Միջպետական համաձայնագրերի շրջանակներում արտասահմանում կրթությունը շարունակելու մեկնած ուսանողները թոշակի, գիտղեկավարի հետ կապված եւ այլ խնդիրներ են ունենում:
Արտասահմանյան բուհերում կրթությունը շարունակելը, մասնագիտական հմտությունները զարգացնելն այսօր հացուջրի պես անհրաժեշտ է դարձել երիտասարդ մասնագետների համար: Պատճառը մի կողմից օբյեկտիվ է, քանի որ կրթական նոր համակարգերին, աշխարհում տվյալ բնագավառում կատարվող անցուդարձին տեղյակ լինելն ու վերջին նորույթները կիրառելը իրականում բազում հնարավորություններ է ստեղծում երիտասարդ մասնագետի համար: Մյուս կողմից էլ արտասահմանյան կրթության տենչը պայմանավորված է որոշ սուբյեկտիվ հանգամանքներով: «Արտասահմանում կրթության ստացած» արտահայտությունը լավ է հնչում, հետո երիտասարդները հույս ունեն, որ կրթություն ստանալու քողի տակ կկարողանան ճարպկորեն հաստատվել արտասահմանում, կամ էլ հայրենիք վերադառնալուց հետո բարձր վարձատրվող աշխատանք կգտնեն մասնավոր ընկերություններում, կամ ոչ այնքան բարձր վարձատրվող, բայց «պրեստիժնի» համարվող պետական սեկտորում:
Ուսանողներին՝ արտասահմանյան կրթության գործուղմամբ զբաղվում են թե կառավարությունը, թե մի շարք միջազգային մասնավոր կազմակերպություններ: ՀՀ կառավարությունը տարբեր երկրների կառավարությունների հետ կնքել է միջպետական համաձայնագրեր, որոնց միջոցով իրականացվում են փոխանակման ծրագրեր. հայ ուսանողները մեկնում են տվյալ երկրի այս կամ այն բուհը կրթություն ստանալու, այնտեղից էլ ուսանողներ են գալիս ՀՀ: Նկատենք, որ այն երկրները, որոնց հետ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՆ-ի, իրականացնում է ուսանողների փոխանակման ծրագրեր, հաճախ ուսանողների համար այնքան էլ գրավիչ չեն. օրինակ՝ Ռումինիան, Բուլղարիան, Սիրիան, Չինաստանը, ՌԴ-ն, Եգիպտոսը: Մինչդեռ միջազգային տարբեր կազմակերպություններ ուսանողներին հնարավորություն են տալիս մեկնել շատերի համար երազանք թվացող Ամերիկա, Անգլիա: Թերեւս սա է պատճառը, որ, ինչպես ԿԳՆ միջազգային համագործակցության եւ կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը «Առավոտին» փոխանցեց, սովորաբար հատկացված տեղերն ավելի շատ են լինում, քան դիմորդ-ուսանողները: Օրինակ՝ օրերս ավարտվեցին ՌԴ բուհերում կրթությունը շարունակել ցանկացող ուսանողների համար կազմակերպված քննությունները. ՌԴ-ն հատկացրել էր 99 բուհական եւ 10 հետբուհական կրթաթոշակ, մինչդեռ դիմել էր ընդամենը 24 ուսանող: Վ. Գրիգորյանը մանրամասնեց. «Հաշվի առնելով այն, որ տրամադրված տեղերն ավելի շատ են, քան մեր դիմորդները, այդ պատճառով, եթե տվյալ անձը գոնե անցողիկ շեմը քննությունների ժամանակ հաղթահարում է, նրանց թույլ ենք տալիս մեկնել»: Նկատենք, որ այս դեպքում, ի տարբերություն միջազգային շատ կազմակերպությունների իրականացրած ծրագրերի՝ ճանապարհածախսը ուսանողն է վճարում: Վ. Գրիգորյանի փոխանցմամբ, արտասահմանյան բուհում ուսանողը կրթաթոշակ է ստանում, ապահովվում հանրակացարանով: Մինչդեռ միջպետական համաձայնագրերի շրջանակներում արտասահման կրթության մեկնած որոշ ուսանողների կողմից «Առավոտը» դժգոհություն ստացավ, որ տվյալ երկրի բուհում իրենք կրթաթոշակ չեն ստացել: Այս կապակցությամբ «Առավոտը» պարզաբանում ստացավ Վ. Գրիգորյանից. «Նման բան չի կարող լինել: Երբ միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսանողներ են գործուղվում, իրենք այնտեղ թոշակ են ստանում, դրա չափը սահմանում է այն բուհը, որտեղ նա մեկնել է սովորելու: Իսկ եթե կան նման բողոքներ, ապա դժգոհող կողմը կարող է գրավոր դիմում ներկայացնել կրթության նախարարություն, մենք գործին ընթացք կտանք»: Հետաքրքրվեցինք՝ մի՞թե ԿԳՆ-ն ուսանողին այլ երկիր գործուղելուց հետո չի հետաքրքրվում նրա ճակատագրով, որպեսզի նման դժգոհությունների առիթ չտրվի: Վ. Գրիգորյանն ասաց. «Մենք տեղյակ ենք: Մինչեւ տվյալ կրթական աստիճան ստանալը հսկում ենք տվյալ ուսանողի կրթության ընթացքը: Բացի այդ, ամեն տարի նրանք կուրսը ավարտելուց հետո մեզ տեղեկանք են տրամադրում, որ իրենք ավարտել են եւ տեղափոխվել հաջորդ կուրս»:
«Առավոտին» դիմած որոշ ուսանողներ նաեւ դժգոհում էին, որ այլ երկրում իրենք խնդիրներ են ունենում նաեւ գիտական ղեկավարի նշանակման հետ կապված: Այդ գործընթացը ձգձգվում է, ուստի հետ է ընկնում նաեւ ուսանողի ավարտական աշխատանքի պատրաստման գործընթացը: Այս կապակցությամբ էլ Վ. Գրիգորյանն ասաց. «Այն ուսանողները, որոնք ավարտել են ռուսական բուհեր, բայց գալիս են մեզ մոտ, որպեսզի մեր ծրագրով մասնակցեն եւ այնտեղ ուսումը շարունակեն, իրենց հետ բերում են տվյալ բուհի համաձայնությունը, որ նրանք պատրաստ են ընդունել այդ անձին ասպիրանտուրա եւ ապահովել գիտական ղեկավարով: Իսկ երբ ՀՀ բուհերի ուսանողներն են ուզում գնալ այնտեղ, նրանց պարագայում գիտական ղեկավար գտնելու հարցը բարդանում է, չէ՞ որ գործում է նաեւ մարդկային գործոնը: Մենք փաստաթղթեր ենք ուղարկում, ու ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունը 3 ամսում գտնում է ղեկավարներ»: Կան դեպքեր, երբ նշված խնդիրների պատճառով որոշ ուսանողներ կիսատ են թողնում ուսումը եւ վերադառնում Հայաստան: Այս մասին Վ. Գրիգորյանն ասաց. «Ուրեմն կան ընտանեկան խնդիրներ, որ ետ են գալիս, 6 տարվա մեջ ընդամենը 3 դեպք է եղել, որ մեր կողմից գործուղված ուսանողները ժամանակից շուտ վերադառնան Հայաստան»: Նշենք, որ փետրվար-մարտ ամիսներին իրականացվել են Ռումինիայի, Բուլղարիայի եւ Չինաստանի հետ կրթաթոշակային ծրագրեր: Մոտ օրերին կհայտարարվի մրցույթ Եգիպտոսում ուսանելու համար, օգոստոս- սեպտեմբեր ամիսներին մրցույթ կլինի Սիրիայում սովորելու համար: