Նախարարի խոսնակը՝ ոչ
Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ բարձրաձայնել է ոչ միայն Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում թեկնածու ուժերի համար ստեղծված անհավասար պայմանների, այլեւ ընտրությունները կեղծելու ուղղությամբ իշխանությունների կողմից նախապատրաստվող քայլերի մասին:
«Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց այդ մտահոգությունների ամփոփ ցանկը: ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդում են, որ առաջիկա ընտրությունները դիտարկելու համար ՀՀ իշխանությունների կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին չհրավիրելը «հստակ ուղերձ է, որ ՀՀ կառավարությունը վախենում է ընտրական գործընթացի թափանցիկությունից, ուստիեւ՝ ընտրությունները միջազգային դիտորդների կողմից վերահսկողությունից»: ՀԱԿ-ն արձանագրում է, որ միջազգային դիտորդներ չհրավիրելը ահազանգ է, որ ընտրությունները կարող են կեղծվել: Կոնգրեսը դրա հավանականությունը շատ բարձր է գնահատում, նկատի ունենալով նաեւ, որ արդեն նախընտրական փուլում գրանցվել է օրինախախտումների այնպիսի ծավալ, որը հարցականի տակ է դնում ընտրությունների արդյունքները: Խոսքը ոչ միայն ՀԱԿ-ի նախընտրական հանդիպում անցկացնելու մասին ավելի քան 30 դիմումների մերժումն է, ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերն ու մյուս թեկնածուների համեմատ ընդդիմության քարոզարշավի լուսաբանման խիստ անհավասարությունը, այլեւ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները: Խոսքը նաեւ «Առավոտում» ապրիլի 24-ին հրապարակված «Պաշտպանության նախարարի շրջաբերականը» վերտառությամբ հոդվածի մասին էր, ըստ որի՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 2-րդ եւ 10-րդ հոդվածների կոպտագույն խախտմամբ ՀՀ ՊՆ-ն լծվել է նախընտրական գործընթացին, որ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հայաստանյան զորամասերի հրամանատարներին հրահանգվել է կազմել Երեւանում գրանցված զինվորականների, նաեւ նրանց ընտանիքների անդամների ու «համախոհների» ցուցակներ՝ ապահովելով վերջիններիս մասնակցությունը ընտրություններին: Կոնգրեսում կարծում են, որ առաջիկա ընտրություններում զինծառայողներին 3-օրյա արձակուրդ կտրվի՝ քվեարկության օրը Երեւանում լինելու, իրենց անձնագրերը ստանալու եւ իրենց գրանցման վայրի տեղամասերում հօգուտ իշխանության ներկայացուցիչների քվեարկելու համար:
Ի դեպ, այդ առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը արդեն երկրորդ պաշտոնական նամակն է ուղղել ՀՀ ՊՆ-ին: Ենթադրվում է, որ ՊՆ-ն հերքելու է նման հանձնարարականի փաստը, բայց բանն այն է, որ Կոնգրեսի տրամադրության տակ արդեն կան նախարարի հրահանգի կատարման կոնկրետ արդյունքների մասին վկայող փաստաթղթեր (տես լուսանկարում): Դրանցում մատնանշված են ՀՀ տարբեր զորամասերի զինծառայողների զորակոչման ամիս-ամսաթիվը, ազգանուն-անուն-հայրանունը, այն ընտրական տեղամասերի թվերը, որտեղ քվեարկելու են, նրանց գրանցման հասցեն եւ այն զորամասի համարը, որտեղ նրանք ծառայում են:
Այդ առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասել է, թե՝ հնարավոր է, որ ՀԱԿ-ն այդպիսի ցուցակ գրել ու տարածում: Իհարկե, դա ֆանտաստիկայի ոլորտից է, որովհետեւ այդ տվյալները՝ զորակոչի ամիս-ամսաթիվ, զինծառայողի անուն-ազգանուն, նրա ծառայության վայրը եւ այլն, գաղտնի տեղեկություններ են, եւ դրանց տիրապետում են բացառապես զինկոմիսարիատները, ԶՈՒ գլխավոր շտաբն ու զորամասերը: Իսկ ընդդիմությունը, անգամ ցանկության դեպքում, դրանք հավաքել ու համակարգել պարզապես չի կարող: Այլապես նա կլիներ ոչ թե ընդդիմություն, այլ իշխանություն: