Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ՝ ՍՊԱՆՎԵՑ, ԵՐԿՈՒՍԸ ՎԻՐԱՎՈՐ ԵՆ

Մայիս 22,2009 00:00

Վրաստանում հատուկ գործողության արդյունքում սպանվել է Վրաստանի պաշտպանության նախարարության Մուխրովանիի զորամասի մայիսի 5-ի ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվողներից մեկը: Եվս երկուսը, որոնք հետախուզվում էին այդ գործով, վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին: Իրավապահները, Թբիլիսիից 30կմ հյուսիս գտնվող Թիանեթյան շրջանում նախորդ գիշեր կատարած հատուկ օպերացիայի ընթացքում, վերացրել են 1990-ականների «Դելտա» հատուկ ջոկատի նախկին հրամանատար Գիա Կրիալաշվիլիին, իսկ նախկին սպաներ Կոբա Օթանաձեն եւ Լեւան Ամիրաձեն ծանր վիրավոր են: Այս 3-ն էլ հետախուզվում էին ռազմական խռովություն կատարելու մեղադրանքով: Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 5-ից՝ խռովության օրվանից սկսած, հայտարարել էր 50 հազար լարի ($30 հազար) պարգեւատրման մասին՝ երեք հետախուզվողներից յուրաքանչյուրի գտնվելու վայրի մասին տեղեկության համար, իսկ մայիսի 13-ից բարձրացրեց մինչեւ 200 հազար լարիի ($120 հազար)՝ Օթանաձեի մասին տեղեկության համար: Ոստիկանությանը հայտնի դարձավ, որ նրանք միկրոավտոբուսով փորձել են դուրս գալ մայրաքաղաքից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ոստիկանները պահանջել են կանգնեցնել մեքենան, բայց հետախուզման մեջ գտնվող նախկին սպաները չեն ենթարկվել եւ կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Պատասխան կրակի արդյունքում կասկածյալներից մեկը զոհվել է, իսկ երկուսը վիրավորվել են եւ տեղափոխվել Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը:

Հիշեցնենք, որ Վրաստանը այս խռովության կազմակերպման մեջ տեսնում էր «Ռուսաստանի ականջները», ըստ նրանց, Ռուսաստանի կողմից ֆինանսավորված դավադրության նպատակը Սահակաշվիլու սպանությունն էր: Մոսկվայում այս մեղադրանքները «զառացանք» համարեցին եւ սադրանք: Ավելի ուշ, որեւէ ապացույց չգտնելով, Վրաստանի իշխանությունները ստիպված եղան հրաժարվել այդ մեղադրանքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել