Սեփականատերը, անկախ իր կամքից, զրկվել է սեփականությունից
«Մանե» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Թորոսյանը 2003թ. վաճառել է ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող Երեւանի Կոմիտասի 1 հասցեում գտնվող տարածքը (վարսավիրանոց) եւ յուրացրել վարսավիր Մարգարիտա Խաչատրյանի 3,11% բաժնեմասը: Վերջինս այդ մասին տեղեկացել է՝ վերադառնալով ֆիզարձակուրդից:
Դեպքի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում 2004թ. մարտի 17-ին հարուցվել էր քրգործ: 2004թ. օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Ա. Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով, նկատի ունենալով, որ նախաքննությամբ չի հիմնավորվել եւ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել Ա. Թորոսյանին մեղադրանք առաջադրելու համար: Քրեական գործը՝ հարկային պարտավորություններից խուսափելու համար, ուղարկվել էր դատարան, եւ Ա. Թորոսյանը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել տուգանքի՝ 500 000 դրամի չափով, 1 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով:
2006թ. Մարգարիտա Խաչատրյանը քաղհայց է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Ա. Թորոսյանի եւ Անուշավան Համբարձումյանի, որը բավարարվել էր մասնակի: Դատարանը վճռել էր Արսեն Թորոսյանից բռնագանձել 801 889 ՀՀ դրամ, որպես պատճառված վնասի փոխհատուցում: Իսկ ՀՀ տնտեսական դատարանի 2007թ. սեպտեմբերի 11-ի վճռով Արսեն Թորոսյանը ճանաչվել է սնանկ: Այսօր գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան:
Ի դեպ, Մ. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դիմել է նաեւ ՀՀ Առաջին տիկնոջ գրասենյակ՝ բողոքելով վերաքննիչ դատարանի դատավոր Դանիել Խաչատրյանի եւ Երեւանի նախկին քաղաքացիական դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի դեմ: Սակայն բողոքն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ Լիլիթ Թադեւոսյանին: Մ. Խաչատրյանը հավաստիացնում է, որ Լիլիթ Թադեւոսյանը նույնիսկ չի ընդունել իրեն եւ իր փաստաբանին, իսկ բողոքը, չգիտես ինչու, հայտնվել է կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանի ձեռքում: «Այն Աշրաֆյանի, որի դուստրը՝ Ն. Աշրաֆյանը, 2005թ. զբաղեցնում էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնականի պաշտոնը»,- գրել է Մ. Խաչատրյանը:
«Առավոտին» դիմած Մ. Խաչատրյանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գործը քննելիս խախտել է նյութական եւ դատավարական մի շարք օրենքներ: Մ. Խաչատրյանի պնդմամբ, դատարանը չի կիրառել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1952թ. լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի սկզբունքը՝ «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից», որից հետեւում է, որ վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, թե իր բաժնեմասի դիմաց փոխհատուցում ստանալու վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, չի կարող լինել սույն գործով հայցի մերժման հիմք: «Համաձայն ՀՀ քաղօրի 275 հոդվածի 1-ին մասի, սեփականատերն իրավունք ունի պահանջել իր գույքը, եթե այդ գույքն իր տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից կամ էլ հափշտակվել է: Վերաքննիչ դատարանը այս հոդվածը չի կիրառել, ինչպես նաեւ չի կիրառել մի շարք այլ հոդվածներ, որոնց արդյունքում իմ ընտանիքը զրկվել է կերակրելու միակ միջոց հանդիսացող սեփականությունից»,- ասաց Մ. Խաչատրյանը: