Անցանկալիներն էլ կփոխեն իրենց անունների տառադարձությունը
Արդարադատության նախարարությունը սփյուռքահայերի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում ապրող մեր հայրենակիցների ՀՀ անձնագրերում՝ անվան, ազգանվան եւ հայրանվան տառադարձության եւ ուղղագրության փոփոխությունների վերաբերյալ նախորդ օրը կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Հրավիրված էին ՀՀ արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարություններից, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից, Լեզվի պետական տեսչությունից:
Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հ. Նավասարդյանը նշեց, որ այս քննարկումը վաղուց էր հասունացել, քանի որ «Սփյուռքի մեր հայրենակիցները երբեմն դժգոհություններ են հայտնում իրենց ազգանունների՝ օտար լեզուներից հայերեն թարգմանություններից»: Խնդիրն այն է, որ որոշ օտար լեզուներ պարզապես չունեն հայերենի «Բ-Պ-Փ», «Գ-Կ-Ք», «Դ-Տ-Թ» տառերի ուղղագրությունը, իսկ երբեմն էլ այդ լեզուներում պարզապես բացակայում են հայերենի այս եւ որոշ այլ տառեր եւս, ուստի նրանց օտարերկրյա անձնագրերից չի թույլատրվում թարգմանություն կատարել հայկական ուղղագրությամբ, այլ միայն՝ տառացի:
Oրինակ, անձն ուզում է իր հայկական անձնագրում Քրքորյան ազգանունը կամ Քրք անունը փոխել Գրիգոր Գրիգորյանով: Որքան էլ ընդունելի է այս խնդրանքը, նույնքան էլ՝ անթույլատրելի, քանի որ այդ փոփոխության արդյունքում մենք գործ ենք ունենում մեկ այլ անձի հետ, «ստանում» ենք նոր մարդ՝ իրավական լուրջ հետեւանքներով:
Անձնագրերի եւ վիզաների վարչության բաժնի պետ Մ. Արաբյանն էլ նշեց, որ նման փոփոխությունների դեպքում կառաջանան մի շարք խնդիրներ անձին նույնականացնելու գործընթացներում, որի շնորհիվ հնարավոր են դեպքեր, երբ «ՀՀ-ում ոչ ցանկալի հայտարարված մարդկանց ցանկից որոշ անձինք կփոխեն իրենց անուն-ազգանունների տառադարձությունն ու ուղղագրությունը եւ հեշտությամբ կհատեն մեր երկրի սահմանը»: Պարոն Արաբյանն առաջարկեց Լեզվի պետական տեսչությանը՝ այս հարցերը կանոնակարգելու համար մշակել անունների թարգմանությունների հստակ չափորոշիչներ, որի շնորհիվ նույն անունը հնարավոր չի լինի թարգմանել մի քանի այլ տարբերակներով, ինչպես նաեւ համագործակցել նոտարական թարգմանություններ իրականացնող թարգմանիչների հետ:
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մ. Հովյանը նշեց, որ նախկինում եղել են նման փորձեր, սակայն անուն-ազգանունների հնարավոր փոխակերպումների եւ տառադարձությունների նմուշներ մշակելու գործընթացը մեծ ծավալի աշխատանք է եւ դրան պետք է պետական մոտեցում ցուցաբերել: Նրա կարծիքով, դա պետք է լինի անունների եռալեզու՝ հայերեն-ռուսերեն-անգլերեն շտեմարան եւ ուղեցույց՝ ինչպես թարգմանիչների, այնպես էլ իր անունը փոխող անձի համար: Չնայած դրանից հետո էլ կլինեն խնդիրներ, բայց ամեն դեպքում դա կլինի մեկ քայլ առաջ՝ հօգուտ մեր քաղաքացիների:
Սփյուռքի նախարարության տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչության պետ Տ. Հարությունյանի կարծիքով, հակառակը, պետք է քաղաքացուն գրանցեն այն անունով եւ ազգանվամբ, որն ինքն է նախընտրում, եւ ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով դժվար չէ վերահսկել, որ այդ անձը, օրինակ՝ Քրքը, ՀՀ-ում ֆիքսվել է մեկ այլ՝ Գրիգոր անունով, ու ոչ մի խնդիր չի ծագի այդ անձի նույնականացման գործում: Սա հնարավորություն կտա սփյուռքահայերին գոնե իրենց կեցության անձնագրերում ունենալ իրենց անվան հայեցի տարբերակը: Այս տարբերակին էր հակված նաեւ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության վիզաների բաժնի առաջին քարտուղար Վ. Ադամյանը, որը մեջբերեց, որ երբ ԱՄՆ-ում որեւէ մեկը ստանում է այդ երկրի քաղաքացիություն, նրան առաջարկում են ունենալ նոր անուն, եւ հարցը հեշտությամբ լուծվում է: Իսկ եթե անվանափոխության եւ անձին նույնականացնելու խնդիրը ՀՀ-ում իսկապես կարող է իրավաբանական խնդիրներ առաջացնել սփյուռքահայի համար, այսինքն՝ նրան տրված հայկական անձնագրում անունը չհամընկնի իր երկրի անձնագրի անվան հետ, ապա կարելի է այդ քաղաքացու հայկական անձնագիրը կիրառել միայն մեր երկրի սահմաններում: