Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է

Մայիս 21,2009 00:00

«Վերջին շաբաթների ընթացքում սկզբում՝ Ստամբուլում, հետո՝ Բաքվում, հետո՝ Լեհաստանում Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի քանի անգամ շատ կոշտ կերպով շեշտեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները լինելու են նախապայմաններով: Մի քանի անգամ ինքը ու նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նշեցին, թե որոնք են այդ նախապայմանները՝ հենց այն 3-ը, որ գիտենք. Կարսի պայմանագիրը ճանաչելը, Ցեղասպանության ճանաչման հետապնդումից հրաժարվելը (ինչը կարծես արդեն տեղի է ունենում) եւ Ղարաբաղի հարցում ադրբեջանական շահերին ենթարկել հայկական շահերը,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:- Հայաստանը շարունակում է վստահեցնել աշխարհին ու մեզ, որ նախապայմաններ չկան, եւ հարցը լուծվելու է առանց նախապայմանների: Մենք այնուամենայնիվ ավելի հակված ենք կարծելու, որ թուրքական տեսակետն, ի վերջո, հաղթելու է, եւ այդ նախապայմանները կմնան ուժի մեջ: Մենք պարտավորված ենք լինելու փոխել այս քաղաքականությունը կամ ուղղակի ենթարկվել»: Նաեւ հավելեց. «Չեմ կարծում, որ մեր ղեկավարությունը եւ մեր կառավարությունը պատրաստ են զիջել հայկական ազգային շահերը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան ասաց, թե իրենք նույնպես ուշադիր հետեւում են այդ հայտարարություններին. «Եվս մեկ անգամ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի դիրքորոշումն այդ բանակցությունների ընթացքում չի կարող փոխվել: Հարաբերությունները Թուրքիայի հետ կարող են կարգավորվել միայն առանց նախապայմանների»:

Վարչապետը նշեց, թե Հայաստանն ունի «հզոր գործիք, այն է՝ ցանկացած պայմանավորվածություն եւ պայմանագիր, որը պետք է հիմք դնի դիվանագիտական հարաբերություններին կամ սահմանի բացմանը՝ պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից, ինչը ենթադրում է, որ այդ գործընթացը լինելու է հրապարակային: Եվ պաշտպանելու ենք մեր սկզբունքային դիրքորոշումը. այն է՝ որեւէ նախապայման մեզ համար ընդունելի չէ: Բնականաբար, մեր դիրքորոշումը պետք է լինի պրոակտիվ. մենք երբեք չենք կարող ուրանալ, մոռանալ Ցեղասպանության մասին: Եվ այդ առումով՝ այն ազգային շարժումները, որոնք հետամուտ են լինում Հայ դատի գործին, բնականաբար, այդ բոլոր գործընթացները պետք է ամբողջ թափով շարունակվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել