Կառավարության որոշմամբ, ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվողները ազատվում են 1% շահութահարկի կանխավճարի վճարումից: Երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանք հնարավորություն են ստանում խնայել ֆինանսական միջոցներ, նպաստել ճյուղի զարգացմանը եւ ոսկերչական իրերի մրցունակության բարձրացմանը: Վարչապետը նաեւ ասել է. «Հանրությունը պետք է իմանա, որ ոսկերչությունը եւ ադամանդագործությունը համարելով առաջնահերթ ճյուղ, մենք այս փոփոխություններով ստեղծում ենք հարկային բարենպաստ դաշտ: Հարցը քննարկել ենք նաեւ ոսկերիչների եւ ադամանդագործների մեր միջազգային ասոցիացիայում: Նրանց կարծիքով, սա եւս կնպաստի ոլորտի զարգացմանը եւ նոր ներդրումների ներգրավմանը: Մեկ տոկոս շահութահարկի կանխավճարի վերացման առաջարկությունը նույնպես իրենք են արել, քանի որ դա խոչընդոտում է ճյուղի զարգացմանը»:
Անդրադառնալով «Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2009-ի ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ կատարված լրացումներին, վարչապետը նշել է. «Այս որոշումն ունի նաեւ հեռահար նպատակ: Ստանալով ռուսական վարկը, մտադիր ենք զգալի հատկացումներ կատարել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Դուք տեղյակ եք, որ մենք ՀԲ-ի հետ բանակցում էինք, եւ մեր պահանջարկը ՓՄՁ-ի համար կազմում էր $250 մլն: Անցյալ տարի շուրջ 15 մլրդ դրամ հատկացրինք ՓՄՁ-ին, այս տարի ԱԺ-ն վավերացրեց մեր համաձայնագիրը ՀԲ-ի հետ՝ եւս $50 մլն տրամադրվեց: Այժմ ռուսական վարկից նույն նպատակին կհատկացվի շուրջ 30 մլն դոլար: Միջոցներ են հատկացվելու նաեւ հիփոթեքային հիմնադրամին»:
Երեկվա նիստում որոշվել է նաեւ հակաճգնաժամային ծրագրերի շարքում «Ագրոսպասարկում» ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք՝ $746 հազարի չափով: Հավանության է արժանացել նաեւ «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» օրինագիծը: Վարչապետը նշել է, որ «Սա, իհարկե, աննախադեպ օրենքի նախագիծ է, կրելու է ժամանակավոր բնույթ եւ ունի հակաճգնաժամային բովանդակություն: Օրենքի նպատակն է խրախուսել, որպեսզի խոշոր ներդրողները գան Հայաստան եւ իրականացնեն խոշոր նախագծեր»: