Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ «ՏԵՌՈՐ» ԱՆԵԼ

Մայիս 22,2009 00:00

\"\"ԱԺ-ում քննարկվող «Հարկերի մասին» օրենքի նախագիծը պատգամավորները որակեցին որպես հակատնտեսական եւ նույնիսկ՝ հակապետական:

Ազգային ժողովում երեկ քննարկվող օրինագծերից ամենաբուռն արձագանքը, ինչպես եւ սպասվում էր, ստացավ կառավարության նախաձեռնած «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Դեռեւս նախօրեին մի քանի բիզնեսմեն պատգամավորներ դեմ էին արտահայտվել այս օրինագծին: Նրանցից ոմանք խիստ վիրավորված էին, քանի որ այդ օրինագծով նախատեսվում է, որ հարկային տեսուչը, առանց զգուշացման, իր սրտի ուզած պահին կարող է մտնել ցանկացած տնտեսվարողին պատկանող ընկերություն եւ ստուգումներ իրականացնել: Մասնավորապես, հարկային տեսուչը իրավասու է վերահսկել, որ հանկարծ տվյալ ընկերությունը աշխատակիցների քանակը հարկայինից չթաքցնի, բոլորին գրանցի ու սոցվճարումներ կատարի, բացի այդ, տեսուչը պետք է հսկողություն իրականացնի ապրանքների դրոշմավորման, առաքման, իրացման ծավալների եւ գների գրանցման նկատմամբ, ինչպես նաեւ վերահսկի կանխիկ դրամով կատարվող գործարքները, փաստաթղթաշրջանառությունը եւ այլն: Մի խոսքով, ինչպես երեկ լրագրողներին հայտարարել է ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը՝ «տեղական արտադրողների մոտ պատրաստվում են լրտես ուղարկել»:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է «մարդ նշանակել» այն ընկերություններում, որոնք ունեն 500 եւ ավելի աշխատակից եւ որոնց հասույթը գերազանցում է 4 մլրդ դրամը:

Երեկ ելույթ ունեցած պատգամավորներից ոչ մեկը նախագծին կողմ չարտահայտվեց: Պատճառը միայն այն չէր, որ նրանցից ոմանք խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են, այլ նաեւ այն, որ, օրենսդիրների կարծիքով, ճգնաժամի պարագայում մեր կառավարությունը որոշել է «տնտեսական տեռոր» անել: Եվ որքան էլ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը փորձում էր պատգամավորներին համոզել, որ այս կամ այն ընկերությունում նշանակված հարկայինի աշխատակիցը ոչ թե խոչընդոտելու է գործարարին, այլ ընդհակառակը՝ «միայն օժանդակելու է, որպեսզի տնտեսվարողները հարկային պարտավորությունները ճիշտ կատարեն», վերջիններս այդպես էլ չհամոզվեցին: Մասնավորապես, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին վրդովեցրել էր, թե «ինչպե՞ս կարող է հարկային մարմնի ներկայացուցիչը անարգել մուտք գործել, ինչպես օրենքում է նշված՝ հարկատուի գտնվելու վայրը: Դա նշանակում է, որ այդ ներկայացուցիչը կարող է մուտք գործել հարկ վճարողի տուն, եթե նա այդ պահին գտնվում է իր տանը: Այս դրույթը խախտում է մարդու իրավունքները»:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Վարդանյանին էլ այլ բան էր մտահոգում. «Ես կողմ եմ, որ խոշոր հարկատուն պարտադիր պետք է վերահսկվի, բայց ոչ թե այս ձեւով եւ այս մարմիններով, այսօրվա մեր վարչապետի ասածով եմ ասում՝ հարկային եւ մաքսային մարմինների 2 հազար կաշառակերներով: Դուք չընդունեցիք մեր առաջարկները այս նախագծի վերաբերյալ, ոնց որ այն առաջ կար՝ մի թեթեւ «մակիաժ» արեցիք ու վերջ: Սա աբսուրդ է, սա տնտեսությունը վերահսկելու կոմունիստական ոճ է: Ով որ գրել է այս նախագիծը, նա ուզում է վերադարձնել ՕԲԽՍ-ի սովետական տարիները: Այս կերպ մեր 10-12 տարվա տնտեսական աճը կարող ենք մի տարում այնպես ջնջել ու քանդել, որ էլ չկարողանանք վերականգնել: Ես ձեզ վստահում եմ, բայց վերահսկող մարմիններին չեմ վստահում»: Պարոն Վարդանյանը առաջարկեց ստեղծել առանձին, անկախ վերահսկող պետական մարմին, որը կենթարկվի անմիջապես երկրի նախագահին կամ վարչապետին, «ոչ թե հարկային եւ մաքսային կոմիտեին եւ այնտեղի կաշառակերներին»: Ըստ Կ. Վարդանյանի, այս «տնտեսական տեռորով չենք կարող մեր սփյուռքահայ ընկերներին ու արտասահմանցիներին համոզել, որ գան ու Հայաստանում ներդրումներ անեն»: Ու որպեսզի մի քանի տարի հետո իրեն չմեղադրեն «հիմար օրենքը անցկացնելու» համար, նա ի լուր բոլորի հայտարարեց. «Ոչ մեկը չի կարող այս նախագծին կողմ լինել, եթե ուզում է մեր տնտեսությունը աճ ունենա եւ չքանդվի: Սա հակապետական, հակատնտեսական մոտեցում է»: Սրան ի պատասխան, պարոն Կարայանը մխիթարեց պատգամավորին, որ վարչապետի հայտարարելուց հետո, հարկային եւ մաքսային համակարգից շատ մարդիկ են հեռացվել, եւ համակարգը հնարավորինս մաքրվել է կաշառակերներից:

ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն էլ խնդրեց պարոն Կարայանին ասել, թե ո՞ր գերատեսչությունն է հղացել այս օրինագծի փայլուն միտքը, եւ, բացի այդ, «շատ հաճախ մի փոքր ստորակետն անգամ դուք տանում եք Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելու: Այս նախագիծը բոլոր լիբերալ օրենքներին, ամենաազատական մտածելակերպ ունեցող մարդու սկզբունքներին հակասող օրինագիծ է»: Ա. Նռանյանը իր ելույթում նաեւ մեղադրեց պարոն Կարայանին՝ պատգամավորներին «ֆռռացնելու» մեջ: Դիմելով փոխնախարարին, նա ասաց. «Դուք տնտեսական հարցերի հանձնաժողովում խոստացաք ընդունել այս օրինագծի վերաբերյալ մեր առաջարկությունները, սակայն պատգամավորները գրավոր ներկայացրին դրանք, բայց դուք մերժեցիք: Մենք համոզված էինք, որ դրանք չեք ընդունելու, որովհետեւ մեր առաջարկությունները կոսմետիկ չէին, այլ սկզբունքային էին: Դուք փաստորեն թյուրիմացության մեջ գցեցիք պատգամավորներին եւ «ֆռռացնելու» միջոցով հաջողության հասնելու փորձ արեցիք»:

ԱԺ պատգամավոր, անկուսակցական Սամվել Բալասանյանն էլ իր ելույթում նշեց, որ այս օրինագիծը հասարակության մեջ այնպիսի տպավորություն է ստեղծում, թե «խոշոր հարկատուները հանցագործներ են», մինչդեռ նրանք են բյուջեի հարկերի մեծ մասը ապահովում: Բացի այդ, պարոն Բալասանյանը մտահոգություն ուներ, որ հարկային տեսուչը կարող է իր կամքից անկախ, ոչ միտումնավոր ինչ-որ սխալ գործել, որն էլ տնտեսվարողի համար ֆինանսական մեծ տուգանքներ եւ տույժեր կառաջացնի:

Պատգամավորներից ոմանց էլ անհանգստացնում էր այն, որ այս նախագիծը «զարկ կտա կոռուպցիային»: ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե «ինչպե՞ս պետք է հարկայինի վերահսկող աշխատակիցը կարողանա իր աշխատավարձով հակազդել խոշոր բիզնեսի հմայքին»: Պարոն Կարայանը պատասխանեց, թե «նախատեսում ենք ընտրել մեջներից լավագույն հարկային տեսուչներին, եւ նրանց համար հարկայինի ֆոնդից խրախուսման գումար հատկացնել, բացի այդ, կփորձենք այնպիսի վարձատրության մեխանիզմներ ներդնել, որ շատ շուտ չհրապուրվեն»: Տիկին Նաղդալյանն էլ թերահավատորեն հարցրեց. «Պրեմիան ոտի վրա նո՞ր հնարեցիք, թե՞ նախատեսել էիք»:

«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանին այս օրինագիծը մի անեկդոտ հիշեցրեց. «Հիվանդը գնում է բժշկի մոտ եւ ասում է. բժիշկ, մատս դնում եմ ոտքիս՝ ցավում է, դնում եմ գլխիս՝ ցավում է, ի՞նչ անեմ: Բժիշկը քննում է հիվանդին ու պարզում, որ պարզապես մատն է մատնաշունչ»: Այսինքն, ըստ պատգամավորի, խնդիրը ոչ թե խոշոր բիզնեսի, այլ` հարկայինի ներսում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել