Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, չորեքշաբթի օրը կայացել է 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի հիմնական նպատակը Հայաստան-ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) քննարկումը եւ հաստատումն էր:
«Քննարկվեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ նորացված Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը եւ հեռանկարները: Ինչպես նաեւ Հայաստանի անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացված բարեփոխումները եւ դրանց հեռանկարները»,- ասաց Տիգրան Բալայանը:
Նիստում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մանրամասն քննարկվել է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: