«Երբ գործդ սիրում ես՝ աչքիդ ոչինչ չի երեւում»
«Տարիներ առաջ վանդակն էի մաքրում՝ արծիվը թռավ գլխիս։ Վզիս վրա ուռուցք առաջացավ, վիրահատեցին, բայց գլխիս ելունդը դեռ մնում է»,- քսան տարվա վաղեմության այս պատմությունը տիկին Անգինը հիշեց այնպիսի աշխույժ թեթեւությամբ, կարծես դրանից հետո այլեւս երբեք չի հայտնվել արծվի վանդակից այն կողմ։ Իսկ իրականում արդեն 43-րդ տարին է, ինչ նա աշխատում է Երեւանի կենդանաբանական այգում, որտեղ ամեն առավոտ թռչունների արքան սպասում է, որ վանդակի դուռը բացվելուն պես հայտնվելու է հենց նա՝ տիկին Անգինը, մսով լի դույլը ձեռքին։ Ամեն օր նրա հայտնվելուն սպասում է ոչ միայն թռչունների արքան, այլեւ «անգղը, որ աջ ու ձախ թեքվելով ման է գալիս, ոնց որ երեք տարեկան երեխա լինի»,- ասում է տիկին Անգինը։
Տարիների հետ ավելի ու ավելի են մտերմացել թռչուններն ու նրանց խնամող կինը։ Այնքան են մտերմացել, որ թռչունների բաժնի երիտասարդ աշխատողները կատակում են. «Ջայլամը, Անգինից բացի, ոչ մեկին մոտ չի թողնում»։ Բայց անգամ նման «սերտ հարաբերությունների» պայմաններում նա չի մոռանում գիշատիչ թռչունի վանդակում կիրառել ու պահպանել անհրաժեշտ վարքն ու կանոնները. «Թռչունի վանդակում պիտի ուշադիր լինես նրա շարժումներին։ Դեմքդ պիտի նրա կողմը լինի։ Եթե տեղափոխվում է, պիտի դու էլ տեղափոխվես նրա հակառակ կողմը։ Եթե թռավ՝ պիտի կռանաս»։ Կարծես իսկական սուսերամարտ լինի, բայց թռչունի վանդակում վտանգը սպառնում է միայն մեկ կողմից… Մագիլների դիմաց էլ խնամող ու հոգատար ձեռքեր են: «Եթե քո խնամած թռչունը սատկում է, ոնց որ ընտանիքիցդ մեկը բացակայի»,- ասում է նա:
Տիկին Անգինն ասաց, որ երբեմն թոռնիկին էլ է հետը բերում այգի ու մի անգամ էլ գազանանոցից նրա համար շան ձագ է տուն տարել, բայց… «Ամուսինս երեկոյան աշխատանքից եկավ, ջղայնացավ, ասելով՝ կամ ես եմ մնալու էս տանը, կամ էդ շան թուլան։ Ստիպված ետ բերեցի գազանանոց, ի վերջո մեր տան տղամարդն ա, հո չէինք թողնելու, որ գնա»,- կատակում է նա։ Փոխարենը բակում հավ է պահում։ Նա նաեւ պատմում է, որ իր ծնողները Կիրովաբադում ընտանի կենդանիներ էին պահում։ Ու հենց այդ ժամանակ է հասկացել, թե ինչքան շատ է սիրում կենդանիներ պահել, նրանց խնամել. «Եթե նույնիսկ մի փոքր ձայն էին հանում, սիրտս ցավում էր։ Մտածում էի՝ ի՞նչ է պակասում այդ կենդանուն, որ ձայն է հանում. տխրում էի»։ Հետագայում, երբ արդեն Երեւանում էր ապրում, դիպվածը նրան բերեց Կենդանաբանական այգի. «Ամուսնացել էի, երեխաներ ունեի։ Այստեղի աշխատողներից մեկը եկավ մեր տանը վարձով ապրելու։ Անընդհատ պատմում էր գազանանոցից։ Մի օր էլ միասին գնացինք գազանանոց, ծանոթացա ու ընդունվեցի աշխատանքի»։ Տիկին Անգինը նաեւ հիշեց, որ 1965 թվին իր աշխատավարձը 55 ռուբլի էր. խորհրդային տարիներին Կենդանաբանական այգու աշխատողի վարձատրության բարձրակետը եղել է 90 ռուբլի։ Իսկ արդեն այսօր հազիվ թե այգում աշխատող այս կնոջ համար աշխատավարձը շահագրգռող հանգամանք լինի. «Աշխատանքը, ճիշտ է, կեղտոտ է, ամառը արեւի տակ ենք, ձմեռը՝ սառույցի վրա, բայց երբ գործդ սիրում ես՝ ոչ մի բան աչքիդ չի երեւում»։