«ԱրմենՏելի» նորանշանակ տնօրեն Իգոր Կլիմկոն շատ կարճ ժամանակահատված է, ինչ գտնվում է Հայաստանում, բայց արդեն իրեն բնիկ հայաստանցի է զգում: Նա այս մասին երեկ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Անկեղծ ասեմ, այստեղ ինձ հարմարավետ եմ զգում, ինձ բնիկ հայաստանցի եմ զգում, այնպես որ, ինձնից այդքան հեշտությամբ չեք ազատվի: Ես մեծ ծավալի շահույթ եմ սպասում Հայաստանում»: Ի. Կլիմկոյի վստահեցմամբ՝ վերջին 2 շաբաթների ընթացքում շատ լարված աշխատել է. այցելել է «ԱրմենՏելի» գրասենյակներ, ինչից հետո հայտնաբերել է, որ բաժանորդների սպասարկման որակը անբավարար մակարդակի վրա է. «Ես ուզում եմ, որ մեր վաճառակետեր այցելելիս մարդկանց հաճելի լինի, ուզում եմ, որ այդ մարդկանց ժպտալով ընդունեն, եւ դա այն է, որի վրա ես հիմնական ուշադրություն պետք է դարձնեմ»: Իսկ լրագրողների այն արձագանքին, որ թեկուզ առանց ժպիտի բարձրորակ ծառայություններ լինեն, Ի. Կլիմկոն նշեց. «Այս օրերի ընթացքում ես պարզել եմ, որ այստեղ ծառայությունների որակը բավական բարձր մակարդակի վրա է»:
ԱՊՀ երկրներում բիզնեսի գծով «Վիմպելկոմի» գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսի խոսքերով էլ՝ իրենց առջեւ շատ խնդիրներ են դրված, սակայն առաջնային խնդիրը միջազգային մասշտաբով ծառայություն դառնալն է, մյուս խնդիրը ընկերության աշխատանքի արդյունավետությունն է, ֆինանսական ռեսուրսների ավելացումը եւ, վերջապես, պարտքերի մարումը: Լրագրողների այն հարցին էլ, թե ֆինանսական ռեսուրսների ավելացումն ուղղված է լինելու «Beeline»-ի պարտքերի մարմա՞նը, Դ. Պլեսկոնոսը պատասխանեց. «Ոչ, ստացված ֆինանսական շահույթը չի ուղղվելու Ռուսաստանում պարտքերի մարմանը: Այո, մեր ընկերությունների խումբն ունի որոշակի խնդիրներ, որոնք լուծելու ենք խմբի բոլոր ընկերությունների հաշվին, բայց ոչ թե ի վնաս ինչ-որ ընկերության, այլ բոլորի հաշվին»: