Հիմնանորոգումից հետո, մայիսի 17-ին կայացավ «Ուիմբլդոնի» թենիսի գլխավոր կորտի հանդիսավոր բացումը, որը նշանավորվեց լեգենդար թենիսիստներ Անդրե Աղասիի, Շտեֆի Գրաֆի, Կիմ Կլիյստերսի եւ Տիմ Հենմենի ցուցադրական խաղերով: Դրանք ավարտվեցին այսպիսի արդյունքներով. Հենմեն/Կլիյստերս-Աղասի/Գրաֆ՝ 7:6, Աղասի-Հենմեն՝ 6:4, Կլիյստերս-Գրաֆ՝ 6:4:
Այդ առիթով, ինչպես նշում են լրատվամիջոցները, մարտ ամսին վաճառքի հանված 35 ֆունտ արժողությամբ 15 հազար տոմսերը սպառվել են հինգ րոպեում:
Մինչեւ նրանց Լոնդոն մեկնելը BBC-ի թղթակիցը Լոս Անջելեսում զրուցել է աստղային ընտանեկան զույգի հետ:
– Ինչպե՞ս եղավ, որ թենիսի երկու աստղերը միավորվեցին մեկ հարկի տակ:
Աղասի.- Հավանաբար, այսպես: Երբ ես նկատեցի, որ Շտեֆին քայլեր է անում իմ ուղղությամբ, ես էլ սկսեցի ընդառաջ քայլեր կատարել… Հետո, երբ արդեն երեխա պետք է ունենայինք, եկավ ամուսնության ժամանակը: Ծնողների կարգավիճակը լիարժեք ընտանիք կազմել է ենթադրում: Ես երջանիկ եմ, որ ամեն բան այսպես ստացվեց:
Գրաֆ.- Նա մարզվում էր եղբորս հետ: Մի երեկոյի ժամանակ սիրտս պարել ուզեց: Եվ եղբորս միջոցով նրան խնդրեցի մի քանի շարժում սովորեցնել: Անդրեն անկրկնելի էր: Ամեն ինչ սկսվեց այդ պարից:
– Դուք ցուցադրական խաղ եք անցկացնելու «Ուիմբլդոնի» բացման արարողության ժամանակ եւ այս մրցասպարեզի հետ բազում լավ հիշողություններ ունեք: Գիտակցո՞ւմ եք, որ ձեր անունները մտնում են թենիսի մեծագույն վարպետների սակավաթիվ ցուցակի մեջ:
Գրաֆ.- Ես կարողացել եմ հաճախ հաջող հանդես գալ «Ուիմբլդոնում»: Այստեղ յոթ անգամ նվաճել եմ հաղթողի տիտղոսը, խաղացել եզրափակիչում: Սակայն ամենահիշարժանը 1992 թվականն է, երբ երկուսս էլ չեմպիոն դարձանք եւ հրավիրվեցինք «չեմպիոնական ընթրիքի»:
Աղասի.- «Ուիմբլդոնում» հաղթելը մեծ պատիվ է: Իսկ ինչ վերաբերում է մեծագույն անուն լինելուն, այդ մասին աշխատում եմ չմտածել: Խոտածածկ կորտում Սամփրասն ու Ֆեդերերն անհամեմատ ավելի բարձր արդյունքների են հասել:
– Դուք վերջին տարիներին ձեզ բարեգործությա՞նն եք նվիրել:
Աղասի.- «Անդրե Աղասի» հիմնադրամը ստեղծվել է 1994 թվականին եւ դրա միջոցները ուղղվում են Նախապատրաստական ակադեմիային, որն օժանդակում է նվազ ապահովված ընտանիքների եւ «դժվար» երեխաներին քոլեջ ընդունվելուն: Կարծում եմ, նրանցից շատերին դա նորմալ կյանք սկսելու հնարավորություն է տվել:
Գրաֆ.- «Վաղվա օրվա երեխաները» հիմնադրամն օգնում է պատերազմների, հետապնդումների եւ բռնության զոհ դարձած ընտանիքների երեխաներին, նրանց հոգեբանական աջակցություն ցույց տալիս, համագործակցում ամբուլատոր կլինիկաների հետ:
Աղասին ու Գրաֆը 1999 թվականին դարձան Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող: Նրանք պատրաստվում են հունիսի 6-ին Փարիզի «Ռոլան Գարոս» կորտում յուրովի նշել իրենց հաղթանակի հոբելյանը: Այդ օրը երկու չեմպիոնները 10 տարբեր երկրների թենիսի 8 պատանի աստղերի հետ մրցամարտ կանցկացնեն եւ հատուկ աճուրդ կկազմակերպեն: Միջոցառումներից գոյացած ամբողջ գումարը կհատկացվի Աղասիի եւ Գրաֆի հիմնադրամներին: