Վրաստանի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների կողմից Ջավախքի Ախալցխա քաղաքի բռնազավթած եկեղեցին՝ Սբ. Նշանը, որը «վիճելի» հայտարարելու ճանապարհով հետխորհրդային շրջանի սկզբից ի վեր խլված է հայության ձեռքից, դարձել է վրացի բոմժերի, թմրամոլների ու հարբած մարդկանց այցելության, շատ դեպքերում էլ՝ «բնակության» վայր: Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների կողմից պարբերաբար միջոցառումներ են անցկացվում եկեղեցում: Ս/թ մայիսի 20-ին, երբ Երիտասարդական կենտրոնը, Սամցխեի (Մեսխունիք) հոգեւոր հովիվ տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մասնակցությամբ իրականացնում էր հերթական մաքրման աշխատանքները, ականատես եղան եկեղեցու հերթական պղծմանը. վերջինիս կողքը ամփոփված շիրիմների (այդ շիրիմները իրենց մեջ ամփոփում են եկեղեցու վերահիմնադիրների եւ այլոց աճյունները) վրա «գցված էր» մի հարբած եւ գիտակցությունը կորցրած վրացի: Տեղի երիտասարդներին եւ հոգեւոր առաջնորդին հաջողվել է «չեզոքացնել» այդ անկոչ հյուրին:
Հիշեցնենք, որ ս/թ մայիսի 12-ին Վրաց ուղղափառ եկեղեցին (ՎՈՒԵ) նշում էր Հովհաննես Մկրտչի գլխատման տոնը, որի շրջանակներում վրացի ուխտավորները այցելել էին Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: Իր հերթին Սուրբ Նշան եկեղեցին վրացիները վերանվանել են Իովանե Նաթլիսմցեմելի (Հովհաննես Մկրտիչ) անունով:
Ախալցխայի Զարեհնու Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցին հայոց միջնադարյան եկեղեցիներից է: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է 1575թ. (Սբ. Նշանի մասին առավել մանրամասն տես՝ Կարապետյան Ս., Ախալցխա (Սամցխե նահանգ), Երեւան, 2008, էջ՝ 129-137): Շուրջ երկուսուկես դար անց ավերակ դարձած Զարեհնու Սբ. Նշան հնամենի եկեղեցու տեղը անհրաժեշտություն է զգացվել կառուցելու նոր եկեղեցի: 1861թ. թույլտվություն է ստացվում կառուցելու նոր եկեղեցի, որի շինարարության ողջ ծախսը հոգում է Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցը: Նոր շինության հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1864թ. փետրվարի 27-ին: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է նախ՝ որպես աղի պահեստ, ապա՝ շրջանային դիվան, իսկ 1980-ական թվականներին այն վերածվել է Ժողովուրդների բարեկամության թանգարանի: 1970-ականներին շենքը մասնակի վերանորոգվել է, որի արդյունքում անհետացել է հյուսիսային մուտքի արձանագրությունը:
ԽՍՀՄ փլուզման օրերին տեղի հայությունը եկեղեցին մաքրեց եւ փորձեց վերականգնել եկեղեցու նախկին գործառույթները, սակայն…
Այդ միջոցառումները դեռեւս հույս են տալիս, որ եկեղեցին մի գեղեցիկ օր կվերադառնա իր իսկական տիրոջ մոտ: