Ընդդիմադիրները կարծում են, որ անգամ համաներում հայտարարելու պարագայում իշխանությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից:
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, նախագահ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, որը տարածվելու է «մարտի 1»-ի գործով կալանավորվածների վրա: Իսկ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե համաներում լինի, ապա այդ մասին ինքն անձամբ կհայտարարի, եւ ավելի վաղ ուրիշներն այդ մասին չեն իմանա: Այն, որ իշխանական ճամբարի տարբեր տրամաչափի ներկայացուցիչները շարունակում են խոսել համաներման մասին, Հայ ազգային կոնգրեսում դիտարկում են որպես առաջիկա ընտրություններից հասարակության ուշադրությունը շեղելու միտում: Ի դեպ, քաղբանտարկյալների հարազատները եւս առանձնապես ոգեւորված չեն ԱԺ նախագահի այս հայտարարությամբ: Նրանցից շատերը երեկ «Առավոտի» հետ մասնավոր զրույցներում կիսել են ՀԱԿ-ի կարծիքը: Այս առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանն «արտառոց ու տարօրինակ» համարեց համաներման գաղափարն ընդհանրապես. «Ներում են մեղավորներին: Մեր տղաները մեղք չունեն: Դա հասարակությանը պարզ դարձավ մանավանդ վերջին մեկ տարվա խայտառակ դատավարությունների արդյունքում: Դրանց ամենավառ ապացույցն են «7»-ի գործը, «7»-ի առանձնացված գործերը, որոնք խայտառակ դրսեւորումներ են ունենում՝ սկսած առաջին օրվանից, վերջացրած Թամամյանի նախորդ օրվա «հերոսություններով»: Նրանք, ովքեր դատավարություններին հետեւում են, լավ պատկերացումներ կազմեցին մեր հատուկ քննչական ծառայության, դատախազության, դատարանների գործելաոճի մասին: Եթե իշխանությունը համաներումը տեսնում է որպես իր խնդիրների լուծում՝ իր գործն է, բայց ես համոզված եմ, որ իշխանությունը դեռ պատասխան է տալու իր ապօրինությունների համար: Ես կասկած չունեմ, որ բոլոր տղաներն էլ հետապնդելու են իրենց անմեղությունն ապացուցելու գործը, ինչպես ես եմ անում: Հայաստանյան, այսպես կոչված, դատարաններով արդեն երկու փուլ անցել եմ, շարունակելու եմ եւ անպայման դիմելու եմ Եվրոպական դատարան: Ես չեմ տեսնում, թե ինչը պետք է խանգարի մյուսներին այդ բանն անելու»:
Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանը մի քանի ամիս կալանավորված էր, ապա փոխվեց նրա նկատմամբ խափանման միջոցը, իսկ ավելի ուշ բավարար ապացույցներ չլինելու հիմքով կարճվեց նրա նկատմամբ հարուցված քրեական գործը:
«Առավոտի» հարցին՝ իսկ արդյոք նման քայլն իշխանության կողմից երկխոսության առաջարկ չի՞ կարելի դիտարկել, հնարավո՞ր չէ, որ առկա լարված իրավիճակը մեղմելու անկեղծ մղումով նախագահը գնա դրան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, նման քայլը պարզապես եվրակառույցներում պլանավորված եւ հասունացող միջոցառումների արձագանք կլինի: Օրերս համազեկուցողների այց է նախատեսվում ՀՀ, առջեւում ԵԽԽՎ ամառային նստաշրջան կա: Անցած անգամները հնարավոր եղավ օրենսդրական փոփոխություններով, ամենատարբեր պատճառաբանություններով երկարաձգել: Հիմա համաներումը եւ դրա մասին խոսելը իշխանությանը պետք է իր դեմքը փրկելու համար: Բայց մարդկանց հանիրավի մեղադրում եք՝ ձեր դեմքը փրկելու համա՞ր: Եվրոպաներին կարող եք խաբել, բայց ժողովրդին չեք կարող խաբել, չէ՞»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որ վերջին մեկ տարում անցել է Կարապետ Ռուբինյանի անցած «ճանապարհը», չգիտե՝ ինչքանով են հավաստի Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները, բայց ներքուստ զգում է, որ նման մի բան պետք է լինի: Արամ Կարապետյանն «Առավոտին» ասաց, որ հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահականում այդ ուղղությամբ լուրջ «զբաղվում են»: Անձամբ մասնակցելով ընթացող դատավարություններին՝ նա կարծում է, որ այլընտրանք էլ չկա. «Ապացուցողական բազան շատ վատն է: Եթե հաշվի առնենք վկաների տված ցուցմունքները, հարուցված քրեական գործերը, որոնք փաստում են, որ անթույլատրելի միջոցներով են ցուցմունքները վերցված, կամաց-կամաց այդ գործերը դառնում են հավասար «7»-ի քրեական գործերին»: Ա. Կարապետյանը կարծում է, որ համաներումն իշխանության համար ինքնամաքրման միակ ձեւն է: Սակայն գտնում է, որ շատ կարեւոր է, թե հրամանագրում ինչպիսի ձեւակերպումներ տեղ կգտնեն, ում վրա կտարածվի դա՝ արդեն դատապարտվածների՞, թե՞ նաեւ դատաքննության ընթացքում գտնվող անձանց: Քաղաքական տեսանկյունից համաներումը նա «լավ բան» է համարում՝ իրավիճակը պարպվում է, իրավական տեսանկյունից՝ կարծում է, որ մարդիկ կլինեն, ովքեր դրանից կհրաժարվեն եւ կպահանջեն իրենց մինչեւ վերջ դատելով՝ բացահայտել ճշմարտությունը: ՆԺԿ ղեկավարն էլ մի տեսակ թերահավատ է՝ «Հետո՞ ինչ, համաներում անեն, այդ գործերն էլ փակվեն, ինչպե՞ս, ե՞րբ ենք իմանալու, թե ո՞րն էր, ի վերջո, ճշմարտությունը: Ովքե՞ր էին մեղավոր 10 մարդու սպանության համար: «Ջրելու» նման մի բան կստացվի, մոտավորապես՝ «27»-ի անջատված գործը»: