Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքներ՝ անտեսված պետության կողմից

Մայիս 21,2009 00:00

55-ամյա տիկին Անուշն ունի 5 երեխա: Նրա ամուսինը մի քանի տարի առաջ մահացել է: 6 հոգանոց ընտանիքը մի կերպ է յոլա գնում: Ինչպես ինքն է նշում, չի կարողանում ոչ 2 ուսանող երեխայի ուսման վարձը վճարել, ոչ էլ սննդի ու առօրյա հոգսերը հոգալ: «Ես բազմազավակ մայր եմ համարվում: Կոմունիստների ժամանակ էլի որոշ չափով հարգում էին իմ նմաններին, նրանցով հպարտանում, մեկ-մեկ խոսում էին մեր մասին: Հիմա ոչ ոքի չենք հետաքրքրում. կա՞նք, ինչպե՞ս ենք գոյատեւում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Անուշ Գասպարյանը:

Մեր երկրում բազմազավակ ընտանիքների հարցերով զբաղվող որեւէ պետական մարմին չկա: Նրանց խնդիրները քիչ թե շատ լուծում են հասարակական կազմակերպությունները: «Հայաստանի մայրերի կենտրոն» կազմակերպության նախագահ Սուսաննա Ասլանյանի խոսքերով, թեեւ իրենք հիմնականում զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ, բայց երբեմն շփվում են բազմազավակ ընտանիքների հետ.«Բազմազավակ ընտանիքը սոցիալապես ամենաանապահով խավն է: Նրանք զրկված են պետական աջակցությունից եւ ծանր կացության մեջ են: Նման ընտանիքները այսօր շատ քիչ են, որովհետեւ ծնելիության մակարդակը իջել է, բայց «հին» ընտանիքները, որոնք ձեւավորվել են տասնամյակներ առաջ, գտնվում են անմխիթար վիճակում»: Ինչպես Ս. Ասլանյանն է վկայում, այսօրվա բազմազավակը չի կարող իր երեխային զեղչով կրթության տալ եւ լուծել ինչ-ինչ խնդիրներ: Տեղեկացանք, որ այդ ընտանիքները կենտրոն են դիմում տարբեր խնդրանքներով: Ս. Ասլանյանի խոսքերով՝ «Եթե ուրիշ երկրներում բազմազավակ ընտանիքները պետության հարստությունն են եւ համարվում են ամենաապահովված ընտանիքները, ապա Հայաստանում, ցավոք, ամենաանապահովներն են»:

Կենտրոնը, ըստ Ս. Ասլանյանի, նյութական օգնությունից բացի, փորձում է նաեւ այդ ընտանիքների անդամներին ապահովել աշխատանքով: «Կանանց սովորեցնում էինք տնայնագործության արհեստը՝ կարուձեւ եւ վճարում իրենց աշխատանքի դիմաց: Սակայն նրանցից շատերը հրաժարվում էին այդ աշխատանքներից, քանի որ ավելի հեշտ էր ցանկացած ժամանակ դուռը թակել եւ օգնություն ստանալ: Նրանք սովորել էին վաստակել՝ առանց աշխատելու»,- ասաց Ս. Ասլանյանը: Նրա խոսքերով, ինչ վերաբերում է ավելի բարձրակարգ աշխատանքներին, ապա իրենք առաջարկել չեն կարող, քանի որ նրանց մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները եւ մասնագիտական տվյալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել