Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՐՄԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ

Մայիս 21,2009 00:00

\"\"Տարեսկզբից Հայաստանում 1 գրամ ոսկին թանկացել է 29%-ով, սակայն «Արդշինինվեստբանկում» հավաստիացնում են, որ իրենք «ոսկու գնի բարձրացում չեն նկատել»:

Տնտեսական ճգնաժամի պարագայում, Հայաստանում գործող շատ առեւտրային բանկերի համար վարկավորումը դարձավ խիստ ռիսկային, ինչի հետեւանքով էլ նրանք բարձրացրին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Տոկոսադրույքների բարձրացման վրա ազդեց նախ դոլարի լողացող փոխարժեքին անցնելը, եւ ապա այն, որ բնակչության մեծամասնությունը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ավելի հաճախ էր դիմում բանկերին՝ վարկեր ստանալու համար: Արդյունքում, պահանջարկի ավելացումը հանգեցրեց նաեւ տոկոսադրույքների բարձրացման: Սա, թերեւս, ինչ-որ տեղ տրամաբանական է, սակայն անհասկանալի է, թե ինչու որոշ բանկեր սկսեցին գրավադրվող ոսկու մեկ գրամն ավելի էժան գնահատել, քան նախորդ ամիսներին՝ չնայած ոսկին գնալով թանկանում է: Մասնավորապես՝ «Արդշինինվեստբանկի» Վանաձորի մասնաճյուղում, մարտ ամսին ոսկու մեկ գրամը նախորդ ամիսների 3800-ի փոխարեն գնահատվում էր 3000-3200 դրամ՝ կախված նրանից, թե ինչ ժամկետով է վարկ տրվում եւ երբ է մարվելու վարկի տոկոսը:

Հիշեցնենք, որ այդ ժամանակաշրջանում եւս ոսկու արժեքը շարունակում էր բարձրանալ: Այն վարկառուները, որոնց վարկի ժամկետը ավարտվել էր եւ ցանկանում էին երկարացնել այն, կանգնում էին փաստի առջեւ, քանի որ բանկի գրավադրման կետի աշխատակիցները նրանց տեղեկացնում էին, որ ոսկին էժանացել է եւ պետք է կամ եղածի վրա լրացուցիչ ոսկի ավելացնել, կամ էլ՝ գումար: Վարկառուների պարզ հարցին՝ եթե շուկայում ոսկին թանկացել է, ինչո՞ւ է բանկն սկսել էժան գնահատել այն, մասնաճյուղի ոսկերիչը, առանց որեւէ բան բացատրելու, պատասխանում է այսպես. «Ձեռք չի տալիս՝ գումարն ամբողջությամբ բերեք վճարեք, ձեր ոսկին էլ վերցրեք, տարեք»: Ոսկերիչի մոտ մի քանի ժամ հերթ կանգնած մարդիկ, հայտնվելով անհարմար իրավիճակում, սկսում էին տեղում զանգել ծանոթ-բարեկամներին՝ պարտքով գումար խնդրելու նրանցից, իսկ ոմանք նույնիսկ մտերիմներին խնդրում էին որոշ ժամանակով մատանին ու վզնոցը իրենց վստահել:

Այս ամենից տպավորություն էր ստեղծվում, թե «Արդշինինվեստբանկը» ստեղծում է բոլոր «բարենպաստ» պայմանները, որպեսզի իր վարկառուները չկարողանան վճարել գրավադրված ոսկու համար եւ ամսեամիս թանկացող ոսկին յուրացվի բանկի կողմից: Թե ինչու է բանկը սկսել էժան գնահատել գրավադրվող ոսկու մեկ գրամը, բանկի լրատվական ծառայությունից «Առավոտին» պատասխանեցին. «Նախ եւ առաջ կցանկանանք մեր կողմից գնահատման դինամիկան նշել: Այս դինամիկան միայն էժանացման չի գնում: Մենք ունեցել ենք նաեւ ժամանակահատված, որ այն ավելի բարձր է գնահատվել, քան վերջին երկու ամիսներին: Այնպես որ, եթե այս պահի դրությամբ մենք մի փոքր իջեցրել ենք մեկ գրամ ոսկու արժեքը, դա պայմանավորված է միայն այն հանգամանքով, որ բանկը փորձել է եւ փորձում է, բնականաբար, իջեցնել ռիսկի գործոնը, որովհետեւ ոսկու գնի փոփոխություն պարբերաբար է լինում, ինչի հետ կապված՝ մեզ մոտ գնահատման արժեքը երբեմն թանկ է լինում, երբեմն՝ էժան, առայժմ էժան է: Մենք իջեցնում ենք մեր ռիսկերը: Բնականաբար, ոսկին, որպես գրավի միջոց, միշտ գնահատվում է շուկայականից ավելի ցածր: Դրանով բանկը փորձում է ապահովվել ոչ վերադարձելիության գործոնից: Ընդամենը ոսկու գնի փոփոխությունը հաշվի առնելով՝ բանկը որոշ գնային փոփոխություններ է կատարում»: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ոսկու շուկայական գինը վերջին ամիսներին բարձրացել է, ոչ թե իջել, մամուլի պատասխանատուն ասաց. «Եկեք այսպիսի մի բան ասեմ: Եթե դուք Հայաստանում այսպիսի խնդիր եք բարձրացրել, կարծում եմ՝ նաեւ ուսումնասիրած կլինեք դաշտը: Ես ոսկու գնի բարձրացում չեմ նկատել: Չէ, այդպիսի բան չկա: Մինչեւ միջազգային գները հասնեն Հայաստան, դրանից հետո, բնականաբար, մենք կվերանայենք: Հիմա Հայաստանում այլ տենդենց է, եւ մենք առաջնորդվում ենք մեր շուկայական գներով»: Բանկից «Առավոտին» տեղեկացրին նաեւ, որ մարտ ամսին իրենք ոսկու մեկ գրամը գնահատել են 3400 դրամ, այն դեպքում, երբ Վանաձորի մասնաճյուղում, գրավատուների հավաստմամբ, գործել է այլ գնացուցակ:

Չնայած «Արդշինինվեստբանկի» այն պնդումներին, որ ոսկին չի թանկացել, մեզ հետ զրույցում ոսկու վաճառքով զբաղվողները հավաստիացրին, որ ոսկու շուկայական գինը իսկապես բարձրացել է: Բացի այդ, «Թանկարժեք մետաղների եւ քարերի գնահատման գործակալության» տվյալներով, 1 գրամ ոսկու շուկայական գինը կազմում է մոտ 11 հազար դրամ, իսկ տարեսկզբի համեմատությամբ՝ 1 գրամ ոսկին Հայաստանում թանկացել է 29%-ով:

Նշենք նաեւ, որ գրավատներում նույնպես բավականին բարձրացել են վարկերի տոկոսադրույքները՝ նախկին ամսական 5-6%-ի փոխարեն դառնալով մինչեւ անգամ 16-18%, սակայն վերջիններս զգալիորեն բարձրացրել են նաեւ գրավադրվող ոսկու արժեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել