Լրահոս
Օրվա լրահոսը

13 կիլոմետրի համար՝ 3000 դրամ

Մայիս 21,2009 00:00

Թեեւ տաքսի ծառայությունները հավաստիացնում են, որ 1 կմ-ի արժեքը 100 դրամ է, սակայն նրանցից ոմանք գանձում են կրկնակի:

Որպեսզի տաքսու վարորդները ուղեւորներին չխաբեն, ավելի գումար չվերցնեն ու հարկային դաշտ մտնեն, կառավարությունը որոշում կայացրեց եւ պարտադրեց տաքսի ծառայություններին սակաչափիչներ տեղադրել մեքենաների մեջ: Սակայն հնարամիտ վարորդները, այնուամենայնիվ, միջոցներ գտան անգամ սակաչափիչի պարագայում ուղեւորներից ավելի գումար գանձել: «Առավոտը» տասնյակ բողոքներ է ստանում ուղեւորներից, ովքեր որոշ տաքսի ծառայությունների վարորդների խաբեության զոհն են դարձել: Նրանք դժգոհում են, որ թեեւ մեքենաներում առկա են հաշվիչներ, բայց վարորդները 12 կմ-ի համար ուղեւորից պահանջել են 2000 դրամ, այն դեպքում, երբ 1 կմ-ն արժե 100 դրամ:

Դժգոհություններ են եղել նաեւ Մալաթիայում գործող «Սիրո տաքսի» կամ «Ջուլի» տաքսի ծառայություններից, որից մի քանի օր օգտվեցինք նաեւ մենք: «Սիրո տաքսի» կոչվող ընկերության մեքենաները, իհարկե, սիրով են մոտենում պատվիրատուին, բայց նույնքան սիրով էլ ավելի գումար են գանձում ուղեւորից: Այս տաքսի ծառայությունից օգտվող ուղեւորներից մեկի պատմելով. «Ամեն անգամ 100-200 դրամ ավելի գումար են ուզում: Դե, ես էլ ամեն անգամ չէի դժգոհում, մտածելով՝ եղածը 100 դրամ է, ու քանի որ մեքենաները մեր շենքին մոտ են կանգնում, ինձ հարմար է օգտվել այդ սերվիսից: Սակայն վերջերս, երբ կրկին դիմեցի այդ սերվիսին, այս անգամ ինձնից կրկնակի գումար վերցրին»:

Պատմության իսկությանը հավաստիացանք նաեւ մենք: Մալաթիա համայնքից մինչեւ Էրեբունի համայնք՝ «Սիրո տաքսի» սերվիսի մեքենայի սակաչափիչը ցույց տվեց 28 կմ եւ 2900 դրամ: Երբ զարմացած հարցրի, որ սակաչափիչը գուցե սխա՞լ է ցույց տալիս, քանի որ բազմիցս նույն ճանապարհով անցել եմ ու այլ տաքսիների վարորդները ընդամենը 1300-1400 դրամ են գանձել: Մեր այս խոսքերին ի պատասխան՝ վարորդն ասաց՝ «ես ինչ անեմ՝ էտ ա»: Ստիպված վճարելով 3000 դրամը, հետո դիմեցինք տաքսի ծառայության դիսպետչերներին, որոնք բավականին կոպիտ տոնով ասացին, որ «կարող ենք բողոքել ում ուզում ենք եւ որտեղ ուզում ենք»: Բացի այդ, նրանք մեզ ասացին նաեւ, որ իրենք դեմ են հաշվիչներով տաքսիներին. «Այ, եթե առանց հաշվիչի մեքենա ուզեիք, ընդամենը 14 կմ է՝ 1400 դրամով կտանեինք ձեզ: Ինքներդ հաշվիչով մեքենա պահանջեցիք, տեսաք՝ ինչ եղավ»: Մեր այն պնդմանը, որ գուցե մեքենայի հաշվիչը վնասված է, միգուցե ստուգեն, դիսպետչերները հավաստիացրին, որ «խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է»:

Որպեսզի համոզվենք, որ Մալաթիայից մինչեւ Էրեբունի համայնք ընկած տարածքը 28 կմ չէ, չխնայելով մեր գումարը՝ մեկ այլ տաքսիով նույն վայրից ուղեւորվեցինք դեպի Էրեբունի: Մեքենայի սակաչափիչը ֆիքսեց ընդամենը 13 կմ եւ՝ 1300 դրամ:

Երեկ «Առավոտը» փորձեց նաեւ պարզաբանում վերցնել «Սիրո տաքսիի» տնօրենից: Սակայն աշխատակցուհին մեզ փոխանցեց, որ նման հարցերով ինքն է զբաղվում: Իսկ ինքը զբաղվեց այսպես. «Էնքան գրեք, որ հոգնեք: Ում ուզում եք բողոքեք: Մեր հաշվիչները տենց են աշխատում»: Կրքերը մի քիչ հանդարտվելուց հետո, սերվիսի պատասխանատու աշխատակցուհին հարկ համարեց նաեւ ավելացնել. «Մի քանի հաշվիչ վատ աշխատելու պատճառով՝ հանել-գցել ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել