Աշխատանքի տեղավորման գործակալությունները մարդկանց հուսախաբ են անում ու գումարներ կորզում
Գրեթե ցանկացած աշխատանքի տեղավորման գործակալություն զանգելիս, պատասխանողը, որը, որպես կանոն, միշտ լինում է հաճելի ձայնով ու քաղաքավարի խոսող երիտասարդ աղջիկ, վարդագույն գույներով է ներկայացնում իրենց գործակալության «ձեռքի տակ» եղած աշխատատեղերը: Ընդ որում, աշխատակցուհիների մեծ մասը պատկերացնելի բոլոր տարբերակներով ձգտում է զանգած պոտենցիալ հաճախորդին ֆիզիկապես բերել-հասցնել գործակալություն, քանի որ, ըստ էության, քաղաքացու՝ գործակալություն ներկայանալն արդեն իսկ «գործի» կեսն է: Իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:
Ապա սկսվում է 2-րդ փուլը՝ 2000 կամ 3000 դրամների «կորզումը», նախատեսված ինչ-որ աշխատանք առաջարկող կազմակերպության հասցեն՝ գործակալության կողմից համապատասխան ուղեգրի հետ տրամադրելու դիմաց: Եվ եթե գործազուրկին բախտը ժպտում է, եւ նա կարողանում է «գործուղված» աշխատավայրում բարեհաջող դրսեւորվել, ապա առաջին ամսվա աշխատավարձից նա պարտավոր է «իր» գործակալությանը որոշակի գումար փոխանցել՝ 20, ավելի հաճախ՝ 30%-ի չափով:
Այժմ փորձենք հանրագումարի բերել այդ գործակալությունների ֆինանսական եկամուտների վերոնշյալ աղբյուրները՝ հասկանալու համար դրանց գործունեության հնարավոր շարժառիթները: Գործակալությունները 2 ճանապարհով են քաղաքացիներից գումարներ գանձում՝ աշխատավայրի հասցեն եւ գործակալության կողմից հատկացվող ուղեգրի դիմաց տրվող 2000 կամ 3000 դրամները եւ աշխատանքի տեղավորելու դեպքում՝ առաջին ամսվա աշխատավարձից տոկոս հատկացնելը: Եվ եթե հաշվի ենք առնում քաղաքացիների գրպանի հաշվին ստացվող եկամուտներն ու դրանք համադրում գործակալությունների բազմաքանակության հետ, ապա մնում է ենթադրել, որ դա բիզնեսի միջոց է որոշ անհատների համար:
Այսօր գրեթե բոլոր մասնավոր հեռուստաալիքները ողողած վազող տողով տրվող հայտարարությունները «խոսում» են սոսկ մեկ բանի մասին, հեռուստադիտողին ամեն գնով հրապուրել դեպի գործակալություն: «Իրենց քրտինքով» վաստակած գումարներն էլ այնքան են շատացել, որ գործակալությունների տերերը կարողանում են կատարել բոլոր վճարումները՝ աշխատակիցների աշխատավարձերը, կոմունալ, հեռախոսային, էլեկտրականության, հիմնականում վարձակալությամբ վերցրած աշխատասենյակի ծախսերը, պետական այլեւայլ մուծումները եւ այլն: Աշխատանքի տեղավորման գործակալություններից դժգոհողների թիվը գնալով ավելանում է:
Եվ եթե այսուհետեւ էլ այս «պարարտացող» համակարգին անհրաժեշտ պետական ուշադրություն չդարձվի եւ ոլորտը չկարգավորվի, ապա աշխատանքի տեղավորման գործակալությունները, ըստ էության, կշարունակեն աշխատանքով ապահովել ոչ թե իրենց դիմած մարդկանց, այլ իրենք իրենց՝ տնօրինությանն ու աշխատակիցներին: Ընդ որում՝ գործազուրկ քաղաքացիների հաշվին: