Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆ» ԱՎԱՐՏՎԵՑ

Մայիս 21,2009 00:00

\"\"Երեկ, մայիսի 20-ին, 66 տարեկանում կյանքից հեռացավ հայտնի ու սիրված սովետական եւ ռուս դերասան Օլեգ Յանկովսկին: Յանկովսկին տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով:

Օ. Յանկովսկին ծնվել է 1944թ., Ջեզկազգանում՝ Ղազախստան: Ավարտելով Սարատովի թատերական ուսումնարանը՝ աշխատանքի է անցել Սարատովի դրամատիկ թատրոնում (1967-1973թթ.): «Ապուշի» բեմականացման մեջ իշխան Միշկինի դերը կատարելուց հետո, դերասանը հրավեր է ստանում Լենինյան կոմերիտմիության անվան («Լենկոմ») թատրոնից, որտեղ աշխատում էր մինչեւ իր կյանքի վերջին օրը: Իսկ կինոյում սկսել է նկարահանվել 1968-ից:

Օ. Յանկովսկին խաղացել է «Ցուցակներում ընդգրկված չէր», «Պայծառատեսը», «Լավատեսական ողբերգություն», «Համլետ», «Էմիգրանտների դպրոց», «Ճայը», «Բարբարոսն ու հերետիկոսը», «Բալակիրյովի խեղկատակը», «Ամուսնություն» եւ շատ այլ ներկայացումների մեջ: Նկարահանվել է ավելի քան հարյուր ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են «Այն նույն Մյունհաուզենը», «Թռիչքներ երազում եւ արթմնի», «Գերող երջանկության աստղը», «Իմ քնքուշ եւ նուրբ գազանը», «Սովորական հրաշքը», «Կայսերասպանը» եւ այլն: Օլեգ Յանկովսկին ԽՍՀՄ ժողովրդական դերասան է (1991թ.), Լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1977թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1987թ.): Պարգեւատրվել է «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» 4-րդ, 3-րդ, 2-րդ աստիճանի շքանշաններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել