lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հինգշաբթի օրը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: «Մեր թիմը գնում է ընտրությունների»,- ասել է նա կառավարության ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նախագահական ընտրությունները Ուկրաինայում նախատեսվում են 2009-ի վերջին՝ 2010-ի սկզբին:
Մինչ Տիմոշենկոն երազում է նախագահ դառնալու մասին, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պլաններ է գծում իր հետնախագահական ապագայի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է prime-tass.ru գործակալությունը, Մեդվեդեւը մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո վերադառնալ դասավանդմանը: Նա այդ մասին ասել է Խաբարովսկի Խաղաղօվկիանոսյան պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Խաբարովսկում այս օրերին ընթանում է ՌԴ-ԵՄ երկօրյա գագաթաժողովը:
Նախագահի խոսքերով, դասախոսելիս նա իրական հաճույք էր ստանում: Նա նշել է, որ վաղ թե ուշ վերադառնալու է այդ գործունեությանը, քանի որ դա «ինքդ քեզ ինտելեկտուալ նորմալ վիճակի մեջ պահելու ամենալավ տարբերակն է»: Իսկ ուսանողներից մեկի հարցին՝ «ծա՞նր է նախագահի աշխատանքը», Մեդվեդեւը պատասխանել է՝ «ծանր է, բայց հետաքրքիր»:
Ուսանողների հետ զրույցի ժամանակ ՌԴ նախագահը հիշել է նաեւ, որ մինչեւ իրավաբանական գործունեությանն անցնելը, նա դռնապան է աշխատել՝ 120 ռուբլի աշխատավարձով, գումարած՝ 50 ռուբլի բարձր կրթաթոշակը: Ըստ Մեդվեդեւի՝ «դա բավականին լուրջ գումար էր, որով կարելի էր ոչ միայն նորմալ ապրել, այլեւ՝ հանգստանալ»: Դ. Մեդվեդեւը 1990-99թթ. դասավանդել է Լենինգրադի պետական համալսարանի (հետագայում՝ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարան) իրավաբանական ֆակուլտետում: 1999-ին, Մոսկվա տեղափոխվելով, դադարեցրել է դասախոսելը: 2008-ին ընտրվել է ՌԴ նախագահ: