Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԳՐՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԱՎՈՐ

Մայիս 21,2009 00:00

\"\"«Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է. «Երեւանցին պետք է համոզված լինի, որ քաղաքը տեր ունի, եւ այդ տերը հենց ինքն է», եւ բոլոր հանդիպումներում խոստանում է այն, ինչ գրված է իր ծրագրում:

Մենք միտումնավոր կերպով որոշ կուսակցությունների նախընտրական ծրագրերի վերլուծությունը չիրականացրինք նախապես, մինչ քարոզարշավը, սպասելով, թե քարոզարշավի ընթացքում հատկապես ինչի վրա են պատրաստվում շեշտը դնել տվյալ կուսակցությունները եւ ինչն են համարում առաջնահերթ: Քիչ ժամանակ է մնացել քարոզարշավի ավարտին, եւ գրեթե բոլոր կուսակցությունները ինչ ունեին ասելու, կարծես ասել են, եւ արդեն կարելի է արձանագրել, որ գրեթե բոլորն իրենց խոստումներում եւ ելույթներում ոչ միայն իրենք իրենց, այլեւ իրենց մրցակիցներին են կրկնում: Դատելով քարոզարշավի ժամանակ հնչած ելույթներից՝ բոլորը տեղյակ են Երեւանի խնդիրներից, պատկերացնում են, թե ինչ է հարկավոր անել դրանց լուծման համար: Մնում է վերցնեն իշխանությունը եւ իրականացնեն իրենց խոստացած հրաշքները:

Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագրում որպես առաջնահերթություն նշված են Երեւանի բյուջետային եկամուտների մեծացումը եւ նրա վարչական շրջանների համաչափ զարգացումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով վերանայել տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների դրույքաչափերը, դրանց գանձման վարչարարության մեթոդներն ու մեխանիզմները, ներդնել համայնքային փոխառությունների այնպիսի համակարգ, որը թույլ կտա հնարավորինս կենտրոնացնել քաղաքացիների ժամանակավորապես ազատ դրամական միջոցները ու դրանք ուղղել համաքաղաքային ծրագրերի ֆինանսավորմանը: Թերեւս ծրագրի այս հիմնադրույթի իրականացումը այլեւս որեւէ նախագահի իրավունք չի տա Երեւանի ավագանուն եւ քաղաքապետին մեղադրել «փողի վրա նստած լինելով՝ փող ուզելու» մեջ: Մոտ 25 էջից բաղկացած ծրագրում մեկ առ մեկ թվարկված են Երեւանին անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնց իրականացման դեպքում, ԲՀԿ-ի պատկերացմամբ, կունենանք «Բարգավաճ Երեւան բարգավաճ Հայաստանում»: Որեւէ այլ կուսակցության ծրագրում կարծես թե չհանդիպեցինք այսպիսի հավակնոտ տողի. «Պետական մարմինների, քաղաքային իշխանությունների եւ առանձին սուբյեկտների՝ Երեւանում իրականացվող ոլորտային զարգացման կամ նպատակային ծրագրերը չպետք է հակասեն ծրագրերի հիմնադրույթներին ու սկզբունքներին, եւ պետք է իրականացվեն միայն այս փաստաթղթի տեսանկյունից փորձաքննության անցկացումից ու Երեւանի ավագանու հետ համաձայնեցումից հետո»:

Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մինչ այժմ կազմակերպած հանրահավաքները ամենից բազմամարդն են, եւ հաճախ մարդիկ գալիս են ոչ միայն զուտ կուսակցական պատկանելության պատճառով, այլեւ Գագիկ Ծառուկյանին նամակ կամ խնդրանք ներկայացնելու, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին տեսնելու եւ արված ինչ-որ մի լավության համար շնորհակալություն հայտնելու նպատակով: Ինչպես վստահեցնում են կուսակցության նախընտրական շրջանի պատասխանատուները, ԲՀԿ-ի նախընտրական շտաբում քննարկվում են արձագանքները, նամակները, եւ հաջորդ հանրահավաքում ելույթ ունեցողներին հրահանգ է տրվում խոսել հատկապես այն հարցերի մասին, ինչ մարդիկ բարձրացրել են:

Օրինակ, երեկ, Նորք-Մարաշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Միքայել Մելքումյանը շեշտեց ծրագրի հետեւյալ կետը. «Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի ծառայությունները պետք է լինեն առավելագույնս հասանելի՝ քաղաքացին պետք է կարողանա մեկ այցելության ընթացքում ստանալ իր բոլոր հարցերի պատասխանները»: Մինչ այդ մարդկանց կողմից եղել էին բողոքներ, որ քաղաքային իշխանությունները հիմնականում անհասանելի են շարքային քաղաքացիների համար: ԲՀԿ-ականը նաեւ հայտարարել է. «Երեւանը պետք է լինի ներդրումները քաջալերող եւ ներդրողներին վստահություն ներշնչող քաղաք»: Նկատենք, որ նման կետ չկա որեւէ այլ կուսակցության նախընտրական ծրագրում: Ի դեպ, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ աշխատատեղերի մասին առավել մանրամասն խոսում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Գեւորգ Պետրոսյանը, եւ մարդիկ հիմնականում աշխատատեղերի մասին հայտարարություններին այսպես են արձագանքում. «Ո՞ւր էր թե մեր նախկին աշխատատեղերը նորից վերականգնվեին»: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեւանցիներին խոստանում է, որ հաղթանակի դեպքում իր գլխավորած կուսակցությունը կիրականացնի բոլոր խոստումները, օրինակ, «Երեւանի շուրջ կկառուցվի օղակաձեւ ժամանակակից ավտոճանապարհ, որպեսզի հյուսիսային շրջաններից դեպի հարավ գնացող եւ հատկապես բեռնատար ավտոմեքենաները շրջանցեն մայրաքաղաքը», կամ՝ «քաղաքային իշխանությունը կդառնա գիտության եւ մշակույթի լավագույն բարեկամը», իսկ Երեւանը կլինի «կանաչ քաղաք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել