Անասնաբույժը մեղադրում է լրագրողներին եւ գյուղացիներին, գյուղացիները՝ պատկան մարմիններին
Արդեն մի քանի ամիս է՝ ինչ հանրապետության Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզերում բրուցելոզի դեպքեր են գրանցվում: Սյունիքում հիվանդությունը բռնկվել էր Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղում, որտեղ այս տարվա ընթացքում արդեն սպանդի է ենթարկվել 154 գլուխ կենդանի: Ծղուկում տարվա այս հատվածին ոչ բնորոշ տեսարան է՝ խոտի դեզերի առատություն: Դե, գյուղում անասուն չկա՝ էսպես մնացել է: Մարդկանց հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է, իսկ հողագործության համար բնակլիմայական պայմաններ չկան:
64-ամյա Պարգեւ Բաբաջանյանն «Առավոտին» պատմեց, որ իր գոմում 25 կթու կով է ունեցել, պարզվել է՝ բոլորն էլ բրուցելոզով հիվանդ են: Վաճառել է հիվանդ անասուններին ու նորերը գնել: Սակայն բողոքեց, որ մեկ միլիոն դրամից ավելի վնաս է կրել. 300-350 հազար դրամ արժեցող կաթնատու անասուններին վաճառել է 100-110 հազարով: Գյուղացիներն ասացին, որ Սյունիքի մարզպետը խոստացել է փոխհատուցում տալ ու սպասում են: «Եթե փոխհատուցում չլինի, միակ ելքն այստեղից թողնել-գնալն է, ուրիշ ելք չեմ տեսնում: Մեր հալը, վիճակը՝ էս ա: Լույսը, գազն էլ էնքան թանկացրին, որ միայն գազի փողը չենք կարա տանք, որ գոմից դուրս գալուց լողանանք, մաքրվենք: Ես էս գյուղում ծնվել, մեծացել եմ, ոչ մի օգնություն գյուղացուն չեն տվել, ես այդպիսի բան չեմ հիշում»,- իր հերթին սրտնեղեց Պարգեւ Բաբաջանյանի կինը՝ Սուսաննան:
Ծղուկում ծնված Պարգեւ Բաբաջանյանը չհիշեց Ծղուկի պատմության մեջ այսպիսի չափերի հասած համաճարակ. «Ես գիտեմ, որ գյուղում 600 գլուխ հիվանդ անասուն է եղել, բայց ասում են՝ 150 է: Մարդ կա՝ հիմա ոչ մի կով չունի: Պատճառն այն էր, որ գյուղից մի քանիսն անասուններին տարան Ղարաբաղ՝ էդտեղից եկավ վարակը,- ասաց նա, հետո էլ ավելացրեց:- Գիտե՞ք ինչ գումարներ եմ ծախսել էս մնացած խոտի վրա, 40 կմ հեռավորությունից եմ բերել, հեշտ չի… Կմնա անձրեւի տակ, կփչանա, ի՞նչ պետք է անենք, մի օր կվառենք- կգնա»: Այսքանով, սակայն, Բաբաջանյանների հոգսերը չեն ավարտվել: Պարզվել է, որ նրանց 27-ամյա որդին՝ Հայկը, եւս հիվանդ է բրուցելոզով:
Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, Սիսիանի տարածաշրջանի տեսուչ Ժեւիկ Սանթրյանը մեզ հետ զրույցում մեղադրեց լրագրողներին, որ բրուցելոզ հիվանդության մասին մարդկանց մոտ ոչ ճիշտ պատկերացում է ձեւավորվել: «Թերթեր կան, որ իրականությունը վերցնում, գլխիվայր շուռ են տալիս, ու զարմանում ես՝ էդ մարդիկ գրում են ուղղակի գրելո՞ւ, թե՞ ինչ-որ բանով օգնելու համար»: Ըստ մասնագետի՝ Ծղուկում բրուցելոզի տարածումը միանգամից չի սկսվել. «Արդեն 10 տարի Ծղուկում այդ հիվանդությունն անընդհատ ծխում էր, մենք չէինք կարողանում կանգնեցնել, ամեն ստուգման ժամանակ մի քանի գլուխն էր հիվանդ լինում: Ես ինքս որոշեցի, որ հունվար ամսին ամբողջ կենդանիներին ստուգեմ՝ մոտ 709 գլուխ, որից 101-ը հիվանդ էր: 47-ն էր կով, 60-ը մատղաշն էր, որոնք ես կարող էի չստուգել: Փետրվարին 500-ից ավելի ստուգեցինք, որից հիվանդ էր 28 գլուխ: Մարտին՝ 520 գլխից դուրս եկավ 13 գլուխ հիվանդ»:
Բրուցելոզով հիվանդ մարդկանց մասին էլ ասաց. «Լուրեր տարածվեցին, թե 33 հոգի հիվանդ է բրուցելոզով, նման բան չկար, լուրերը սուտ էին: Արյունը ուղարկեցինք Երեւան՝ ստուգելու: Միանգամից աղմուկ բարձրացավ, այնինչ ստուգումից պարզ դարձավ, որ 10 հոգին են հիվանդ եղել, որոնք էլ խրոնիկ՝ 20-30 տարվա հիվանդ էին (առողջապահության նախարարության տվյալների համաձայն, բրուցելոզով վարակված է Ծղուկի 15 բնակիչ- Լ. Խ.): Ծղուկում հիվանդ մարդ է եղել, որ անասուն ընդհանրապես չի ունեցել»: Մասնագետը հիշեցրեց. «Եթե կենդանու մոտ վիժում չկա, առանց սահմանափակման կենդանու միսը կարելի է օգտագործել, նույնիսկ հում միսը: Միկրոբը 72 աստիճանում մահանում է: Մարդիկ, հավանաբար, տեղեկացված չեն եղել եւ ընկել են ահուսարսափի մեջ»:
Ինչպես նշեց պարոն Սանթրյանը. յուրաքանչյուր գյուղում տարեկան 2 անգամ անասունների ստուգում է անցկացվում: Շատ հաճախ վարակների տարածման համար հենց գյուղացիներն են մեղավոր, որովհետեւ, երբ մասնագետները զգուշացնում են կենդանու՝ հիվանդ լինելու մասին, մարդիկ կամ չեն հավատում, կամ լուրջ չեն վերաբերվում: Գյուղացիներն էլ պատասխան մեղադրանք են ներկայացնում: Ծղուկի բնակիչները պատմեցին, որ համագյուղացիներից մեկին ստուգել են, ասել են հիվանդ չէ, հետո երբ նույն անձը ստուգվել է Երեւանում, պարզվել է՝ հիվանդ է: «Իրանց վրից քցելու համար, որ չասեն՝ էսքան բրուցելոզ ա, տեսեք՝ ո՜նց են խաբում ժողովրդին»,- ասաց Ծղուկի բնակիչ տիկին Սուսաննան:
Ժեւիկ Սանթրյանի խոսքերով՝ այսօր ամենագլխավոր հարցը համապատասխան սպանդանոցների բացակայությունն է. «Այն ժամանակ կար Կապանի մսի կոմբինատը եւ բոլոր հիվանդ, նիհար կենդանիներին տանում էին այնտեղ: Իսկ այսօր պրոբլեմ ունենք»: Մեր զրուցակցի տվյալներով՝ Ծղուկի բնակչության 30%-ն է անվճար ստուգվել, մյուսներին լուրեր են հասել, թե ստուգվել ցանկացողները պետք է որոշակի գումար վճարեն: Սանթրյանի տեղեկություններով՝ մարդիկ ոչ վճարել են, ոչ էլ ստուգվել: Բրուցելոզով հիվանդ 27-ամյա Հայկը բողոքեց. «Ժողովրդին խաբեցին, լիարժեք բուժում չարեցին: Մի երկու հատ դեղ անվճար տվեցին, հետո թուղթը տվեցին ձեռս, ասին՝ տարեք ձեր համար դեղ առեք, սրսկվեք»: Ի դեպ, մարտ ամսվա տվյալներով, բացի Ծղուկից, բրուցելոզով հիվանդ կենդանիներ են եղել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Շաքի եւ Սառնակունք գյուղերում: