Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆ

Մայիս 21,2009 00:00

\"\"Այսպիսի կարծիքի է թե ընդդիմության եւ թե հ/կ-ի ներկայացուցիչը

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի արդեն անցած 19 օրերը բավականին հագեցած էին եթե ոչ ակտիվ կամ ծախսատար քարոզչությամբ, ապա հաստատ տեղի ունեցած տհաճ միջադեպերով՝ Քանաքեռ-Զեյթունում եւ Աջափնյակում կոալիցիոն ուժերի միջեւ բախումներով եւ ընդդիմադիր թեկնածուի ակտիվիստների դեմ Ավանում տեղի ունեցած կրկնակի հարձակումներով, նաեւ՝ Վարչական եւ Սահմանադրական դատարաններում ընտրական օրենսդրության դրույթների վիճարկման երեք դեպքերով:

Թե ինչպիսի՞ն էր քարոզարշավի անցած փուլը, երեկ գնահատեց առաջիկա ընտրություններին մասնակցող միակ ընդդիմադիր թեկնածուի՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա դիտարկմամբ, այսօր Երեւանի ավագանիում տեղեր ստանալուն հավակնող երեք ուժեր կան, որոնք ակտիվ քարոզարշավ են վարում, բայց նրանցից երկուսը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ըստ Լ. Զուրաբյանի, ուղղակի զբաղված են միմյանց միջեւ կրիմինալ «ռազբորկաներով». «Դա է, ըստ էության, նրանց քարոզարշավը: Քաղաքակիրթ քարոզարշավ՝ ժողովրդավարական մեթոդների կիրառմամբ՝ հանրահավաքներ, թռուցիկների տարածում, նաեւ՝ գաղափարական պայքար, վարում է միայն ՀԱԿ-ը: Այս պարագայում մենք անգամ մեր ընդդիմախոսների նկատմամբ սեւ PR անելու, նրանց կրիմինալ էությունն ի ցույց դնելու կարիքը չունենք, որովհետեւ իրենք դա մեր փոխարեն արդեն շատ լավ անում են՝ միմյանց փոխադարձաբար մխտռելով»: Ինչ վերաբերում է բուն քարոզարշավին, ապա Լ. Զուրաբյանն ասաց, որ այդ իմաստով Կոնգրեսը իր մրցակիցների համեմատ անհավասար պայմաններում է. «Նախ, մեր լավագույն տղաները, որոնք քարոզարշավի կազմակերպչական փորձ ունեն, բանտերում են: Երկրորդ, թեկնածուների միջեւ քարոզարշավի բացարձակ անհավասար պայմաններ են ստեղծված հեռուստաընկերությունների կողմից: Խոսքը թեկնածուների վճարովի գովազդից դուրս տարվող լուսաբանումների ու քարոզչության մասին է: Հեռուստատեսային եթերը, ընդ որում՝ ամբողջը, ողողված է առանձին թեկնածուների անհամեմատ ավելի շատ ու նաեւ թաքնված քարոզչությամբ: Մյուս կողմից, էլեկտրոնային ԶԼՄ-ներով քարոզչության համար սահմանված գումարի անտրամաբանական բարձր չափը պարզապես կապել է մեր ձեռքերը: Մեզ համար դա դժվար է անել, որովհետեւ հայտնի է, որ այս երկրում ընդդիմության համար քարոզչության նպատակով որեւէ ֆինանսավորում ստանալը ուղղակի բացառված է: Իշխանությունների կողմից անմիջապես պատժամիջոցներ են կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք կարող էին այս կամ այն չափով ֆինանսավորել ընդդիմության քարոզարշավը: Դրա լավագույն օրինակը Խաչիկ Սուքիասյանի սեփականության դեմ ոտնձգություններն են, նաեւ՝ գործարար Վոլոդյա Հովհաննիսյանի բիզնեսը ոչնչացնելը, եւ այսպիսի բազմաթիվ օրինակներ: Բայց անգամ այդ վիճակում մենք կարողանում ենք մեր այլ խնդիրների պարագայում՝ քաղբանտարկյալների հարցեր, մեր ակտիվիստների դեմ հարձակումներ, բավականին ակտիվ քարոզարշավ անցկացնել: Ես վստահ եմ, որ մեր ձայներն արդեն այս պահին բավարար են մեր հաղթանակն ապահովելու համար»,- նկատեց Լ. Զուրաբյանը:

ՀՀ ԿԸՀ-ում գրանցված տեղական դիտորդական առաքելություններից մեկը, որն իր 52 դիտորդների միջոցով դիտարկելու է առաջիկա ընտրությունները, «Թրանսփերնսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է: Վերջինիս խորհրդի նախագահ Ամալյա Կոստանյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե այդ հ/կ-ն առավելապես թեկնածու ուժերի կողմից ֆինանսական միջոցների կուտակման ու ծախսման դիտարկում է անում եւ դրա արդյունքները, նաեւ ընտրությունների վերաբերյալ իր եզրակացությունը կհրապարակի ընտրություններից հետո՝ հունիսի 1-ին: Այդուհանդերձ, տիկին Կոստանյանը քարոզարշավի անցած փուլը գնահատեց որպես «շատ անսովոր», ինչը կարող է մի քանի հնարավոր պատճառներ ունենալ: «Նախ, եթե համեմատենք 2007-08թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ, ապա այս ընտրությունների քարոզարշավը բավականին պասիվ է նաեւ ծախսերի տեսանկյունից: Մենք հենց քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգն ենք իրականացնում, ու մեզ համար ակնհայտ է, որ շատ փող չի ծախսվում: Պատճառները տարբեր են: Մեկը կարող է այն լինել, որ դա Երեւանի ավագանու առաջին ընտրությունն է, եւ թեկնածուները, թերեւս, կարծում են, որ չարժե դրա վրա շատ փող ծախսել եւ մեծ քարոզարշավ ծավալել: Երկրորդ պատճառը կարող է լինել ֆինանսական ճգնաժամը: Մեր տեղեկություններով, նույնիսկ ընտրակաշառքներ (համենայնդեպս՝ ակտիվորեն) դեռ չեն բաժանվում: Վարչական ռեսուրսներն են ակտիվորեն օգտագործվում, ինչը հատուկ է բոլոր ընտրություններին եւ քարոզարշավներին: Կարելի է ասել, որ ամենաճոխ քարոզարշավը՝ ֆինանսական եւ տեղեկատվական իմաստներով, իրականացնում է ԲՀԿ-ն, իսկ վարչական ռեսուրսը ամենաշատն օգտագործում է ՀՀԿ-ն: Իսկ եթե կա վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորություն, այդ թվում՝ նաեւ էլեկտրոնային ԶԼՄ-ները, հարկ չկա քարոզարշավի համար մեծ գումարներ ծախսել: Իհարկե, ցավալի է, որ ինչպես անցյալ տարի աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում, այս անգամ էլ քարոզարշավին բնորոշ են բռնության, ուժի գործադրման դեպքերը եւ կրիմինալ միջոցների օգտագործումը: Ենթադրվում է, որ ընտրության օրը մոտենալուն զուգահեռ, նաեւ քվեարկության օրը կարող են բռնության դեպքեր արձանագրվել: Անկախ այն բանից, թե այդ բռնությունները կիրառվում են կոալիցիոն ուժերի միջեւ, թե՝ ընդդիմության դեմ, դրանք անընդունելի են ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլեւ՝ քաղաքական կյանքում»,- ասաց տիկին Կոստանյանը:

Խոսելով թեկնածուների համար քարոզարշավի հավասար պայմանների առկայության մասին, հ/կ ղեկավարն ասաց, որ որոշ թեկնածուներ օգտվում են վարչական եւ մասնավոր ռեսուրսի հնարավորություններից, որոնք ընդդիմությունը, բնականաբար, չունի եւ չի կարող օգտագործել, իսկ դա արդեն անհավասար պայմաններ է ստեղծում թեկնածուների համար: Ինչ վերաբերում է քարոզարշավի լուսաբանմանը, ապա Ա. Կոստանյանի ասելով, դրա, մասնավորապես՝ հեռուստաեթերի մոնիտորինգը իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը: «Բայց մեր նախնական տպավորությունն այն է, որ մեծ անհավասարություն կա եթերում թեկնածուներին անդրադարձի հաճախականության տեսանկյունից»,- նկատեց հ/կ նախագահը: Ըստ նրա, այսօր եթերներում, այդ թվում՝ «հանրայինում», շատ ավելի հաճախ երեւում են այն թեկնածուները, որոնք ունեն վարչական եւ մասնավոր հեռուստաընկերությունների ռեսուրսներն իրենց քարոզարշավի համար օգտագործելու հնարավորություն, եւ հավելեց, թե՝ իհարկե, դա եւս անհավասար պայմաններ է ստեղծում թեկնածուների համար: «Տարբեր վերլուծաբաններ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այս քարոզարշավի վերաբերյալ, բայց համարվում է, որ այս ընտրություններում այնքան փող չի ծախսվի, որքան ճնշում կա: Այսինքն՝ փողը կծախսվի ավելի շատ ոչ թե ընտրակաշառքի, այլ հանձնաժողովների անդամներին կաշառելու կամ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելու վրա: Նման մտահոգություն կա, եւ դա կարող է լինել այս ընտրությունների յուրահատկություններից մեկը»,- նկատեց հ/կ նախագահը:

Այսուհանդերձ, նա այս ընտրություններում մի լուսավոր կամ դրական բան մատնանշեց. «Մենք մտահոգված էինք, որ ԿԸՀ-ն (օրենքը դա չէր նախատեսում) թեկնածուների հայտարարագրերը՝ ծախսերի մասին, կարող է դժվարությամբ հրապարակել, բայց դրանք ԿԸՀ-ն իր պաշտոնական կայքում, գոնե առայժմ, տեղադրել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել