Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավարությունները շարունակվում են

Մայիս 21,2009 00:00

Վկա Հմայակ Գալստյանը շարունակում է պնդել, որ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչությունում:

Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվում էին «7-ի գործով» քննվող Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունները: Մյասնիկ Մալխասյանի դատավարությունը դռնփակ էր, արգելվեց նույնիսկ լրատվամիջոցների ներկայությունը, ինչն առաջացրեց ներկաների խիստ դժգոհությունը: Կարգադրիչ Արթուր Փիլոյանի հրահանգներին ի պատասխան՝ ամոթանքներ հնչում էին դատարանի հասցեին, կարգադրիչն էլ հավաքվածներին խիստ զգուշացրեց. «Խնդրում եմ ավելորդ արտահայտություններ չանեք, այլապես էլ չեք մասնակցի նիստերին, ստեղ ձեր համար միտինգի տեղ չի»: Ամբաստանյալի քույր Անժիկ Մալխասյանը վրդովված ասաց. «Հայաստանում դատարանները վերածվել են թատերական հրապարակների, արդարադատություն չկա», իսկ ամբաստանյալի կինը՝ Աննան, ավելացրեց. «Երեխային ուղարկում ենք դասի, չենք իմանում՝ հետ կգա՞, թե մի սափրագլուխ կարող ա հարձակվի, ուրիշ ի՞նչ սպասենք»: Փակ դռների ետեւում ցուցմունք էր տալիս վկա Գրիգոր Եղիազարյանը, որը դատարանից խնդրեց ապահովել իր անվտանգությունը: Ընդմիջումից հետո բաց դատավարության ժամանակ վկա Հմայակ Գալստյանը հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից եւ մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչպես էին իրեն խոշտանգում ոստիկանության «6»-րդ վարչությունում: Այդ պատմությունները, չգիտես ինչու, բավականին զվարճացրին դատավոր Արմեն Խաչատրյանին, որը խոսքի մեջ նաեւ ծաղրեց վկայի 4-ամյա կրթությունը:

Մեկ այլ սրահում ընթանում էր Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Քանի որ պաշտպան Շուշանյանը ներկա չէր, պարոն Ոսկերչյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց հետաձգել նիստը, սակայն մեղադրող կողմն առարկեց դրա դեմ, եւ դատը շարունակվեց: Հարցաքննության ընթացքում վկա Վահագն Մանուկյանը, որը 2008-ի նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանի վստահված անձն էր, Ոսկերչյանի հարցին ի պատասխան՝ ասաց, որ որեւէ կուսակցության անդամ չի: Հնչած հարցերի մի մասին վկային իրավունք վերապահվեց չպատասխանել, մեղադրյալի կարծիքով տրված հարցերին վկան արդեն պատասխանել էր: Ընդմիջումից հետո Ոսկերչյանի հարցին՝ ինքը կոչ արե՞լ է պետական իշխանությունների կամ ոստիկանության նկատմամբ ուժ գործադրել, վկան ասաց, որ հիշողության այն աստիճանը չունի, որ հիշի, թե ինչ կոչեր է արել Գ. Ոսկերչյանը: Վկան թերթում է կարդացել հայտարարությունը կամ իր խոսքերով՝ խայտառակությունը, թե իբր իրեն տարել են ԱԱԾ եւ վկայություն են կորզել՝ ծեծի ենթարկելով. «Ինձ չեն ծեծել: Ինձ շատ ջերմ մարդկային վերաբերմունք են ցույց տվել, սուրճ-թեյ են հյուրասիրել, սակայն առաջին անգամ չեմ խմել: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում ասել էին, որ հանկարծ իրենց հյուրասիրածից չօգտվենք, բայց հետո հասկացա, թե ինձ ոնց են վերաբերվում, երկրորդ անգամ խմեցի»,- ասաց Վ. Մանուկյանը: Գ. Ոսկերչյանը վկային հարցրեց, թե ում է համակրել ընտրությունների ժամանակ, վերջինս ասաց, որ չի հասկանում «համակրել» բառի իմաստը, եւ խնդրեց բացատրել: Վ. Մանուկյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում «համակրել», եւ Ոսկերչյանը ստիպված եղավ հարցնել՝ «ո՞ւմ եք հավանել»: Վկան պատասխանեց՝ կոմունիստներին, ինչը պաշտպան Հրանտ Գեւորգյանը համարեց վիրավորանք պաշտպանյալի հասցեին ու անհարգալից վերաբերմունք՝ դատարանի նկատմամբ, եւ դատավորից խնդրեց համապատասխան գնահատական տալ: Դատավորը, սակայն, կոմունիստներին հավանելու մեջ ոչ մի անհարգալից վերաբերմունք չտեսավ:

Իսկ մեկ այլ սրահում այդ ընթացքում ընթանում էր Հակոբ Հակոբյանի դատավարությունը, վերջինս, սակայն, նիստին ներկա չէր, քանի որ առողջական խնդիրներ ուներ: Պաշտպան Մելանյա Առուստամյանի խնդրանքով դատավոր Գագիկ Ավետիսյանը որոշեց ամբաստանյալի դստերը՝ Հռիփսիմեին, թույլատրել ներկա գտնվել նիստին, չնայած վերջինս հեռացվել էր նախորդ նիստից: Պաշտպան Մ. Առուստամյանը դատարանի ուշադրությունը գրավեց այն հանգամանքի վրա, որ իր ձեռքում գտնվող վկա Մուշեղ Անտոնյանի դիմումի ձեռագիրն իրենը չէ, եւ ինքը պատրաստ չէ ապացույցների հետազոտման փուլին: Դատավոր Գ. Ավետիսյանը մոտ երկու ժամ ընդմիջում հայտարարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել