«Ապրիլի 4-ին առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու եւ արձակուրդ գնալու պատրվակով «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի 5 անդամից 3-ը՝ ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը եւ իշխանական կոալիցիան ներկայացնող Ռոբերտ Ավագյանը ու Գեւորգ Թովմասյանը, ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը փաստահավաք խմբում: Դրանով փաստացի կասեցվել էր նաեւ խմբի աշխատանքն ընդհանրապես, որովհետեւ Փաստահավաք խմբի կազմավորման մասին ՀՀ նախագահի կարգադրության համաձայն՝ «խմբի աշխատանքը կազմակերպվում է ամենօրյա նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի երեք անդամ»: Ու թեեւ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը հրապարակայնորեն հայտարարել էր, թե «ժամանակավոր դադարը» կտեւի մինչեւ մայիսի 18-ը, այդուհանդերձ, նույնիսկ դրանից հետո «փաստահավաքի» աշխատանքները շարունակում են կասեցված մնալ: Հիշյալ երեք անձինք, իհարկե, «արձակուրդից» վերադարձել են, բայց միայն ձեւականորեն: «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, վերջին երկու օրերին աշխատանքի չի ներկայանում հատկապես ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ընդ որում՝ առանց պատճառաբանությունների. չի ուզում՝ չի գալիս: Հո զոռով չի՞: Իսկ քանի որ ՀՀ նախագահի վերոհիշյալ կարգադրության համաձայն՝ «խմբի ղեկավարը կազմակերպում է խմբի աշխատանքը, ստորագրում է խմբի անունից կազմվող եւ ուղարկվող փաստաթղթերը՝ ներառյալ գրությունները, հարցումները, հրավերները, ծանուցագրերը եւ այլն», ուստի՝ ստացվում է, որ «փաստահավաքի» մյուս 4 անդամները փաստացի զրկված են գործունեություն ծավալելու որեւէ հնարավորությունից:
Իհարկե, կարծել, թե խմբի գործունեությունը սաբոտաժի ենթարկողը բացառապես Վ. Ստեփանյանն է, գուցե, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետեւ դեռ խմբի անդամ եռյակի անակնկալ «արձակուրդի» գնալուց հետո հենց «փաստահավաքի» մյուս անդամները կարծիք հայտնեցին, թե նրանք այդպիսի որոշում են կայացրել իշխանությունների ու կոնկրետ մարդկանց կողմից եղած ճնշումների արդյունքում: Հիշեցնենք, որ խմբի 3 անդամները որոշեցին արձակուրդ գնալ այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվեց խմբի առաջին զեկույցը՝ ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, որը մեծ հակազդեցություն առաջացրեց «հատուկ քննչականում»: Ասել է թե՝ ավելի ճշմարտամոտ է այն տարբերակը, ըստ որի, խմբի մյուս՝ իշխանական կոալիցիան ներկայացնող երկու անդամների ներկայությունը «փաստահավաքում» ընդամենը ձեւականություն է եւ ալիբի՝ ապացուցելու համար, թե իշխանությունները չէ, որ կասեցնում են «փաստահավաքի» գործունեությունը, ուստի՝ գլխավոր «սաբոտաժնիկի» անպատվաբեր դերը բաժին է հասել խմբում ՀՀ օմբուդսմենի ներկայացուցչին: Թե որքան կարող է շարունակվել այս ներկայացումը՝ դժվար է ասել: Բայց որ մի օր պարոն Ստեփանյանը կա՛մ պիտի գնա աշխատանքի, կա՛մ ինքնաբացարկ հայտնի, ակնհայտ է: