Վստահ է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը:
– Ձեր ներկայությունը ՕԵԿ ցուցակում ազդեցիկ է, Դուք հանրությանը հայտնի մարդ եք, այնուամենայնիվ, ավագանու ընտրությունը քաղաքական գործընթաց է, իսկ Դուք կարծես քաղաքականացված անձ չեք եւ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ էլ քաղաքականությունից չեք խոսում, այլ՝ առողջապահական խնդիրների, քաղաքն առողջացնելու մասին: Եթե ընտրվեք ավագանի, թողնելու եք բժշկի գործը եւ ավագանի՞ եք աշխատելու:
– Դա կորոշի կուսակցությունը, սակայն միտքը, որ բժիշկները պետք է չզբաղվեն քաղաքականությամբ, իհարկե, ճիշտ միտք է. ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Բայց եկել են ժամանակներ, որ անտարբերությունը գործընթացների հանդեպ ավելի դատապարտելի է, քան ոչինչ չանելը: Մենք համակարգը փոխել ենք 1991-ին, դարձել ենք անկախ երկիր: Ես եւ իմ գործընկերները համբերատար հետեւում էինք այս ամբողջ գործընթացին, զբաղվում էինք մեր գործով, բայց հետո զգացինք, որ այն բոլոր հնարավորությունները, որ տալիս է ժամանակակից առողջապահությունը, մենք չենք կարողանում կիրառել Հայաստանում: Երեւի սա այն դեպքն է, երբ ասում են՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզանով զբաղվում: Վերջին 18 տարիների ընթացքում առողջապահության 8 նախարար է փոխվել, եւ ես չէի ասի, թե ոլորտում բարելավումներ կան: Թեպետ ամեն մի նախարար հմուտ մասնագետ է եղել, առողջապահության ոլորտի բավականին լավ կազմակերպիչ, բայց հաջողություններ չկան, որովհետեւ մենք չենք գտել առողջապահության նոր մոդել: Հինը քանդվել է, իսկ նորը մենք պարզապես չենք գտել: Օրենսդիր դաշտը գործնականում բացակայում է: 2003-06թթ. Արթուր Բաղդասարյանի հրավերով աշխատում էի ԱԺ նախագահի խորհրդական: Այդ ընթացքում բավականին արդյունավետ աշխատեցինք, մշակեցինք առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք օրենքներ: Կարճ ժամանակում մշակվեց օրենք դեղերի եւ առողջապահության մասին: Պատրաստվում էին այլ օրենքներ եւս՝ տուբերկուլյոզի, բժշկական ապահովագրության մասին: Այդ ամենը օրակարգից դուրս եկավ, երբ Ա. Բաղդասարյանը հրաժարական տվեց: Աշխատանքից ազատվեցին նաեւ համակարգող խորհրդի բոլոր անդամները, իսկ այդ խորհուրդը բաղկացած էր լուրջ մասնագետներից: Ի դեպ, վերոհիշյալ օրենքները մշակելու ժամանակ ես գործուղվել էի Մոսկվա, որտեղ հանդիպեցի Պետդումայի առողջապահության հանձնաժողովի նախագահ Տատյանա Յակովլեւայի հետ, եւ վերջինս խիստ զարմացավ, իմանալով, որ մենք սեփականաշնորհել ենք առողջապահության համակարգի խոշոր հիմնարկները՝ չունենալով օրենք պարտադիր ապահովագրական բժշկության մասին, ուղղակի զայրացավ եւ ասաց. «Հայերը խելացի ժողովուրդ են, որտե՞ղ էր ձեր խելքը, չէ՞ որ ինքնասպանություն է՝ սեփականաշնորհել համակարգը՝ չունենալով համապատասխան օրենք»: Այո, դա իրոք ոլորտի հանդեպ ինքնասպանություն է: Ունենալով բացարձակ անվճարունակ հասարակություն՝ մենք գնացել ենք սեփականաշնորհման: Պետպատվեր հասկացողությունը գործնականում չի գործում: Եվ դրանից ամենաշատը տուժում է անապահով խավը: Տարեցտարի ունենում ենք առողջապահության ոլորտի ֆինանսավորման աճ, բայց դա ոչ մի ձեւով չի զգացվում, որովհետեւ սկզբունքները սխալ են: Պետք է ֆինանսավորվի ոչ թե հիվանդանոցը, այլ կոնկրետ հիվանդը:
– Ինչպիսի՞ն է մեր հասարակության վիճակը, առո՞ղջ հասարակություն ենք։
– Մենք ունենք մի շարք հիվանդությունների զգալի աճ, հատկապես սիրտ-անոթային հիվանդությունների: Ես զբաղվում եմ սիրտ-անոթային հիվանդություններով 30 տարուց ավելի: Ժամանակին բավականին առաջընթաց ունեինք, ճանաչված մասնագետներ: Բայց այսօր ցավով պետք է ասեմ, որ մեր լավագույն մասնագետները լքում են երկիրը, որովհետեւ չեն կարողանում կիրառել իրենց գիտելիքները եւ փորձը: Մեկ թիվ ասեմ՝ միայն ինսուլտից գրանցվել է մահացության 9% աճ, այս ցուցանիշով աշխարհում զբաղեցնում ենք առաջին տեղը:
– Ընտրությունները, քաղաքական ռազբորկաները, ընտրակեղծիքները ազդո՞ւմ են մարդկանց առողջության վրա:
– Բնական է, որ ազդում են: Բժիշկի ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մեջ դրական եմ գնահատում: Բժիշկները պետք է զբաղվեն հասարակության բուժմամբ, քանի որ առկա հարցերը հրատապ լուծում են պահանջում:
– Ո՞րն է այդ հրատապ լուծումը:
– Միայն միասնական մոտեցումը կարող է այս վիճակից ազգը հանել, այն, ինչ 1998-ին արեցին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Դաշինք կազմեցին՝ ընդդիմությունը եւ իշխանությունը, որպեսզի միասնական կարողանան այդ հարցերը լուծել: Այսօր եւս պետք է մի կողմ դնել ներքաղաքական ռազբորկաները եւ փորձել ամենառացիոնալ ծրագրերն իրականացնել:
– Ի՞նչը Ձեզ ստիպեց դառնալ «Օրինաց երկրի» անդամ:
– Ծրագրերը, որ մշակված են ՕԵԿ-ի կողմից, սկզբունքայնությունը, որ ցուցաբերում է Արթուր Բաղդասարյանը երկար տարիներ, ինձ համոզում են, որ հնարավոր կլինի ՕԵԿ-ի միջոցով բարձրաձայնել մեր ժողովրդին հուզող հարցերը եւ միասնաբար լուծել:
– ՕԵԿ-ի վարկանիշը չի՞ ընկել:
– Ոչ, նման բան չկա, ընդհակառակը՝ կա ակտիվ մասնակցություն, մեր հանդիպումներն անցնում են բազմամարդ դահլիճներում եւ հրապարակներում, մարդիկ մեզ լսում են, վերջերս շուրջ հազար քաղաքացի ընդունվեց կուսակցության շարքերը: Մարդիկ պետք է հավատան, որ ՕԵԿ-ը առաքելություն ունի՝ վերադարձնել մարդկանց հավատը պետության նկատմամբ: Եվ մեր առաքելությունը՝ բժիշկների, իմ կոլեգաների, հասարակության մյուս ներկայացուցիչների, դա պետք է լինի եւ ոչ թե՝ առճակատման գնալը:
– Ինչպե՞ս եք գնահատում ասֆալտապատում-քարոզարշավը:
– Հանդիպումների ժամանակ մարդիկ մեզ ասում են՝ այդ որտե՞ղ էին մինչեւ հիմա, ինչո՞ւ են հիմա սկսել բակերի ասֆալտապատումը: Բայց չէ՞ որ իրենք անում են այն, ինչ որ իրենց պարտականությունն է: Բեգլարյան Գագիկն այսօր անում է այն, ինչ իր աշխատանքային պարտականությունն է: Դա նույնն է, եթե ընտրությունից ընտրություն բժիշկները խոսք տան, որ հիվանդներին կբուժեն: Բայց չէ՞ որ դա մեր պարտականությունն է: