ԿԸՀ քարտուղարի կարծիքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները շատ մեծ միջոցառում չեն, իսկ ընդհարումներն էլ անխուսափելի են:
«Այն, որ Երեւանը համայնք է, ամրագրված է Սահմանադրությամբ, Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների առանձնահատկությունները սահմանված են «Երեւանի մասին» օրենքում, որի համաձայն էլ իրականացվում է Երեւան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորում»,- երեկ, արձագանքելով նախորդ օրը մեր թերթում Արման Մելիքյանի բարձրաձայնած մտահոգություններին, որ Երեւանը փաստացի գոյություն չունեցող համայնք է, իսկ ՀՀ Սահմանադրությամբ ՏԻՄ ընտրություններ կարող են իրականացվել արդեն ձեւավորված համայնքում, ուստի առաջիկա ընտրություններն իրենց ձեւով էլ արդեն իսկ անօրինական են, ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:
«Առավոտի» դիտարկմանը, որ Երեւանում կան ընտրված թաղապետեր, որոնց աշխատանքից կարելի է ազատել միայն դատական գործընթացի արդյունքում, մինչդեռ ներկայումս անհեթեթ իրավիճակ է՝ թաղապետերը հայտնվում են «օդից կախ» վիճակում, ԿԸՀ քարտուղարը հակադարձեց. «Հակասություն չկա, քանի որ ամենաբարձր ուժ ունեցող իրավական փաստաթուղթը Սահմանադրությունն է, որտեղ ամրագրված են դրույթները, սահմանված են առանձնահատկությունները Երեւանի համար: Այսինքն՝ այն, որ Երեւանի տեղական ինքնակառավարումը լինելու է այլ օրենքով: Իսկ այդ օրենքի համաձայն, եթե ընտրությունները կայանան՝ Երեւանի թաղային համայնքները վերածվում են վարչական շրջանների, իսկ վարչական շրջանի ղեկավարը նշանակովի է»: Արձանագրենք, որ հակասություն, ամեն դեպքում, կա, քանի որ, մեծ հաշվով, երաշխիքներ չկան, որ ներկայիս թաղապետերը նշանակվելու են վարչական շրջանների ղեկավարներ:
Վերլուծելով քարոզարշավը՝ ԿԸՀ քարտուղարն արձանագրում է, որ «շատ մեղմ» քարոզարշավ է ընթանում, քանի որ, նրա կարծիքով, Երեւանի ավագանու ընտրությունները «շատ մեծ միջոցառում չեն դիտարկվում: Հանրապետությունն ապրում է իր առօրյա կյանքով: Ընդհանուր առմամբ՝ քարոզչությունը նորմալ հունով է ընթանում, եւ այս պահին նախընտրական քարոզչության կարգի խախտման դեպքեր չենք արձանագրել»: Նաեւ բռնություններն ու բախումնե՞րն են նորմալ՝ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԿԸՀ քարտուղարն ասաց. «Ցանկացած բախում, բռնություն, ծեծ-ջարդ ստվերում է մեր կյանքը: Մենք խոսում ենք ընտրությունների մասին եւ շատ ենք կենտրոնանում Երեւանի ընտրությունների վրա: Իմ կարծիքով, հասարակական կարգի խախտումներ նաեւ այլ ժամանակ են լինում, եւ շեշտը դնել ու ուշադրության կիզակետում պահել հենց ընտրական, նախընտրական փուլերը… պետք է կարողանալ կազմակերպվել եւ զսպված լինել ու սադրանքների չգնալ՝ առհասարակ: 2008-ի աշնանն էլ ՏԻՄ ընտրություններ էին հանրապետությունում, մոտ 900 համայնքում, որոնք, իհարկե, չէին կարող անցնել առանց ընդհարումների, առանց խախտումների, այնտեղ էլ կային բախումներ, սակայն դրանք չլուսաբանվեցին, այդ ընտրությունները ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում չէին: Իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրությունը դա միջոցառում է, որն ընդգրկում է ամենամեծ թվով մասնակիցների, իսկ մեզանում նույնիսկ ամենաուրախ միջոցառումներն են ծեծ ու ջարդի վերածվում, օրինակ՝ հարսանիքները: Չի կարող իդեալական անցնել մեծ թվով քաղաքացիների մասնակցությամբ ցանկացած միջոցառում, այդ թվում նաեւ ընտրությունները, որոնք ամենամեծ միջոցառումն են»: Ա. Բախչագուլյանը չհամաձայնեց «Առավոտի» դիտարկմանը, որ Երեւանն այլ նշանակություն ունի մեր հանրապետության համար: «Երեւանի ընտրողը ոչ մի առավելություն չունի Գյումրիի ընտրողի նկատմամբ»:
Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կողմից ընտրախախտումներ չարձանագրելուն՝ նկատեցինք, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն վերջին ամսվա ընթացքում լավագույնս լծվել են Երեւանն ասֆալտապատելու, լուսավորելու, ծաղկապատելու եւ նմանատիպ այլ աշխատանքների. դա օրենքի խախտում չէ՞, հարցին հետեւեց նման պատասխան. «Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն չեն քաղաքը լույսերով ապահովում: Դրանք քաղաքապետարանի գործառույթներն են, եւ քաղաքապետարանի ու թաղապետարանների բնականոն գործունեությունը չի կանգնում ընտրությունների ժամանակ»: Մինչ այդ նույն ջերմեռանդությամբ չէին իրականացվում այդ ֆունկցիաները՝ դիտարկմանն արձագանքեց. «Մինչ այդ փողոցներն էին կառուցվում»: Իսկ այն, որ այդ աշխատանքների իրականացմանը զուգահեռ նաեւ քարոզ է իրականացվում, թե ում են մարդիկ պարտական այդ ամենի համար, մեր զրուցակիցն ասաց. «Նման արձանագրված փաստ կամ դիմում ԿԸՀ-ն քաղաքացիներից չի ստացել»: