Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԿԱՄԱԶՐԿՈ՞Ղ ԷԻՆ ՆԵՐԱՐԿԵԼ

Մայիս 21,2009 00:00

Գագիկ Ջհանգիրյանը կանխատեսում էր դատարանի կայացնելիք որոշումը

\"\"Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր վճիռը՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 23-ին կայացրել էր դատավճիռ, ըստ որի՝ Ջհանգիրյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ 316 հոդվածի 1-ին մասով:

Պաշտպանները դիմել էին վերաքննիչ դատարան, պահանջելով բեկանել որոշումը եւ ազատ արձակել Ջհանգիրյանին, որն անազատության մեջ է 2008 թվականի փետրվարի 23-ից: Ջհանգիրյանն ու իր փաստաբաններն այդ ձերբակալությունը կապում են դրանից մեկ օր առաջ գլխավոր դատախազի նախկին տեղակալի՝ Ազատության հրապարակում ունեցած ելույթի հետ, որտեղ նա արտահայտել էր իր քաղաքական ընդդիմադիր դիրքորոշումը: Երեկվա դատական նիստը բոյկոտել էին մեղադրյալի փաստաբանները, նիստին չէր ներկայացել ինքը՝ Գ. Ջհանգիրյանը, նրա հարազատները, նաեւ մեղադրող Կորյուն Փիլոյանը: Նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը, փաստորեն, մերժումը կարդաց միայն լրագրողների համար, քանի որ դահլիճում նրանցից բացի այլ մարդ չկար: Նիստը տեւեց մոտ երկու րոպե: Նախորդ դատական նիստի ժամանակ Գ. Ջհանգիրյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Ենթադրում եմ, որ ծանոթացել եք ձեր դիմաց դրված շինծու քրեական գործի նյութերին, մեր վերաքննիչ բողոքի հիմքերին ու փաստարկներին: Ճանաչելով ձեզանից յուրաքանչյուրին, պատկերացնում եմ, թե ինչ ճնշումների ու կապանքների մեջ եք: Ձեզ էդ ի՞նչ չափաբաժնով եւ ի՞նչ կամազրկող են ներարկել, որ ինձ անհապաղ չեք ազատել ապօրինի կալանքից: Այսքանից հետո, առնվազն ձեր մասով, ամեն ինչ պարզ է: Անկեղծ ասած, մարդկային ու անձնական ցավ եմ ապրում ոչ միայն ձեր, այլեւ հայկական արդարադատության ու իրավապահ համակարգի այսօրվա սատկած, ամորձատված վիճակի համար: Ուր մնացին մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատական վերահսկողությունը, արդար դատաքննությունը՝ պարոնայք դատախազներ, դատավորներ: Տեսե՞լ եք մեկ այլ երկիր, որտեղ դատական համակարգը արդարադատության գործընթացին օժանդակելու կոչված իրավապահ մարմինների հետ, համակարգված հանցակցությամբ, արդարադատության դեմ ուղղված նման մասշտաբի ու ծավալի ծանրագույն հանցագործություններ կատարի:

Քաղաքական բանտարկյալներիս գործերով, աչքերներդ փակած՝ համատարած մերժել ու մերժում եք վերաքննիչ բողոքները, վճռաբեկն էլ՝ մեկ-երկու բացառությամբ, ուղղակի վարույթ չի ընդունում: Մի՞թե ամոթ չէ, գետինը չեք մտնում: Հետո պահանջում եք, որ ժողովուրդը ձեզ հարգանքով վերաբերվի, դահլիճ մտնելիս ոտքի կանգնի, ձեր ակտերի հրապարակումը չուղեկցի անեծքով ու հայհոյանքներով: Այնպես որ, պարոնայք դատավորներ, դատախազներ ու քննիչներ, դուք վարչախմբի ձեր պարագլուխների հետ համապարտ պատասխանատվություն եք կրում հայրենի դատական ու իրավապահ համակարգի կամավոր էֆթանազիայի համար: Ոչ միայն ես՝ իրավագետս ու դատախազս, այլեւ ողջ հայ ժողովուրդը սպասելիք ու ակնկալիք չունի, ձեզ հետ որեւէ հույս չի կապում, քանի դեռ դուք, իբր անկախ ու ինքնուրույն, իրականում շղթայված ու կախված եք ձեր սեփական վախից ու սարսափից, ինչպես մանկական թատրոնի խամաճիկները՝ իրենց շարժումները թելադրողներից: Եթե Վարդանյան Ժորան մեն-մենակ կարողացավ հարձակման զոհ դարձած Ջհանգիրյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել, թքելով բոլոր գրված ու չգրված օրենքների, մարդկային ու բարոյական նորմերի վրա (ընդ որում, ոչ ծառից ընկավ, ոչ էլ սրտի տագնապ ունեցավ՝ առայժմ), ուզում եմ հուսալ, որ եռակազմիդ համար արձակված դատավճիռը ուժի մեջ թողնելը առանձնապես մեծ ջանքեր չի պահանջի ու առողջական պրոբլեմներով զուգորդված լրացուցիչ հոգեկան տառապանքներ ու տվայտանքներ չի պատճառի: Ձեր կողմից կայացվելիք որոշմանը փիլիսոփայորեն եմ վերաբերվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել