Այսպես գնահատվեցին Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտների դիպլոմային աշխատանքները
Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտները երեկ Հայաստանի Նկարիչների միությունում ներկայացրին իրենց դիպլոմային աշխատանքները: Թեմաները տարբեր էին՝ բնանկար, պատմություն, կրթություն, սեր, անգամ՝ քաղաքականություն:
Քաղաքական թեմայով ներկայացված էր մեկ աշխատանք՝ շրջանավարտ Երվանդ Պետրոսյանի «Քաղբանտարկյալը» գործը: «Եթե հայ երիտասարդությանը մտահոգեր եւ անհանգստացներ մեր երկրի քաղաքական վիճակը նույնքան, որքան ինձ, ապա այսօր ամեն ինչ այսքան վատ չէր լինի»,- երեկ Նկարիչների միությունում տեղի ունեցած դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ ասաց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժնի շրջանավարտ Երվանդ Պետրոսյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նկարագրեց. «Աշխատանքս կոմպոզիցիոն հորինվածք է, չունի կոկրետ հասցեատեր: Ուղղված է ամբողջ աշխարհում բռնակալության դեմ: Կերպարս դրական է, լավ մարդ: Մարդ, որն անմեղ բանտարկված է»: Երվանդի խոսքով, նկարը զուտ քաղբանտարկյալի մասին չէ. «Ճիշտ է, աշխատանքս անվանել եմ «Քաղբանտարկյալ», բայց չեմ ուզում, որ դա ընկալվի որպես քաղբանտարկյալի մասին պատմություն: Չեմ վախենում, բայց չեմ էլ թաքցնում, որ այդ թեման մի փոքր վախենալու է, դրա համար աշխատանքս մեծ ենթատեքստ ունի»: «Քաղբանտարկյալում» պատկերված է բանտարկյալ, որին քննիչ-կատարածուն մեղայականն է «հրամցնում»՝ ստորագրելու, վերջինս էլ արհամարհում է իրեն ուղղված մեղայականը: «Կերպարս կոնկրետ ինչ-որ մեկը չէ, ուղղակի մարդ է, որը խորհրդանշում է ուժ, կամք, արհամարհում է ներկայիս իրականությունը… Կերպարս ազատ մարդն է, հայրենիքը, սերը»,- ասաց շրջանավարտը: Ե. Պետրոսյանը նաեւ հավելեց. «Այսօրվա հայկական իրականությունը նմանեցնում եմ 37 թվի՝ ստալինյան ժամանակաշրջանին: Ամեն ինչ նույնն է, միայն մարդկանց անուններն ու ժամանակն է փոխվել: Նկարս իմ բողոքի ձայնն է ընդդեմ այն ամենի, ինչին անտարբեր է երիտասարդությունը: Նկարովս փորձում եմ ասել, որ հարկավոր է անհանգստանալ ներկա քաղաքական վիճակով, հայրենիքով…Ես մեծացել եմ մի տան մեջ, որտեղ ամեն ինչից առաջ դրված է եղել հայրենասիրության հարցը: Հորս գրեթե չեմ տեսել. ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ… Այդ տարիներին եղբորս հետ ստիպված եմ եղել ծառ գողանալ, որպեսզի տունը տաքացնեինք: Այդ շրջանից ի վեր մեջս հայրենիքի, ազգի հանդեպ սերն ու անհանգստությունը բույն դրեց…»,- ասաց ապագա գեղանկարիչը:
Երվանդի կուրսեցի Շուշանիկ Գրիգորյանն էլ մտահոգված է պատմանկարչության վերածննդով: Նա ներկայացել էր «Արգիշտի Առաջինի թագադրությունը Խալդ Աստծո տաճարում» պատմական թեմայով աշխատանքով: Մեզ հետ զրույցում աղջիկն անկեղծացավ, որ երազում է դառնալ մեծ պատմանկարիչներ՝ Էդուարդ Իսաբեկյանի, Վարդգես Սուրենյանցի հետնորդը: Թեմայի ընտրության մասին Շուշանիկն ասում է. «Պատմական թեմաներն ինձ հոգեհարազատ են: Գուցե այդ թեմաներով նկարները, ոմանց կարծիքով, գեղանկարչության մեջ այնքան էլ հրատապ չեն, բայց, իմ համոզմամբ, պատմական թեմաները ժամանակ եւ հրատապություն չեն ճանաչում: Դասական գեղանկարչությունը պետք է վերածնել, դրա կարիքը հայկական գեղանկարչությունը շատ ունի»:
Աշխատանքների շարքում կային նաեւ ռեալիստական նկարներ: Մի քանի անհատական ցուցահանդեսների հեղինակ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Լիլիթ Արսենյանը ներկայացել էր «Խաղի վերջը» ռեալիստական գեղանկարով: «Պատկերել եմ շախմատ խաղացող պապիկների, որոնք անհոգ, անվրդով խաղում են: Աշխատանքովս ուզում եմ ասել, որ այս կյանքը խաղ է, եւ ամեն մարդ իր կյանքի մայրամուտին խաղում է վերջին խաղը: Նկարովս ցանկանում եմ, որ մարդիկ կյանքի վերջում անհոգ լինեն ու կյանքից գոհացած՝ իմ հերոսների նման»,- ներկայացրեց Լ. Արսենյանը:
ՀՀ վաստակավոր նկարիչ, Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանի խոսքով, գեղանկարչության ապագան վստահելի ձեռքերում է, բայց վարպետանալու տեղ դեռ շատ կա. «Երիտասարդ ստեղծագործողների մեջ գնահատում եմ ճկունությունը: Այսօր տասնյակ աշխատանքներ են ներկայացված, որոնցում մեծ է ազատությունը, համարձակությունը: Բայց պատասխանատվության, փորձի պակասի արդյունքն է երեւի, որ շրջանավարտներն իրենց գիտելիքները լիարժեք չեն կարողացել ներկայացնել աշխատանքներում»: