Հայրենիք-Սփիւռք լեզուական մերձեցման գործելակերպը
Սկիզբը՝ նախորդ համարներում
Մերձեցումը փոխադարձ է: Հայաստանաբնակ հայի համար հարկ կը լինի ուսումնական ծրագրերում մտցնել դասական ուղղագրութեան եւ արեւմտահայերէնի հիմունքների ուսուցման դասաժամեր, որը խոստացուած էր դեռեւս Ծաղկաձորեան համահայկական խորհրդաժողովում եւ դեռ մնում է որպէս խոստում. Ի լրումն դրա, արեւմտահայ գրականութեան նոր վերահրատարակման առիթներ լինելիս, դրանք հրատարակել բնագրով: Իր հերթին սփիւռքահային արեւելահայերէնի հետ ծանօթացնելու եւ նոյնիսկ եռահնչիւն բաղաձայնները արտաբերելուն վարժեցնելու համար հարկաւոր է Սփիւռքի դպրոցներ գործուղել Հայաստանի Պետական եւ Մանկավարժական համալսարանների շրջանաւարտներին, որոնք պէտք է իմանան դասական ուղղագրութիւն: Անշուշտ, օգտակար կարող են լինել երիտասարդական փոխայցելութիւնները («Արի տուն» ծրագրով) եւ զբօսաշրջութիւնը դէպի Հայաստան, սփիւռքահայ ուսանողների թիւը երկրի բուհերում աւելացնելով, ինչպէս նաեւ սփիւռքահայ ուսուցիչների թիւը՝ ամառնային դասընթացներում:
Սակայն կարծում ենք, որ այս շարքում առաջարկուած մերձեցումներին պէտք է աւելացնել եւս մի շատ արդիւնաւէտ միջոց, այն է՝ հիմնել Սփիւռքի համալսարան, ուր պէտք է ուսուցուի դասական ուղղագրութիւնը, գրաբարի, արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի հիմունքները եւ երկու ճիւղերի գրականութիւնը, անշուշտ նաեւ այլ առարկաներ: Ուսանողները պէտք է լինեն հիմնականում Սփիւռքից (չհամալրուելու դէպքում՝ նաեւ տեղացիներից): Սա կարող է շահագրգռել Սփիւռքի նոր սերունդին՝ ստանալու տեղի վարժարաններում հայեցի կրթութիւն՝ յետագայում բարձրագոյնը հայրենիքի «Սփիւռքի համալսարանում» շարունակելու համար: Այս համալսարանը կարող է լրացնել կամ փոխարինել նիւթականի պատճառով փակուած Սփիւռքի ուսումնական հաստատութիւններին: Խորհրդային տարիներին գործում էր մոսկովեան՝ Լումումբայի անուան համալսարանը՝ արտասահմանեան ուսանողների համար: Եթէ Երեւանում արդէն կան օտար լեզուների հինգ համալսարաններ՝ Բրիւսովի անուան, Եվրոպական, Ֆրանսիական, Սլաւոնական եւ Գերմանական, ինչո՞ւ չունենալ Սփիւռքի համալսարան՝ ապացուցելու համար Սփիւռքի հետ մերձենալու մեր վճռականութիւնը: Այդ համալսարանականները կը շփուեն արեւելահայերէնին, վերադառնալով գաղթօջախները, նոյնը կը սովորեցնեն իրենց աշակերտներին:
Այդ ուսանողները նաեւ կարող են մասնակցել հայրենիքում ընթացող աշխատանքներին (կամաւոր), կը ծանօթանան ազգային աւանդույթներին, տօներին, ազգային մշակոյթին՝ ճարտարապետութեանը, արուեստին, պատմական հնութիւններին, տոհմիկ երգ ու պարին: Կը վերականգնուի արեան յիշողութիւնը: Հնարաւոր է, որ նրանց մի մասը որոշի մնալ հայրենիքում (դառնան հայրենադարձներ), աշխատելու հրատարակչութիւնների ու մամուլի խմբագրութիւններում կամ դպրոցներում (նաեւ Արցախի)՝ որպէս դասական ուղղագրութեան եւ արեւմտահայերենի մասնագէտներ: Կրկին շեշտենք, որ միլիոնների հասնող սփիւռքահայերի մերձեցման առաջին նախապայմանը լեզուական հաղորդակցութիւններն են (բանաւոր եւ գրաւոր), փոխշփումները եւ ոչ թէ նիւթական գործառոյթները:
Հասնենք այն բանին, որ մոռանանք մեր «տարբեր» լինելը եւ չյիշենք, որ Կոմիտասը թրքահայ էր, իսկ Խաչատրեանը՝ թիֆլիսահայ, որ Հրաչեայ Ներսիսեանը, Վահրամ Փափազեանը, Թորոս Թորամանեանը կամ Օհան Դուրեանն ու Յովհաննես Չէքիջեանը արեւմտահայեր են: Բայց միաժամանակ յիշենք, որ թալինցին՝ սասունցին էր, ապարանցին՝ մշեցին էր, գաւառցին՝ բայազետցին էր, մարտունեցին՝ ալաշկերտցին, ջաւախեցին էլ Կարին-Էրզրումից էր, իսկ վանեցին Երեւան գաղթեց ռուսական զօրքի հետ: Գիտակցենք, որ ազգի մէջ խզումը չառաջացաւ բանաւոր խօսքի կամ բարբառների պատճառով. չգիտես ինչու հայաստանցին կարող է հանդուրժել հարեւան շրջանի բարբառով խօսող դրացուն, բայց չունի նոյն ըմբռնողութիւնը արեւմտահայերէնի նկատմամբ: Խզումը առաջացաւ ուղղագրութեան երկփեղկուելու պատճառով, որը յետոյ ազդեց նաեւ բանաւոր խօսքի վրայ:
Այս յօդուածաշարում գիտակցաբար չխորացուեց դասական ուղղագրութեան հիմնախնդիրը, թողնելով դա մի առանձին յօդուածաշարում փաստարկելու, եւ որը այնքան յուզում է Սփիւռքին ու էական դեր ունի մերձեցման հարցերում: