Օրաթերթի դեմ դատական գործընթացը շարունակվում է
Քոչարյանի որդու ներկայացուցիչները:Օրաթերթի ներկայացուցիչը:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում է թերթի հրապարակումը՝ թերթից պահանջելով 16 մլն 200 հազար դրամ: Երեկ Քոչարյանների շահերի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի հետ նախագահի որդու շահերը ներկայացրեց նաեւ Սարգիս Գրիգորյանը:
Ի դեպ, նրանք չառարկեցին լրատվամիջոցների կողմից դատական նիստի տեսանկարահանմանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից լիազորված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Աթանեսյանը հանդես եկավ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Նա հրապարակեց գրավոր միջնորդությունը, ըստ որի, հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, Տ. Աթանեսյանն ասաց, որ մեկ այլ՝ Վլադիմիր Կարապետյանի գործով, որը նախագահել է նույն այս դատավորը, ինքը դիմել է արդարադատության խորհուրդ: Փաստաբանի խոսքերով, դատավորը կանխակալ վերաբերմունք ունի իր նկատմամբ, չի կարող անաչառ լինել այս գործով նույնպես:
Հայցվոր կողմը խնդրեց կես ժամ ժամանակ՝ միջնորդության վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու համար: Դատավորը բավարարեց այն, նրանց տրամադրելով, սակայն, 10 րոպե: Լեւոն Քոչարյանի ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը, չգիտես ինչու, շնորհակալություն հայտնեց դատավորին: Նա ասաց, որ պատասխանող օրաթերթը չի տրամադրել փաստեր, հանգամանքներ, որոնք կարող են «ողջամիտ կասկածներ» հարուցել դատավորի կանխակալության մասին: «Պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների չենք տիրապետում, Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ներկայացվել է Արդարադատության խորհուրդ դիմում, սակայն ավարտը չկա, կողմնակալության վերաբերյալ տեղեկություններ չունենք»,- ասաց նա:
Դատարանը լսելով կողմերին, ընդհատեց դատական նիստը:
Գործի քննությունը կշարունակվի այսօր, եթե դատավորը բացարկը ընդունած չլինի: