Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Երեւանում տեղացող սեւ անձրեւների պատճառը

Մայիս 21,2009 00:00

Երեկ կառավարության հետ ԱԺ հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր «Նաիրիտի» եւ ատոմակայանի նոր էներգաբլոկի վերաբերյալ:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ խորհրդարանում կառավարությանը հարց ուղղեց մայիսի 14-ին «Նաիրիտ»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, թե ե՞րբ է վերջին անգամ ուսումնասիրվել գործարանի տեխնիկական անվտանգության վիճակը. «Եվ այդ պայթյունի իրական պատճառների ուսումնասիրության հետ կապված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել»: Վիկտոր Դալլաքյանը նաեւ նշեց, թե գաղտնիք չէ, որ Երեւանում պարբերաբար տեղում են սեւ անձրեւներ, ու մայրաքաղաքում կան բնապահպանական լրջագույն խնդիրներ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան՝ եւս մեկ անգամ ասաց, թե հրդեհի ընթացքում չի եղել բնակչության համար վնասակար կամ քիմիական արտանետում: Իսկ աղետի պատճառների մասին նախարարը չհայտնեց որեւէ տեղեկատվություն: Չպատասխանեց նաեւ հարցադրման այն հատվածին, թե որն է այդ սեւ անձրեւների պատճառը: Փոխարենը հայտնեց, որ տարեվերջին գործարանում կվերագործարկվի բուտադիենային կաուչուկի արտադրությունը:

Արմեն Մովսիսյանը պատասխանեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի հարցին, որը վերաբերում էր Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլին: Նախարարը պարզաբանեց, թե Հայաստանը հայտարարել է մրցույթ ոչ թե նոր էներգաբլոկի շինարարությունն իրականացնելու համար, այլ այն ընկերության համար, որը պետք է կառավարի ատոմակայանի ողջ շինարարության ընթացքը: Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել մոտ 13 ընկերություններ: Սակայն մրցույթին մասնակցել են ընդամենը 2 ընկերություն, եւ հաղթող է ճանաչվել ավստրալիական ընկերության ամերիկյան ծագում ունեցող դուստր ընկերությունը. «Այս պահին բանակցություններ են ընթանում այդ ընկերության հետ պայմանագրային գնի վերջնական որոշման համար»:

Արա Նռանյանը հետաքրքրվեց, թե հայ-թուրքական վերջին զարգացումներից հետո է՞լ Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ ատոմակայանի շինարարական աշխատանքներին կարող է մասնակից դառնալ թուրքական որեւէ կազմակերպություն: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ի պատասխան հերթական անգամ հայտարարեց. «Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր կլինեն ապագա ատոմակայանի ներդրողներն ու սեփականատերերը՝ որեւիցե սահմանափակում կամ խտրականություն մենք չենք դնում, թե ովքեր կմասնակցեն բաժնետերերի ձեռքբերմանը: Որեւէ նշանակություն չի ունենա մեր օրենքների դեպքում, թե ով կլինի ապագա ատոմակայանի բաժնետերը: Ատոմակայանը պետք է շահագործվի հայկական օրենքներով, միջազգային պայմանագրերով մեր ստանձնած պարտավորություններով: Կլինի ռուսական, թուրքական կամ որեւէ այլ երկիր՝ նշանակություն չունի»:

Արա Նռանյանը կրկնեց, թե մտահոգություն ունեն, որ քաղաքական որոշումները կարող են ազդել մասնագիտական գործողությունների վրա. «Փաստորեն ստացվում է, որ թուրքական ընկերություններն, ըստ էության, կարող են մասնակցել շինարարությանը»: Արմեն Մովսիսյանն ի պատասխան ասաց. «Դուք պետք է տարբերեք երկու կարեւոր գործոն. շինարարությունն ուրիշ գործընթաց է, բաժնետեր լինելն՝ ուրիշ: Թուրքական որեւէ շինարարական ընկերություն այսօր չունի արտոնագիր, որ կարողանա կառուցել ատոմակայան: Աշխարհում նման մի քանի ընկերություն կա»: ՀՅԴ պատգամավորի տեղից արած ռեպլիկին, թե թուրքական ընկերությունը շինարարության մեջ կարող է ներգրավվել որպես ենթակապալառու՝ նախարարն այսպես արձագանքեց. «Մենք ունենք պայմանավորվածություն, որ այն աշխատանքները, որոնք ի վիճակի են կատարել մեր տեղական շինարարները՝ մերոնք են կատարելու: Ինչի՞ պիտի տանք Թուրքիային կամ որեւիցե այլ երկրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել