«…Ինքը զինվոր էր, ինքն արթուն էր, զենքն իր ձեռքին էր ու ինքը դրոշմ էր դնում…»
«…Այս հողագնդի վրա անցկացնելու յուրաքանչյուրիս հատկացված ժամերը նաեւ անանձնական հոգսով պետք է ապրել՝ ԱԶԳԻ, ԺՈՂՈՎՐԴԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ համար…». այսպես էր ինքն իրեն ու մեզ պատվիրում Այդինը «Հայաստանի Հանրապետության» առաջին խմբագրականում:
Այդինն ապրել էր առանց ՆԱԵՎ-ի:
Այնպե՜ս գեղեցիկ էր ապրել միայն անանձնական հոգսով:
Այնպե՜ս բացառիկ էր ապրել ԱԶԳԻ, ԺՈՂՈՎՐԴԻ ու ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, որ անպայմանորեն պիտի բացառիկների ճակատագիրն ունենար:
Այդինը «Հայաստանի Հանրապետության» հիմնադիրն էր ու Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից: «…Պետք եղավ՝ ձեռքերի մերկ ափերով պետք է հղկենք պատի մեջ միտումնավոր կամ պատահականորեն հայտնված չեչաքարը…». այսպիսի զգացողություն միայն հիմնադիրներն են ունենում՝ «Հողի», «Ազգի», «Երկրի», «Հացի» ու «Ոգու» հիմնադիրները:
Այդինն այս զգացողությամբ ապրել էր իր երկա՜ր ու կարճ կյանքը, բայց իր երկիրը չէր ունեցել, իր երկիրը Հայրենիք էր եղել ընդամենը, բայց Այդինը երկիր էր ուզում: «…1988-ի փետրվարի 20-ից սկսած, «Հայրենիք» հասկացությունը մեզ համար վերջապես եկավ-ամփոփվեց իր սահմաններում, իր բուն էության մեջ՝ Հայաստան…»: Այդինը չափել էր իր երկրի սահմանները, ճակատամարտ էր տվել երկրի սահմանների համար ու Այդինի երկիրն արդեն նաեւ Պետություն էր: «…Էն տարածքը, որ հող էր ընդամենը, քառակուսի կիլոմետրով հաշվվող քար-լեռ-գետ-սար-ճանապարհ՝ հիմա երկիր է: Հայրենիք: Պետություն…»:
Այդինն «Ավանգարդում» էր ու «Ավանգարդի» չեչաքարը հղկվել էր:
Հետո, երբ ավերակվել էր Այդինի երկիրը, Այդինը Սպիտակում էր ու ցուրտ ու ամայի Սպիտակում, վրանի մեջ Այդինը Սպիտակի թերթն էր «անում»: Էլի չեչաքար էր հղկում:
«…Հիսուսին բերելը՝ ելակետին բերելն է լինելու մեր խնդիրը ու նաեւ նոր թվարկություն սկսելը: Միանգամից: Միաժամանակ: Օրն ու ժամը չեն սպասում, հասցնել է պետք: Մովսես մարգարեի 40 տարին մենք առավելագույնս կարճել ենք պարտ…». ու «Հայաստանի Հանրապետությամբ» Այդինը նոր թվարկություն էր սկսում, սկսում էր «Թուղթ ու գիր»-ով, «Նաեւ հացիվ»-ով, «14-րդ հարկ»-ով, «Փետրվար»-ով, «Մենք»-ով ու կարճում էր Մովսես մարգարեի տարիները, որովհետեւ Այդինը գիտեր, որ «…Հողը զինվորն է պահում: Զենքը ձեռքին, արթուն: Ու խոսքով չէ, ճառ ասելով չէ՝ զինվորի սապոգի դրոշմով է որոշվում հողի պատկանելությունը…»: Ու ինքը զինվոր էր, ինքն արթուն էր, զենքն իր ձեռքին էր ու ինքը դրոշմ էր դնում: Արդեն երկու-երեք սերունդ կա, որ Այդինի դրոշմը տեսել է, զգացել է, Այդինի դրոշմն ուզում է պահի ու պահելու է: Նրա դրոշմները մնալու են: Մնալու են որպես իր ու իր երկրի խղճի, հավատամքի, դավանանքի տարեգրություն: «…Առանց ոգու զենքդ կժանգոտի: Զորքը չի կռվի: Պետությունը չի կայանա: Ոգին՝ լույս է: Բարոյականություն: Ազնվություն: Ազնվականություն: Կամք: Տղամարդկություն…». ու Այդինի համար լույսը, բարոյականությունը, ազնվությունն ու ազնվականությունը, կամքն ու տղամարդկությունը Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Սահյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Զահրատի, Գարեգին Նժդեհի, Վազգենի լուսավոր կերպարներում էին ու Այդինն ուզում էր, որ լույսը նաեւ մերը լինի՝ բոլորինս: Ուզում էր, որ ոգով ապրենք, ոգի ունենանք, ոգով ժառանգ բերենք աշխարհ, ոգով ապրենք ու ոգով գնանք: Այդինին ոգին պահեց: Այդինը չէր ուզում զարկվել: Ինքը գիտեր. «…ով զարկվի՝ դավաճան է…» ու չզարկվեց: Մինչեւ վերջին շունչն իր բարոյականության, իր ազնվության, իր կամքի վրա էր: Իր գրչի հետ էր, իր ստորագրության, իր թղթի՝ սպիտակ թղթի, որն իր պատիվն էր, մեր պատիվը, իր ու մեր երկրի պատիվը: