Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ

Մայիս 21,2009 00:00

\"\"Կամ անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը՝ «Ծեր տիկնոջ այցը» նոր ներկայացման մեջ

Երբ ռուսաստանյան հեռուստատեսությամբ ելույթ են ունենում մեծանուն արվեստագետները, այդ թվում՝ Մայա Պլիսեցկայան, Տատյանա Շմիգան, որոնք վաղուց մոտեցել են կյանքի 9-րդ տասնամյակին, մենք էլ ենք հիանում ու զարմանում: Նույն զգացումը պարգեւում են արվեստի մեր «վետերանները», այդ թվում՝ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Սոս Սարգսյանը եւ այլք: Ոմանք այն կարծիքին են, թե անկեղծ հիացումը կենդանի դասականներով՝ գավառայնության նման մի բան է, ինչին, բնականաբար, համամիտ չենք:

Օրերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» պիեսի բեմադրության ավարտից հետո թատերագետներից մեկը նշեց, թե տանը թողնելով թատերագետին ու թատրոնի մարդուն, ինքը եկել էր ներկայացումը դիտելու պարզապես հանդիսատեսի աչքերով: Իսկապես, շատ-շատերն էին եկել թատրոն ոչ թե տեսական ու մասնագիտական բանավեճեր վարելու մտադրությամբ, այլ մեկ անգամ եւս բեմում տեսնելու հայ թատրոնի կենդանի առասպելին՝ Վարդուհի Վարդերեսյանին: Չնսեմացնելով ներկայացման բեմադրիչ Վահե Շահվերդյանի աշխատանքը, դերասաններ Ազատ Գասպարյանի, Սամվել Փիլոյանի, Կարեն Ջանգիրովի, Ռազմիկ Խոսրոեւի ինքնատիպ դերակատարումները, հանդիսատեսը առաջին հերթին թատրոնում էր տիկին Վարդերեսյանի համար: Դերասանուհին խաղում էր հետաքրքիր, հուզիչ էին նրա հերոսուհու՝ Կլարա Ցախանասյանի եւ Ալֆրեդ Իլի (Կ. Ջանգիրով) երկխոսությունները. դերասանուհին այնպես էր մատուցում իր մեծ տառապանքն ու ցավը, որ ակամայից ընկնում էիր նրա ապրումների հորձանուտը:

Բեմադրության մեջ շեշտը դրված է պիեսի արդիականացման վրա. այսօր հանուն տարբեր շահերի՝ մատնում ենք իրար անձնական հարաբերություններում, քաղաքական պայքարում, ընտրություններում, կործանում ենք հարազատին, մտերիմին: Վ. Վարդերեսյանի հերոսուհին կոչ է անում ապրել հանուն բարոյական արժեքների եւ այն բանի, որ մարդկային վիրավորանքը չտանի ատելության եւ առավել մեծ բարոյական ավերներ գործի մեր ու երկրի կյանքում:

«Հասարակությունը ինձ բոզ դարձրեց, հիմա ես երկիրը պիտի վերածեմ բոզանոցի»,- ասում է տիկին Ցախանասյանը, որովհետեւ 45 տարի առաջ նրա սիրած տղան՝ Ալֆրեդ Իլը, իմանալով այն մասին, որ Կլարա Ցախանասյանը երեխա է սպասում իրենից, կեղծ ցուցմունքներ տվեց, թե իբր անմեղ էակը իրենը չէ: Քաղաքից դուրս վռնդեցին Կլարային, որը դարձավ պրոֆեսիոնալ մարմնավաճառ՝ այդպես էլ չգտնելով իր անձնական երջանկությունը: Նա եկել է գավառային Գյուլեն քաղաքը՝ իր ծննդավայրը, որը թաղված է աղքատության մեջ եւ 1 միլիարդ դոլար գյուղացիներին տալով՝ պահանջում է սպանել Ալֆրեդին: Հանուն փողի՝ չքավոր համաքաղաքացիները դավաճանում են այն մարդուն, որին պատրաստվում էին քաղաքապետ ընտրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել