Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողի իրավահաջորդը տեղյակ չէր

Մայիս 22,2009 00:00

Նաղդալյանի քույրը բողոքում է

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարի սեպտեմբերի 10-ին քննել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ս. Գուրջինյանի եւ դատախազ Լ. Խաչատրյանի՝ ճանաչված հեռուստալրագրող, Հանրային հեռուստատեսության նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտյալ Արմեն Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի կողմից հավանության արժանացած միջնորդությունը: Դատարանը նույնպես բավարարել է անկախ հանձնաժողովի որոշումը:

Ինչպես գիտեք, Տիգրանի սպանությունից հետո հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ էր ճանաչվել նրա քույրը՝ Կարինե Նաղդալյանը: Վերջինս էլ հեռուստաեթերից էր իմացել Արմեն Սարգսյանի ազատ արձակվելու մասին: Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանով ՀՀ նախագահը հայտարարել էր, որ ինքը ոչ թե ներում է շնորհել Ա. Սարգսյանին, այլ կրճատել է պատիժը կրելու ժամկետը: Կարինե Նաղդալյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն՝ պահանջելով իրեն տրամադրել Արմեն Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին փաստաթղթերի փաթեթը: Սակայն ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարից ստացել է պատասխան, որում ընդամենը հայտնվում էր կատարվածի մասին: Կ. Նաղդալյանը դիմել էր նաեւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով, որ իրեն տրամադրեն վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատարանի վճիռը: Վճիռը տրամադրվում է եւ այդ վճռից տեղեկանում են, որ 2003թ. 15 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Սարգսյանին 2008թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի ՆՀ-235-Ա հրամանագրով ներում է շնորհվել, պատժաչափի չկրած մասը կրճատվել է 6 տարի 6 ամիս ժամանակով եւ թողնվել է նրան կրելու ազատազրկում՝ 8 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրօրի 69 հոդվածի 3-րդ մասի համաձայն, հաշվակցվել է 5 ամիս 18 օրը, Ա. Սարգսյանին պատժաչափից մնացել է կրելու 2 տարի 6 ամիս 17 օր: Դատարանը նաեւ հաշվի էր առել «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդագիրը, Ա. Սարգսյանի՝ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին մասնակցությունը, «Երկրապահի» հուշամեդալով պարգեւատրվելը:

Տուժողի իրավահաջորդը «Առավոտի» հետ զրույցում հարցրեց. «Սահմանների պաշտպանությանը մասնակցելը եւ «Երկրապահի» հուշամեդալն արդեն իսկ հաշվի էր առնվել նրան 15 տարով ազատազրկելիս: Քանի՞ անգամ է դա հաշվի առնվելու»:

Կ. Նաղդալյանի կողմից նախագահի ՆՀ-235-Ա հրամանագրի փնտրտուքն էլ արդյունք չի տվել: Նրան չի հաջողվել գտնել այդ հրամանագիրը: Այն «հայտնաբերվել» է միայն Մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց հետո:

Փաստաթղթերը ստանալու համար տուժողի իրավահաջորդը ստիպված դիմել էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, վերջինս էլ դիմումը մակագրել էր արդարադատության նախարարին: Նախարարությունից Կ. Նաղդալյանին պատասխանել են, որ արդեն իսկ պատասխանել են նրա հարցադրումներին՝ իրենց իրավասության սահմաններում: «Եթե արդարադատության նախարարության իրավասության սահմաններում չէ ինձ փաստաթղթեր տրամադրելը, ապա ինչո՞ւ է վարչապետը մակագրում նրանց»,- հարցնում է տիկին Նաղդալյանը: Իսկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանին երկրորդ անգամ դիմելուց հետո տուժողի իրավահաջորդը ստացել է մի գրություն, որով հայտնվում է, որ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դատարանի 2008թ. սեպտեմբերի 10-ի որոշման պատճենն արդեն տրամադրվել է, իսկ «ինչ վերաբերում է նյութերի տրամադրմանը, ապա դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49 գլխի ու ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 19 գլխի համապատասխան հոդվածներով եւ նյութերի տրամադրումը Ձեզ՝ գործող օրենսդրությամբ սահմանված չէ»:

Կ. Նաղդալյանը գտնում է, որ խախտվել են ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քրեական եւ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված մի շարք իրավունքները: «Օրենքը սահմանում է, որ 15 տարվա դատապարտվածը վաղաժամկետ ազատ արձակվելու համար կարող է դիմել միայն պատժի երկու երրորդը, այս դեպքում՝ 10 տարի, կրելուց հետո, օրինակելի վարքագիծ դրսեւորելու եւ արածը զղջալու դեպքում, այն էլ միայն տուժողի համաձայնությամբ: Բայց մեր դեպքում այս ամենը անտեսվել է եւ առավել ծանր հանցագործության համար դատապարտվածը ընդամենը 5 տարի 6 ամիս հետո հայտնվում է ազատության մեջ: Ընդամենը 6 օրվա ընթացքում կարողացան անկախ կոչվող հանձնաժողովով, վարչական դատարանով մարդասպանին ազատել, իսկ 8 ամսվա ընթացքում ինձ մերժում են տրամադրել դրանց հիմքերը, վկայակոչելով օրենսգիրքը, բայց մոռանում են, որ օրենքը չի արգելում դրանց տրամադրումը»,- ասաց Կարինե Նաղդալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել