Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՓԱԽՈՒՍՏ

Մայիս 22,2009 00:00

Պարզվում է, սակայն, որ տերեւաթափը միայն աշնան բաժինը չէ, այլ նաեւ՝ գարնան, երբ մայիսյան ծառերից ընկնում են նորածիլ, սակայն արդեն դեղնած տերեւներ՝ թափվելով ոչ միայն քո գլխին, սեղանին, դիմացինիդ վրա, նաեւ քո սուրճի բաժակի մեջ: Ոչ, խոսքը նախորդ աշնանից մնացած տերեւների մասին չէ, այլ արդեն մայիսին դեղնած տերեւների, այսինքն թե՝ որոնք ի սկզբանե ծերացած էին ծնվել, ինչպես որ իմ կյանքում ճանաչել եմ շատ մարդկանց, ովքեր պատանեկության տարիներից իսկ արդեն ծեր էին: Չգիտեմ՝ ի՞նչ է սա, առնչություն է խորհրդավորին կամ անհայտի՞ն, թե՞ անձրեւից առաջ զգալ, բայց չճանաչել անմտածելին, որը կարծես թե դրախտի դուռն է: Հատկապես, որ անձրեւն այդպես էլ չեկավ, թեեւ ծիծեռնակները շարունակում էին ցածր թռչել: Եվ ի՞նչ էր այն, որ տեսա, դիպվա՞ծ, թե՞ բացառություն, որը մեզանից թաքուն ուղղորդում է մեր օրն ու կյանքը: Եվ ես դարձյալ ու նորից հասկացա, որ չկա ժամանակ, կա միայն շարժում, եւ շարժումով է, որ չափվում է ժամանակը: Ու տարօրինակորեն մեր կյանքի ժամանակը եւ ժամանակը բոլոր կյանքերի սկսեց չափելի դառնալ, երբ այն մարդը, այսինքն թե՝ մեր նախահայրերը չափել սկսեցին…

Չգիտեմ՝ Հոմերոսը ի՞նչ է ապրել, երբ ձեւակերպել է Ոդիսեւսին, ինչպես նաեւ չգիտեմ, թե ինչ է ապրել Չարենցը, երբ գրել է Մահվան տեսիլը: Միայն կարող եմ հաստատ ենթադրել, որ երկուսի անհայտ թվացող հուշարարն էլ հետքաոսյան նախասկիզբն է: Ու մի օր եղավ այնպես, որ Հոմերոսի հերոսը իր թափառումների ընթացքում հայտնվեց երկրային դրախտում եւ փախավ այնտեղից, իսկ Չարենցի հերոսը ինքնակամ փախավ կյանքից ու գնաց կախաղան բարձրանալու: Զարմանալին այն է, որ երկուսի վարքն էլ հանուն էր, մեկը փախավ դրախտից, որ հասնի իր հայրենիք ու իր տուն, մյուսը հանուն հայրենիքի փրկության գնաց կախաղան, այսինքն թե՝ մեկը իր մահով ուզում էր փրկել, մյուսը իր վերադարձով՝ հաստատել: Հիմա երբեմն ինձ թվում է, որ օրեր կան, որոնք չունեն կենսագրություն, չի բացառվում, որ ես սխալվում եմ, պարզապես մտածում եմ, որ դրանք այն օրերն են, որոնք սպասում են գալիք օրվան, որը մերժում է կախաղանի ճանապարհը եւ ընդունում փախուստը դեպի տուն, դեպի հայրենիք… Այսօր մեր այդ օրն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել