Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայիս 22,2009 00:00

\"\"ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ըմբռնումով է մոտենում ՀՀԿ-ԲՀԿ ընդհարումներին

Արտաշատում բախումների մասին

Արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե մայիսի 20-ին Արտաշատում ծեծուջարդ է եղել, որի ընթացքում ծեծի են ենթարկվել նաեւ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները՝ ԱԺ նախագահը երեկ ասաց. «Իրականությանը չի համապատասխանում: Հերթական սուտն է: Հերթական հերյուրանքն է»:

«Առավոտի» հիշեցմանը, թե այս միջադեպի նախապատմությանն, այնուամենայնիվ, մասնակցել էր իր եղբոր որդին՝ պրն Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Նա կապ չունի: Ինքը հիմա այստեղ էլ չի՝ Դուբայում է»: Իսկ մայիսի 20-ին Արտաշատում կատարվածի մասին ասաց. «Այդ երիտասարդները դատարան են գնացել՝ որոշումները վերցնելու, դուրս են եկել ու իրենք՝ մեծ թվով մարդիկ, հարձակվել ու ծեծի են ենթարկել: Հիմա ոստիկանությունը կզբաղվի, իրականությունը կճշտի, մեղավորներին կպատժի: Բայց սա մեզ հետ կապ չունի ընդհանրապե՛ս»:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության ստացած ահազանգի՝ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ «ՀայՌուսգազարդ» ընկերության Արտաշատի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ նրա եղբայր Մկրտիչ Ղազարյանը, մի քանի այլ անձանց հետ, շուրջ 10 րոպե հայհոյել ու ծեծի են ենթարկել 6 հոգու: Ղազարյաններն ու մյուսներն այժմ հետախուզման մեջ են: Իսկ Հովհաննես Ղազարյանին մայիսի 20-ին ազատել են աշխատանքից:

Կատարվածի վերաբերյալ հարցեր ուղղեց նաեւ «ՉԻ» թղթակիցը, որն ավելի ուշ էր միացել զրույցին, եւ նրան պատասխանելով՝ Հովիկ Աբրահամյանն արեց հավելյալ մեկնաբանություններ. «Քաղաքական ոչ մի դեպք չի եղել, ուղղակի ծեծկռտուք է եղել… Սա որեւէ կապ չունի ԱԺ նախագահի թիկնազորի հետ: Ուղղակի լրագրողները միշտ չէ, որ իրականությունն են ցանկանում ներկայացնել կամ ներկայացնում են: Միշտ փորձում են ինչ-որ ձեւ տալ, որպեսզի ավելի հետաքրքիր լինի»: Պնդեց, թե Հովհաննես Ղազարյանի հետ իր հարաբերությունները շատ նորմալ են եղել. «Հիմա չեմ տեսել ահագին ժամանակ, չենք հանդիպել՝ գործի բերումով: Բայց լարվածություն չի կարող լինել ԱԺ նախագահի եւ մի տնօրենի միջեւ»: «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե իր եղբոր եւ Հովհաննես Ղազարյանի ընտանիքների միջեւ կա՞ լարվածություն՝ պատասխանեց. «Ես չեմ նկատել կամ որտեղի՞ց իմանամ»: «ՉԻ»-ի պատասխանին, թե կրակում են իրար վրա՝ այսպես արձագանքեց, որ նման լարվածություն ավելի շատ թերթերն են փորձում ներկայացնել. «Հիմա իմ թիկնապահներն ԱԺ-ում են, չէ՞: Գնացեք՝ տեսեք, թե ում են ծեծել: Բոլորն այստեղ են»: Այդ թիկնապահներից 2-ին տեսել էինք մինչ այդ, քանի որ փնտրում էին հրապարակումներից մեկի հեղինակին: Եվ արտաքուստ ծեծի հետքեր իրոք չկային:

ՀՀԿ-ԲՀԿ բախումների մասին

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով քարոզարշավի ընթացքին եւ մասնավորապես վերջին օրերին արձանագրված ծեծկռտուքներին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ակտիվությունը մեծ է, եւ դա հասկանալի է: Ես գտնում եմ՝ մենք ամեն ինչ պետք է անենք, որպես իշխանություն, որպեսզի նման դեպքեր չարձանագրվեն: Իհարկե, հասկանալի է նաեւ, որ ակտիվությունը չպիտի վերաճի ծեծկռտուքի, միջադեպերի: Եվ մենք, նորից եմ ուզում կրկնել, ամեն ինչ անելու ենք եւ ամեն ինչ հիմա անում ենք՝ որպես իշխանություն, որպեսզի նման դեպքեր ընդհանրապես չլինեն, միջադեպեր չարձանագրվեն»: Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է բացատրում, որ հատկապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ են բախումներ լինում՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Դե, ընտրություն է: Ես ըմբռնումով եմ մոտենում: Բայց ընդհանրապես՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նման դեպքեր, միջադեպեր չլինեն: Եվ ինչի՞ մենակ ՀՀԿ-ի. քաղաքական բոլոր ուժերի մեջ էլ կան լարվածություն, խոսակցություններ, քննարկումներ, քննադատություններ: Հետո, գիտե՞ք ինչ, թաղի ակտիվի մի մասը ԲՀԿ է, մյուս մասը՝ ՀՀԿ, մի մասն՝ ՕԵԿ, մյուս մասն էլ՝ ՀՅԴ, եւ բոլորն էլ ակտիվ մասնակցում են, որ ավելի շատ ձայն տանեն: Չմոռանանք, որ ցուցակներում կան նաեւ թաղապետարանների ավագանիների անդամներ, որոնք ուզում են վերընտրվել Երեւան քաղաքում։ Եվ նրանք են շատ ակտիվ մասնակցում, որ ձայներ ունենան ու ընտրվեն Երեւանի ավագանի»:

Հետո էլ «Երկիր մեդիայի» թղթակիցը ճշգրտեց, թե ուրեմն նորմա՞լ են ՀՀԿ-ԲՀԿ բախումները: «Այո՛, այո՛,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Նորմալ վերաբերվեք: Ակտիվ են մարդիկ եւ ուզում են մեկը մեկից ձայն տանել: Եվ դա ես բնականոն եմ համարում»: Թղթակցի ռեպլիկին, թե այդ ծեծկռտուքները պարբերական են դառնում՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Չե՛ն դառնա: ՀՀ նախագահը խիստ հանձնարարական է տվել իրավապահ մարմիններին, եւ փորձելու են ամեն ինչ անել՝ կանխելու նման որեւէ միջադեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել