Թե՞ հնարավոր է, որ այն առաջարկի «Ժառանգությունը»
Երեկվանից թափուր է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին դիմումը մայիսի 21-ից համարվեց ընդունված, քանի որ այն պաշտոնապես հրապարակվելուց 3 օր անց նա հետ չվերցրեց դիմումը: Ինչպե՞ս է ՀՅԴ-ն տնօրինելու այս թափուր աթոռը: Սկզբնապես լուրեր կային, թե այն առաջարկվելու է ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանին: Հետո լուրեր տարածվեցին, թե հանձնաժողովի նախագահ կրկին կդառնա Վահան Հովհաննիսյանը, որն ավելի վաղ էլ է ղեկավարել այդ հանձնաժողովը, իսկ Հրայր Կարապետյանը նրա փոխարեն կստանձնի ՀՅԴ խմբակցության ղեկավարի պաշտոնը: Եվ վերջապես՝ երեկ էլ լուր տարածվեց, թե ՀՅԴ-ն այդ պաշտոնը կառաջարկի ընդդիմադիր մյուս խմբակցությանը՝ «Ժառանգությանը»: Հիշեցնենք, որ մայիսին իր մի ասուլիսում Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն էր հայտնել հրաժարվել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից՝ հօգուտ «Ժառանգության»:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր հարցին, թե որոշակիացրե՞լ են՝ ո՞ւմ են վստահելու այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ ասաց. «Կոալիցիայի մեջ եղած ժամանակից ես համարում եմ մեր կարեւոր ձեռքբերումներից մեկը, որ պահանջեցինք ընդլայնել ընդդիմության դաշտը, եւ դա տեղի ունեցավ: Ուստի մենք անպայման պահելու ենք այդ դաշտը: ՀՅԴ միջոցով սա մտնելու է որպես նոր մշակույթ, որ ընդդիմությունն անպայման պիտի ունենա իր հատվածը ղեկավարման, պաշտոնների բաշխման մեջ: Ուստի այդ առումով ես վստահ եմ, որ մենք կգտնենք լավագույն լուծումը, թե ով կփոխարինի Արթուր Աղաբեկյանին»: Ճշտմանը, թե ՀՅԴ խմբակցությունի՞ց են ընտրություն անելու՝ պատասխանեց. «Այո՛, քանի որ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», որքան ինձ հայտնի է՝ այդ խմբակցությունը չի փոխել իր տեսակետը: Լինելով կոալիցիայի մեջ՝ մենք «Ժառանգությանն» առաջարկել էինք, որ ստանձնի մի հանձնաժողովի ղեկավարի պաշտոն, սակայն նրանք դրանից հրաժարվեցին: Եթե իրենք փոխեն այդ տեսակետը՝ դա բոլորովին այլ հարց է: Մենք չենք համարում, որ այս պաշտոնն անպայման պիտի լինի Դաշնակցությանը, այլ գլխավոր հարցն այն է, որ պիտի լուծվի ընդդիմության դերակատարություն ունենալու խնդիրը: Բայց քանի որ «Ժառանգությունը» հրաժարվել է եւ որեւէ հակառակ հայտարարություն մինչ օրս չի արել՝ մենք էլ չենք ուզում, որ ընդդիմության այդ դաշտը նորից պակասի: Եվ միակ տարբերակը մնում է, որ ՀՅԴ-ն պահպանի այդ պաշտոնը»:
Հ. Գ. Արմեն Ռուստամյանի հարցազրույցն ավագանու քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ կարդացեք վաղվա համարում: