Համոզված է Երեւանի պետկոնսերվատորիայում համերգային ծրագրի բանավոր ներկայացում եւ կատարում առարկան դասավանդող Արամ Ավետյանը:
Յուրաքանչյուր համերգային ծրագիր մեկ ամբողջական կտավ է՝ հենված դրամատուրգիայի ու ռեժիսուրայի վրա: Վերջինիս բացակայության դեպքում մենք ականատեսն ենք դառնում պարզապես երաժշտական համարների հաջորդական մատուցմանը: Դանդաղորեն, բայց մեզանում էլ վերջին շրջանում կայանում են հատուկենտ դասական համերգներ՝ նոր մտածողությամբ եւ նոր շնչով: Իսկ նման միջոցառումների կազմակերպման համար, բնականաբար, հարկավոր են մասնագետներ:
«Առավոտը» հանդիպեց դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու Արամ Ավետյանին, որն, ավարտելով Լոնդոնի արքայական ակադեմիան, 2008-09 ուստարվանից Երեւանի պետական կոնսերվատորիայում դասավանդում է համերգային ծրագրի բանավոր ներկայացում եւ կատարում առարկան: Դաշնակահարի մենահամերգին ներկա գտնվեցինք 2008թ. դեկտեմբերին, որտեղ նա Ա. Խաչատրյանի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի կատարումով հանդես եկավ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Խաչատրյանական երաժշտությանը համահունչ, լուսային ձեւավորման եւ էկրանի միջոցով ակնդիրը դարձանք հայերիս համար 5 արժեքների՝ հավատք, կրոն, հող, այբուբեն եւ Արարատ լեռ: Էկրանին, խաչատրյանական երաժշտությանը հարիր, երեւում էին Սարյանի, Մինասի եւ հայ մյուս մեծանուն նկարիչների գործերը:
Արվեստագետն ասաց, որ այս ծրագրի պատրաստումը «Շողակաթ» հեռուստատեսության հետ տեւել է շուրջ 8 ամիս: Հիշյալ մենահամերգից հետո դաշնակահարին հանդիպեցինք արդեն իբրեւ համերգի գեղարվեստական ղեկավար՝ վերջերս Կամերային երաժշտության տանը կայացած «Հայ երգի վեհափառը» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: «Նպատակս էր ներկայացնել Կոմիտասի հոգեւոր եւ աշխարհիկ ստեղծագործությունները՝ ձայնի, դասական եւ ժողովրդական գործիքների մեկնաբանությամբ: Երաժիշտները, որոնք մեծ սիրով լծվեցին այս աշխատանքին, մեր կոնսերվատորիայի ուսանողներն են: Առաջին անգամ «Ծիրանի ծառը» հնչեց դուդուկի, ջութակի եւ դաշնամուրի, իսկ Կոմիտասի մշակմամբ Խաչատուր Տարոնեցիի «Խորհուրդ խորին» շարականը՝ ջութակի եւ դաշնամուրի փոխադրությամբ»,- ասաց Ա. Ավետյանը:
16 տարեկանից պրոֆեսիոնալ բեմում հանդես եկող դաշնակահարը ելույթներ է ունեցել ՀՀ մարզերում, Արցախում եւ համերգներ ունեցել գրեթե ողջ Եվրոպայում: «Այս տարի օգոստոսին հրավիրված եմ Իտալիայի Ֆինալե Լիգուրե քաղաքում ավանդական դարձած «Ոսկե արմավենի» միջազգային մրցույթին՝ որպես ժյուրիի անդամ (Ա. Ավետյանը 2001թ. շահել է այդ մրցույթի Գրան պրին- Ս. Դ.)»:
Հարցին՝ լինելով երիտասարդ մասնագետ, ի՞նչ կարծիքի է ժամանակակից երաժիշտների, այդ թվում՝ իր ուսանողների մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պիտի ասեմ, որ գոնե մեր կոնսերվատորիայում կան բառի իսկական իմաստով տաղանդավոր ուժեր: Ես կարեւորում եմ այն առարկան, որը դասավանդում եմ: Հուսով եմ, որ հայաստանյան ցանկացած համերգ կմատուցվի ժամանակակից լուծումներով, եւ, որ ամենակարեւորն է, համերգի կազմակերպիչը պետք է ջանա չհոգնեցնել հանդիսատեսին: Իսկ դրա համար անպայման պետք է ուսում ստանալ, ինչի հնարավորությունն արդեն ընձեռում է Երեւանի կոնսերվատորիան»: