Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԾԱՂԿՈՒՄ Է

Մայիս 21,2009 00:00

Բնակիչների հոսքը հակակոռուպցիոն կենտրոններ՝ չեն դադարում

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ քաղաքացիների իրավունքների ոտնահարման ու կոռուպցիայի դրսեւորման մի քանի աղաղակող փաստեր ներկայացրեց, որոնք առնչվում էին Շիրակի մարզի վարչական դատարանին, Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքին, Սպիտակի հարկային տեսչությանը, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Ախուրյանի տարածքային բաժնին եւ այլն:

Նշենք, որ Լեւոն Բարսեղյանը անցած տարվա հոկտեմբերից ղեկավարում է նաեւ Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնը: Ըստ նրա՝ իրենց կենտրոնը 3 դատական գործ է նախաձեռնել, որից 2-ը Գյումրիի թիվ 19 դպրոցի խորհրդի անդամների դատական հայցերն են՝ Շիրակի մարզպետի դեմ: «Մեր կենտրոնը վստահ է, որ Շիրակի մարզպետը վերազանցել է իր պաշտոնական լիազորությունները, ապօրինի եւ անհեթեթ կարգադրությամբ դադարեցրել է խորհրդի անդամների լիազորությունները: Դուք տեղյակ եք, որ դատական հայցեր են եղել, մեկ գործով՝ Ռուզաննա Մովսիսյանն ընդդեմ Շիրակի մարզպետի, դատաքննությունն ավարտվել է, բայց մինչեւ վճիռը հայցվորը մահացել է, իսկ դատավոր Էդիկ Նահապետյանը վճիռը հրապարակելու փոխարեն, նստած տեղում քթի տակ ինչ-որ բաներ է խոսել, ոչ այնքան հասկանալի ներկաներին, մոտ 20 հոգի մարդ է եղել դահլիճում, մարդիկ կարողացել են զանազանել ընդամենը մի քանի բառ, թե գործը ուղարկվում է վերաքննության, այնինչ, տրամաբանությանը համապատասխան, գործը պիտի կարճվեր, երեկ, սակայն, դատավորի քարտուղարուհու հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում նա ասաց, որ գործը կարճվել է, եւ իբրեւ այդ որոշումը կարճվել է եւ ընթերցվել է ապրիլի 21-ին, վճիռը ընթերցելու օրը, որը, սակայն, ըստ ականատեսների, տեղի չի ունեցել»: Նրա ներկայացրած 2-րդ օրինակը անձնագրային վեճի մասին էր: Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության տեսուչներից մեկը քաշքշուկներ է ստեղծել Վրաստանից վերադարձած 57-ամյա Մնացական Գեւորգյանի նկատմամբ՝ չթույլատրելով անձնագիր ստանալ: Վերջինս էլ դիմել է հակակոռուպցիոն կենտրոն, որից հետո միայն տեսուչը բարեհաճել է քաղաքացու խնդրանքը բավարարել: Էմանվել Հարությունյանն էլ, որը 23 տարվա աշխատանքային ստաժ ունի, 2007-ից անցնելով թոշակի, սկզբում ստացել է 4000 դրամ թոշակ, հետո՝ 6000, 8000, այնուհետեւ, թոշակների բարձրացմամբ պայմանավորված, 2008-ի մարտի 3-ից մինչեւ դեկտեմբեր ստացել է 18 523 դրամ, սակայն 2008թ. նոյեմբեր-դեկտեմբերին նրան «սյուրպրիզ» են արել՝ վճարելով թոշակի գրեթե կեսը՝ 9100 դրամ: Բայց անակնկալները սրանով չեն սահմանափակվել. 2009թ.ի հունվարից նրա կենսաթոշակից 20%-ի չափով հետպահումներ են կատարել՝ պատճառաբանելով, որ անցած ամիսներին շատ են վճարել եւ հիմա ուզում են տեղը հանել: Մի խոսքով, մինչեւ օրս էլ հետպահումները կատարվում են, եւ նա ստանում է 7 հազար 250 դրամ կենսաթոշակ: Պատասխանատուները, այդ թվում եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը դեռ պարզաբանումներ չեն տվել:

Հակակոռուպցիոն կենտրոնին հասցեագրված ամենատխուր պատմությունը զինվորներից մեկի՝ Աշոտ Ոսկանյանի վիրահատության մասին վեճն էր: Նա անցած տարվա մայիսին զորակոչվել է բանակ՝ ծնկների հիվանդությամբ: Ախտորոշման մեջ գրված է՝ «Ծնկահոդի գերշարժունակություն»: Ու չնայած գտել են, որ այս զինվորը պիտանի է ոչ շարային ծառայության համար, այսինքն՝ զենքով, շարքով, վազքով, պահակակետում, պարեկում ծառայություններ մատուցել չի կարող, սակայն նրան ծանրաբեռնել են շարային ծառայությամբ, ինչի պատճառով 2-3 անգամ ընկել է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ: Զինվորն ու նրա ծնողները 2 անգամ փաստաթղթեր են ստացել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետի ու տեղակալի ստորագրությամբ, որտեղ նույն ախտորոշումն է նշվել ու լուծման 2 ուղի են առաջարկել. մեկը վարժանքներն են, մյուսը՝ ծնկների պլաստիկ վիրահատությունը կամ վիրաբուժական ջլամկանային պլաստիկան:

Այս 2 եզրակացություններից հետո ծնողները դիմել են հակակոռուպցիոն կենտրոն, ներկայացնելով, որ վարժանքները օգուտ չեն տալիս, եւ խնդրել օգնել երեխային՝ վիրահատություն կատարելու: Հակակոռուպցիոն կենտրոնն էլ իր հերթին խնդրանքով դիմել է Ռազմաբժշկական վարչության պետին: Շատ չանցած՝ զինվորին վիրահատել են, սակայն բոլորովին այլ վիրահատություն են կատարել: «Այդ վիրահատության լատինական թարգմանությունը նշանակում է հոդադիտում, այսինքն՝ վիրաբուժության միջոցով դիտել, լվացել ու մաքրել են՝ համարելով վիրահատությունը կատարած: Վարժանքի ժամանակ էլ զենքը տվել են ձեռքը, հանել են պոստ, ասել են՝ սա քեզ համար վարժանք է, հասկանում եք, որ վտանգվում է ե՛ւ զինվորի առողջությունը, ե՛ւ Հայաստանի պաշտպանունակությունը: Նոր բողոք ենք կազմել՝ պահանջելով պաշտպանության նախարարից ու վարչապետից, ո՞վ պիտի պատասխան տա բոլորովին այլ վիրահատություն կատարելու համար: Սխալ վիրահատություն կատարելուց հետո նրան ստիպել են քայլել, ամիսուկես էդ էրեխայի ծնկները ցավում են, չի կարող քայլել, բայց նորից տարել են զորամաս: Վիրահատությունը բավականին թանկարժեք է քաղաքացիական կյանքում՝ կարող է $5-10 հազար արժենալ, ծնողները կարիքավոր են, 6 երեխա ունեն, հայրը անդամահատված է, եւ հասկանում եք, որ քաղաքացիական կյանքում դժվար է նման վիրահատություններ անելը, ծնողը չի ասում ազատեք իմ երեխային, ասում է վիրահատեք, թող նորմալ ծառայի բանակում, բայց մերժում են: Ենթատեքստը ինքներդ եք հասկանում, գուցե եւ ինչ-որ բաների ակնկալիքներ են ունեցել, էս մարդիկ չեն կարողացել տալ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը: Նա անդրադարձավ նաեւ Շիրակի մարզում կատարվող ջրագծերի ալան-թալանին եւ Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանի ապօրինի գործողություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել