Չնայած այդ մասին համառ լուրերին
Այսուհետեւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդները, այցելելով մոտակա վաճառակետ, հնարավորություն կունենան վերալիցքավորել իրենց քարտը նախընտրած գումարի չափով՝ սկսած 50 դրամից:
Նոր ծառայությունը կոչվում է «Լիցք»: Քարտը վերալիցքավորելու համար բաժանորդը պետք է վաճառակետում լրացնի հատուկ ձեւաթուղթ՝ նշելով վերալիցքավորվող խոսելաժամանակի գումարի չափը եւ կատարելով համապատասխան կանխիկ վճարում ու խոսի իր հեռախոսով: Այս մասին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նախքան բուն թեմային անցնելը, նա լրագրողներին ասաց. «Սա առաջին անգամ է, որ ասուլիս ենք կազմակերպում մեր տան մեջ: Կարծում եմ, որ պետք է ամիսը մեկ անգամ այստեղ հանդիպենք, որպեսզի կարողանանք տեղյակ պահել ձեզ մեր ընկերության բոլոր նորությունների մասին»: Անդրադառնալով նոր ծառայությանը՝ պարոն Յիրիկյանն ասաց. «Այս ծառայությունը իրենից ներկայացնում է նոր մոտեցում, նոր ճկունություն կանխավճարային քարտ ունեցող բաժանորդների համար, որոնք ցանկանում են վերալիցքավորել իրենց հաշիվը: Վերալիցքավորում կատարելու համար բաժանորդները գնում էին պլաստիկ քարտ, կոդը ջնջում, այն մուտքագրում հեռախոսի մեջ ու լիցքավորում հաշիվը: Հիմա նրանք կարող են «Լիցք» նոր ծառայության միջոցով մտնել որեւէ խանութ, որտեղ վաճառվում են մեր լիցքավորման քարտերը, եւ 60, 200 կամ 340 դրամով լիցքավորել իրենց հաշիվը: Բացի այդ, ստիպված չեն լինի կոդ ջնջել: Պետք է ասեմ, որ դա բոլորովին էլ չի նշանակում, որ շուկայից դուրս են գալիս պլաստիկ քարտերը: Մենք միայն հատկացնում ենք այլընտրանք: Այս պահին մենք այս մոտեցումը փորձում ենք Երեւանում, շուտով կլինի նաեւ հանրապետության բոլոր վայրերում»: «Առավոտի» այն հարցին, թե նոր ծառայությունից օգտվելու դեպքում կավելանա՞ կանխավճարային բաժանորդների քարտի օգտագործման ժամկետը, նա պատասխանեց. «50-199 դրամով լիցքավորելու դեպքում ժամկետը չի ավելանալու, 200-299 դրամի դեպքում՝ 2 օր կավելանա, իսկ դրանից ավելի գումարի դեպքում՝ ժամկետները կավելանան ըստ գումարի չափի»: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինչքանո՞վ կնվազի իրենց եկամուտը «Լիցք» ծառայության արդյունքում, «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրենն ասաց. «Ես չեմ կարող հիմա ասել, թե ինչքան կպակասեն եկամուտները: Ամիսներ հետո կերեւա»:
Այն դիտարկմանն էլ, թե համառ լուրեր են պտտվում, որ պարոն Յիրիկյանը լքելու է իր պաշտոնը, վերջինս պատասխանեց. «Ես առաջին անգամ լսում եմ ձեզնից: Ավելի ճիշտ, այդ լուրերը շրջանառվում են շատ վաղուց: Շատ մարդիկ ասում էին, որ նա չի դիմանալու Հայաստանում, չի ստացվելու բիզնեսը, սակայն ես շատ ուրախ եւ հպարտ եմ, որ իմ երկրում ղեկավարում եմ նման ընկերություն: Մարդիկ ազատ են ու կարող են արտահայտվել՝ ինչ ուզում են»: Անդրադառնալով 3-րդ սերնդի բարեփոխումների՝ 3G-ի ներդնելու առաջինը լինելու հարցին, նա ասաց. «Ես ուզում եմ հաստատել, որ միանշանակ առաջինը նրանք էին: Մենք չենք ասում՝ ոչ: Իրենք այդ ցանցը ներդրել են Երեւանում: Մենք էլ հպարտ ենք, որ մեկնարկելով այդ աշխատանքները անցյալ տարվա վերջում, ապրիլ ամսին արդեն 3 խոշոր քաղաքներում ենք ներդրել՝ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր, հնարավոր է այստեղ է շփոթություն առաջացել: Ասեմ, որ ուզում ենք այս գործընթացն ավարտել մինչեւ այս տարվա վերջը, եւ հանրապետության բոլոր մարզրերին հասանելի է լինելու 3G-ն»: Հիշեցնենք, որ «ՎիվաՍելլը» հայտարարում էր, որ 3G-ն առաջինն ինքն է ներդրել: Այս հարցը վիճարկում էր մյուս բջջային օպերատորը՝ «ԱրմենՏելը»:
Պատասխանելով այն հարցին էլ, թե ընկերության առաջին եռամսյակի եկամուտները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կրճատվե՞լ են, պարոն Յիրիկյանն ասաց. «Այո, ավելի քիչ է, բայց մենք չշտապենք եզրակացություններ անել եւ սպասենք՝ տեսնենք հետագա ամիսներին ինչ կլինի: Չմոռանանք նաեւ, որ առաջին եռամսյակը լինում է, ժողովրդի լեզվով ասած, ամենաքյասիբը: Հիմա մի քիչ աշխուժություն կա, սպասենք՝ տեսնենք տարվա վերջ ինչ է լինում: 2008-ի 4-րդ եռամսյակում եկամուտների 12,5-13% նվազում ենք ունեցել: Հիմա մի քիչ կփոխվի իրավիճակը: Չմոռանանք նաեւ, որ ճգնաժամն ամեն գնով ուզում է գրավել այս աթոռը (նկատի ունի իր աթոռը- Ա. Խ.), պետք է տանենք նրան ուրիշ տեղ նստեցնենք ու մենք մնանք մեր աթոռին»: Խոսելով ընկերության աշխատակիցների հնարավոր կրճատման մասին, նա ասաց, որ իրենց մոտ ոչ մի կրճատում չի լինի. «Միայն որոշ աշխատանքներ կատարելու համար մենք համապատասխան ժամանակով պայմանագիր ենք կնքում: Օրինակ բերեմ, հիշո՞ւմ եք, որ հանձնաժողովը որոշեց, որ պետք է գրանցենք կանխավճարային բաժանորդներին, այն ժամանակ մեր ռեսուրսները չէին բավարարում եւ մենք լրացուցիչ ուժեր ներգրավեցինք, 6 ամսով մարդկանց հետ պայմանագիր կնքեցինք, ժամանակը լրանալուց հետո մենք նրանց հետ եղած պայմանագիրը չնորոգեցինք: Դա չի կարող աշխատանքային պայմանագրի լուծարում դիտարկվել: Մենք ունենք 1200 ընտանիքի անդամ, ես որպես ընտանիքի հայր, պատասխանատվությամբ եւ հավասար աչքով եմ նայում բոլորին եւ կրկին ասում եմ, որ ոչ մեկը չի կրճատվելու»: