան դեռեւս չլուծված խնդիրներ, եւ կարեւոր է, որ մեր ջանքերը միասնական դարձնենք, օրենքը հնարավորություններ տալիս է: Այլապես, հեշտ է ասել՝ ես չկամ, ու քննադատել այն մարդկանց, ովքեր իրոք ակտիվ մասնակցություն են ունենում»:

ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանն էլ կարծիք հայտնեց, որ եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն՝ անհապաղ պետք է Ազգային ժողովը լուծարել: Ըստ նրա՝ հնարավոր կեղծիքներն արվելու են ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների՝ ընտրական հանձնաժողովներում ունեցած կուսակցականների ձեռքերով: Ուստի, կառավարման լծակների մոտ եւ քաղաքական դաշտում գտնվողներին կոչ է անում՝ մեղավորներին «դրսերում չփնտրել», զգալ եւ կրել ողջ պատասխանատվությունը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի կարգախոսն էլ պետք է լիներ՝ «Գնահատիր», որպեսզի ժողովուրդը գնահատեր յուրաքանչյուրին ըստ արժանվույն: Իսկ քանի որ իրենք առաջին անգամ են մասնակցում ընտրություններին՝ ճիշտ ընտրված է համարում «Հավատա եւ վստահիր»՝ որ հավատան եւ վստահեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել