ԱՄՆ չափանիշներով, Հայաստանում չկա արդարացի կառավարում
Մայիսի 18-20-ը Սյունիքում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Դեսպանը եղել է Կապանում, Գորիսում, Սիսիանում եւ հանդիպել ինչպես քաղաքապետերին, այնպես էլ հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Մարի Յովանովիչը Մեղրիում չի եղել, բայց խոստացել է հաջորդ այցի ժամանակ անպայման լինել նաեւ այդ քաղաքում:
Դեսպանի այցի հիմնական նպատակը Սյունիքի սոցիալ-տնտեսական իրավիճակին ծանոթանալն է եւ ԱՄՆ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը քննարկելը: Մարի Յովանովիչը եղել է նաեւ Տաթեւի վանքում, Տաթեւի գիտական կենտրոնում եւ հետեւել կենտրոնի նորոգման աշխատանքներին, որոնցում մասնակցություն ունի ԱՄՆ դեսպանատունը՝ մշակութային պահպանության հիմնադրամի միջոցներով: Կապանում գործող «Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնը» ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի աջակցությամբ, Սյունիքի մարզային գրադարանում բացվել է Ամերիկյան անկյուն, նույն USAID-ի ֆինանսավորմամբ է գործում նաեւ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը: Նշված կազմակերպություններում շրջայցից հետո դեսպան Յովանովիչը հայտարարել է, որ աշխատանքների արդյունքներից դժգոհ չէ, սակայն միշտ էլ հնարավորություն կա առավել արդյունավետ աշխատել, ի վերջո՝ բոլոր ծրագրերը միտված են բնակչությանը օգնելուն: Տիկին դեսպանը, խոսելով «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցներով Սյունիքի համայնքային ճանապարհները նորոգելու մասին, հայտարարել է, որ հարցը քննարկվելու է կորպորացիայի տնօրենների խորհրդի հունիսին կայանալիք նիստում:
Մարի Յովանովիչը նաեւ պարզաբանել է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի օգնության տրամադրման պայմանները: «Երեք առանձին կատեգորիայում սահմանված ցուցանիշներ կան, որոնց համապատասխանությունը պիտի ապահովվի, եւ չափանիշներից մեկը արդարացի կառավարումն է: Արդարացի կառավարման կատեգորիայի ցուցանիշների մասով Հայաստանը չի համապատասխանում, ուստի սրա հետ կապված Միացյալ Նահանգներում մտահոգություններ կան»,- հայտարարել է դեսպանը:
Սիսիանում դեսպանը զրուցել է ուսուցիչների հետ, այցելել USAID-ի եւ «Եվրասիա» հիմնադրամի համատեղ ֆինանսավորմամբ գործող «Միգրացիոն կենտրոն», եղել «Արմեն Անդրեասյան» ՍՊԸ-ում եւ ծանոթացել ընկերության հանքարդյունաբերության աշխատանքներին:
Այցի ավարտին ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ շատ կարեւորում է մարզի հետ գործակցությունը եւ փորձելու է էլ ավելի խորացնել համագործակցությունը: