Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնիքներ՝ ուսանողների համար

Մայիս 21,2009 00:00

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ» կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը տնտեսագիտականում երիտասարդներին ծանոթացրեց կառավարման մշակույթին եւ կորպորատիվ քաղաքացիությանը:

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ ուսանողների եւ բուհերի հետ արշավի մեկնարկը: Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության, կառավարման մշակույթի եւ կորպորատիվ քաղաքացիության մասին դասախոսություն կարդաց: Մինչ դասախոսության մեկնարկը, «Առավոտը» բուհի ուսանողներից հետաքրքրվեց, թե ինչպես են գնահատում ընկերության ապահոված կապի որակն ու ծառայությունները: ՀՊՏՀ ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի ուսանողուհի Սոնա Երվանդյանը, որը «ՎիվաՍելի» բաժանորդ է, ասաց, որ գոհ է կապից: Իսկ նույն բաժնի մեկ այլ ուսանողուհի՝ Անահիտ Աթանեսյանն ասաց. «Կապի որակից ընդհանուր առմամբ գոհ եմ, պարզապես կուզեի, որ «Բարբառում» ընդգրկվեր նաեւ Երեւանը»:

ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը տեղեկացրեց. «ՎիվաՍել-ՄՏՍ» կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մեծածավալ գործունեություն: Այսօր Ռալֆ Յիրիկյանը մեր բուհ է ժամանել, որ ծանոթանա ուսանողներին եւ ծրագրերին: Մենք ստորագրել ենք համագործակցության պայմանագիր, որպեսզի մեր ուսանողներն արտադրական պրակտիկա անցնեն այս ընկերությունում: Համատեղ կիրականացնենք նաեւ գիտահետազոտական աշխատանքներ, մեր բուհում ընկերության մասնագետները կղեկավարեն ավարտական աշխատանքներ, կկարդան դասախոսություններ»:

Ռալֆ Յիրիկյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ճգնաժամային պայմաններում, երբ քաղաքացիները հիմնականում խնայողություններ են անում կապի միջոցների վրա, ինչպե՞ս է, որ իրենց բաժանորդների քանակն ավելանում է: Պարոն Յիրիկյանը պատասխանեց. «Տարվա սկիզբը միշտ էլ տկար սեզոն է հանդիսանում: Հետեւաբար առաջին երեք ամիսներն աչքի են ընկնում տկար ցուցանիշներով: Հետո քիչ-քիչ աշխուժանում է շուկան, իսկ դրա ազդեցությունը երեւում է բաժանորդների քանակի աճով»: Ավելի ուշ, արդեն դասախոսության ժամանակ, Ռ. Յիրիկյանն ասաց, որ իրենց սկզբունքներից է՝ միշտ մոտ գտնվել բաժանորդներին, դրա համար գործում են նաեւ բաժանորդների սպասարկման շրջիկ կայաններ՝ անգամ գյուղերում: Պարոն Յիրիկյանը ներկայացրեց նաեւ, թե որտեղից է սկսվել իրենց ընկերության գործունեությունը, ինչպես են աշխատել «մրջյունների» նման եւ հասել նրան, որ այժմ ունեն 2 միլիոն բաժանորդ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատանքային մյուս սկզբունքի համաձայն, աշխատակազմը նույնանում է ընտանիք հասկացության հետ, որտեղ բոլորը հավասար են: Ինչպես նշեց Ռ. Յիրիկյանը, տարբերությունը միայն մասնագիտական պատասխանատվության մեջ է: 1200 աշխատակցից 30-ը հաշմանդամ է: Ռ. Յիրիկյանը նկատեց. «Չէ՞ որ նրանք էլ ունեն երազելու, ապագայի համար ծրագրեր կազմելու իրավունք: Ամենակարեւորն այն է, որ հենց նրանք են աշխատում առաջին գծերում՝ բաժանորդների սպասարկման կենտրոններում»: Խոսելով «կորպորատիվ քաղաքացի» հասկացության մասին, պարոն Յիրիկյանը ուսանողներին խորհուրդ տվեց. «Եթե ուզում եք ձեր ծրագրերն իրագործել, ապա պետք է ձեր սրտում տեղ պահեք հասարակության համար»:

Ուսանողները հնարավորություն ունեցան նաեւ հարցեր ուղղել պարոն Յիրիկյանին: Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե 3-րդ օպերատորի շուկա մուտք գործելու առումով ինչպե՞ս են պատրաստվում դիմակայել մրցակցությանը եւ արդյո՞ք հնարավոր չէ սակագների իջեցում: Ռ. Յիրիկյանն այս հարցին ավելի խորքային պատասխան տվեց. «Ընդհանրապես գործունեությունը լիակատար չի լինի, եթե չմղվի սոցիալական, կորպորատիվ պատասխանատվության դաշտ: Մենք չպետք է մոռանանք, որ պետություն ասվածը հենց ազգն է: Պետք է պատասխանատվություն զգանք պետության կառուցման գործում, քանի որ, եթե օտարը մեզ օգնի, անպայման դրա համար գին կպահանջի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել