Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր հողազավթումներ՝ Տավուշում

Մայիս 22,2009 00:00

2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջին անգամ քարտեզագրել է Հայաստանի հողերը եւ դրանք ներկայացրել համայնքներին՝ ճշտումների համար: Համայնքապետերը կամ թերացել են, կամ լուրջ չեն վերաբերվել, կամ իրավիճակին չեն տիրապետել, եւ այսօր Հայաստանում քարտեզագրված հողամասի եւ սեփականության իրավունքով փաստացի օգտագործվող հողամասի չափերը իրար չեն համապատասխանում: Ստացվում է, որ հողօգտագործողները վճարել են եւ վճարում են շատ ավելի քիչ հողի հարկ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հանձնարարությամբ՝ մարզերում սկսվել է հողամասերի փաստաթղթային եւ իրական չափերի համապատասխանեցման, տարբերությունների վերացման գործընթաց: Առաջին արձագանքողը Տավուշի մարզն է: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անի Մելիքսեթյանից տեղեկացանք, որ մարզում ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հողատարածքների իրական եւ փաստաթղթային չափերի տարբերություններ կան բոլոր համայնքներում: Խաշթառակում նման սխալները 678 են, Կողբում՝ 225, Գանձաքարում՝ 575, Այգեհովտում՝ 827: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանի խոսքով, իրենց համայնքում անճշտությունները գրեթե 100% են կազմում, գյուղում հազիվ 10-20 հոգի կա, ով իր ուժերով կարողացել է շտկել քարտեզագրման սխալները:

Ինչպես ցանկացած այլ մարզում՝ Տավուշում եւս խնդիր է սեփական եկամուտների հավաքագրումը: Աչաջուրը հավաքել է նախատեսվածի 23,5%-ը, Սեւքարը՝ 24,1%, Վերին Կարմիրաղբյուրը՝ 33,8%, Ջուջեւանը՝ 17,3%: Ամենացածրը Դեղձավանի ցուցանիշն է՝ 11,9%: Համայնքներ էլ կան, որ գերազանցել են 100%-ը. Դիլիջան՝ 102,4%, Նավուր՝ 107,8%, Զորավան՝ 121,3%, Ենոքավան՝ 113,5% եւ այլն: Ընթացիկ տարվա չորս ամիսների հաշվարկով՝ մարզի համայնքների սեփական եկամուտների միջին կատարողականը կազմել է 86,8%: Ամենաբարձր ցուցանիշը Դիլիջանի տարածաշրջանում է՝ 98,4%, ամենացածրը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, 43,7%: Մարզի որոշ համայնքներ՝ ամբողջությամբ, որոշները՝ մասամբ են փակել նախորդ տարիների աշխատավարձի պարտքերը: Ներկայումս Տավուշի մարզի համայնքների աշխատավարձի պարտքերը կազմում են 14, 2 միլիոն դրամ, որից 9.6 միլիոնը բաժին է ընկնում սահմանամերձ Բերքաբեր, Չինարի եւ Դովեղ գյուղերին: Հարկերի հավաքագրման վրա ճգնաժամի ազդեցության մասին գյուղապետերից մեկի ռեպլիկին յուրօրինակ պատասխան տվեց մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ճգնաժամն ամեն ինչի վրա ազդում է, սակայն ձեր աշխատանքի վրա չպիտի ազդի:

Հ. Գ. Մարզխորհրդի նիստին ներկա է եղել միայն «Առավոտի» թղթակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել