Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ՎԱԽԵՆԱԼ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԻՑ

Մայիս 21,2009 00:00

Վերջինիս հետ կապված վախն անտեղի է եւ վատ իրազեկվածության արդյունք

Հայկական ընտանիքներում միշտ էլ երեխա ունենալու հարցը խիստ է դրված եղել: Հատկապես հնում նորապսակ ընտանիքներում հարսի՝ մայր դառնալու լուրի ուշացումը խնդիրների ու վեճերի պատճառ էր դառնում, ինչն էլ ոմանց մոտ հասցնում էր ամուսնալուծության: Իրականում մայրանալու ուշացման պատճառները բազմաթիվ են՝ խնդիրներ կապված հղիության հետ, կնոջ եւ տղամարդու անհամապատասխանություն, չբերություն եւ այլն:

Այժմ վերը թվարկված խնդիրների լուծման համար շատ ընտանիքներ դիմում են արհեստական բեղմնավորման, ինչն էլ հաճախ հասարակության կողմից քարկոծվում կամ սխալ է ընկալվում:

Արհեստական բեղմնավորումը՝ այս քայլին գնացող յուրաքանչյուր կնոջից մեծ համարձակություն է պահանջում: Մեր հասարակությունը թյուր կարծիք ունի ոչ միայն արհեստական բեղմնավորման, այլեւ այդ ճանապարհով ծնված երեխաների նկատմամբ. այդ քայլին գնացող կանայք սովորաբար պիտակավորվում են՝ չբեր, իսկ նրանցից ծնված երեխան՝ արհեստական, կեղծ, անհայտ…

Արհեստական բեղմնավորում կատարած կնոջ հոգեվիճակի մասին խոսեցինք ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Լիլիա Գարգրցյանի հետ:

Ըստ նրա, արհեստական բեղմնավորման գնացող կնոջ հոգեվիճակը բնորոշվում է վախերով ու տագնապներով:

Լ. Գարգրցյանի խոսքերով. «Ընդհանրապես, յուրաքանչյուր կին հղիության ժամանակ տագնապների մեջ է լինում: Հղիության ընթացքում, լինի դա բնական, թե արհեստական ճանապարհով, կնոջ մոտ առկա տագնապները բնական են եւ բնորոշ: Դա կապված է հղիության ընթացքի, իրենց ֆիզիկական եւ հոգեվիճակի փոփոխությունների, ապագա երեխայի առողջության եւ այլ մտահոգությունների հետ: Այս բոլոր վախերն ու տագնապայնությունը միգուցե ավելի սուր ձեւով արտահայտվում են արհեստական բեղմնավորման ժամանակ, որովհետեւ պետք է հաշվի առնել այն փաստը, որ արհեստական բեղմնավորման դիմում են այն կանայք, ովքեր որոշակի ժամանակահատված հղիության հետ կապված խնդիրներ են ունեցել: Այդ պատճառով նրանց մոտ արդեն կա այդ վախերի ու տագնապների ձեւավորված համակարգը: Նույն վախը, որ նրանք չեն կարող երբեք երեխա ունենալ, կվերածվի նրան, որ բեղմնավորումից հետո ինչ-որ ձեւով կկորցնեն երեխային: Կանանց մտահոգում է այն, որ եթե երեխան բնական ճանապարհով չի ծնվել, հնարավոր է առողջ չլինի: Նրանց մոտ մտածմունքը սուր արտահայտված է եւ նկատելի դրսեւորում ունի. նրանք մտածում են, որ արհեստական ճանապարհով միգուցե խնդիրներ լինեն, որովհետեւ հաճախ լսում են, որ ինչ-որ ձեւով ակտիվացնում են այդ բջիջները, ինչն էլ կարող է ազդել պտղի ոչ նորմալ ձեւավորմանը: Ի վերջո, արհեստական բեղմնավորում կատարած կնոջ մոտ ձեւավորվում է նաեւ այնպիսի վախ, որ այդ երեխան իրենը չի լինելու: Իսկ իրականում վախն անտեղի է եւ վատ իրազեկվածության արդյունք: Վախի առկայությունը ֆանտաստիկ ֆիլմեր նայելու արդյունք է, որովհետեւ դրանցում երբեմն ցուցադրվում են տեսարաններ, որտեղ մարդկանց վրա փորձեր են անում…»:

Հոգեբանից հետաքրքրվեցինք, արհեստական բեղմնավորման գնացող կնոջ մոտ մտավախություն կա, որ նման ճանապարհով ունեցած երեխան լիարժեք իրենը չի, եթե այո, ապա ինչո՞ւ է այդպես: «Դա անհատական մոտեցում է: Եթե կնոջ մոտ կան վախեր, թե բժիշկը կարող է փոխած լինի սերմնաբջիջները, ձվաբջիջները, ուրեմն այդ առիթով վախի առկայությունն էլ չի բացառվում: Չնայած՝ անգամ բնականոն ճանապարհով ծնված երեխայի դեպքում շատ հաճախ կանանց մոտ լինում է այդպիսի բան. երեխան նման չի ինձ, միգուցե փոխե՞լ են երեխայիս եւ այլն: Սա ծնողին բնորոշ մտահոգություն է հատկապես այն դեպքերում, երբ երեխան չի համապատասխանում իր սպասելիքներին»,- ասում է Լ. Գարգրցյանը:

Արհեստական բեղմնավորման նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին էլ հոգեբանը ասաց. «Շրջապատի ազդեցությունը մեծ է: Արհեստական բեղմնավորում ասվածը մեր հասարակության համար մի փոքր խորթ երեւույթ է: Խորթ վերաբերմունքը պայմանավորված է թերի իրազեկվածությամբ: Շրջապատը սխալ վերաբերմունք ունի արհեստական բեղմնավորման նկատմամբ, պիտակավորում են՝ արհեստական, եւ տպավորություն ստեղծում, որ այդ երեխան տվյալ անձի սեփական, կենսաբանական երեխան չէ, եւ երեխայի ծնունդը նմանեցնում են որդեգրմանը»: Ծննդաբերող կնոջ՝ երեխայի կենսաբանական լիարժեք մայր լինելու զգացողության մասին հոգեբանը ընդգծեց. «Ծննդաբերող կնոջ, ապագա մոր մոտ խորթ զգացումներ չեն կարող լինել, դա բացառվում է: Այդ խորթության զգացումը այն չափով կարող է բնորոշ լինել ցանկացած ծնողի, երբ երեխան չի համապատասխանում իր սպասումներին: Քանի որ հղիության ընթացքում ինքն ապրում է այդ երեխայի հետ, սրտի տակ զգում երեխային, դրա համար վախը՝ երեխան իմը չէ եւ այլն, եւ այլն, շատ քիչ հավանականություն ունի: Հասարակության բացասական վերաբերմունքը մեծ ազդեցություն ունի: Այդ ազդակները կարող են այն աստիճան ուժեղ լինել, որոնք ետ կպահեն կնոջը արհեստական բեղմնավորում կատարելուց: Իսկ իրականում, եթե կինը զրուցի բժշկի հետ եւ վերջինս արհեստական բեղմնավորման մասին ճիշտ տեղեկատվություն տա նրան, մեկնաբանի եւ բացատրի կնոջը, որ վախերն անհիմն են՝ ամեն ինչ նորմալ կլինի»: Հոգեբանը նաեւ ասաց, որ հաճախ արհեստական բեղմնավորման գնացող կանանց ընկճվածության, վախերի պատճառ են հանդիսանում ավագ սերնդի ներկայացուցիչները. «Ավագ սերնդի վերաբերմունքը շատ անհատական է: Մեր հասարակության մեջ ավագ սերնդի կարծիքը միշտ գերակայող է եւ հաճախ խոչընդոտում է շատ հարցերում: Օրինակ, հաճախ ավագ սերնդի ներկայացուցիչների հորդորների, դժգոհությունների արդյունքում զույգերն այդպես էլ չեն դիմում արհեստական բեղմնավորման, չեն ունենում երեխաներ ու ստիպված ամուսնալուծվում են»: Արհեստական բեղմնավորման հարցում մեր զրուցակիցը կարեւորեց նաեւ ամուսնու գործոնը. «Այս հարցում ամուսնու դերը մեծ է. նա եւս պետք է գիտակցի արհեստական բեղմնավորման էությունը: Եթե ամուսնուն թվա, որ դա իրենից դուրս մի բան է, նա կխոչընդոտի: Բայց եթե նրան մանրամասն բացատրվի, թե ինչ է բեղմնավորումը, այս դեպքում ոչ մի խոչընդոտ չի լինի: Սովորաբար տղամարդու մոտ ավելի հավանական է այն վախը, որ երեխան լիարժեք իրենը չէ, որովհետեւ արհեստական ճանապարհով է, բնատուր չէ, Աստծո պարգեւը չէ… Սա եւս կախված է ապատեղեկացվածությունից կամ թերի տեղեկացված լինելուց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031