Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՄԵՐԺԵՑԻՆ

Մայիս 20,2009 00:00

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննության դրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արամ Մելիքյանի վերաքննիչ բողոքը: Նա դատի էր տվել Կոտայքի մարզի ոստիկանությանը, քանի որ քրեական գործ չէր հարուցել անցյալ տարվա մարտին «Ռիպա» հանգստյան տանը կատարվածի կապակցությամբ: Տուժող ճանաչված Արամ Մելիքյանը ցուցմունք տվեց: Նա դատարանում հայտնեց, որ փորձել է չարաբաստիկ այդ օրը մոռանալ, որպեսզի կարողանա սթրեսից դուրս գալ ու ապրել: Նա նկարագրեց դեպքի օրը: Ասաց, որ 3-րդ հարկի 305 սենյակի փականը փչացել էր եւ դուռը չէր բացվել: Ուսանողը, որը մասնակցում էր հավաքի, փորձել է պատշգամբով անցնել փակված սենյակը, դուռը բացել: «Չհասցրի հենվել բազրիքին: Բազրիքը վթարային էր եւ ընկա ցած: Ընկա՝ պոկված բազրիքը ձեռքիս: Կոտրվեցին երկու ձեռքերս, փայծաղս եւ լյարդս պատռվել են: Ընկնելուց հետո ոչինչ չեմ հիշում, որովհետեւ ընկերներս ինձ բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց»,- նշեց նա: Վերջինս հավելեց, որ հանգստյան տան «սառնասիրտ տնօրեն Ռուզաննա Սարգսյանը արդեն իսկ այդ պահից սկսեց մտածել իր անվտանգության մասին»:

Ապագա ջութակահարը, որը վերջնականապես կորցրել է իր մասնագիտությունը, քանի որ մատները չեն շարժվում, հայտնեց, որ բազրիքը պահող կետը եղել է ընդամենը 2 մմ: «Երբ քննիչ Սախոյանը դատարանում խոսում է Հրազդանի եւ Երեւանի օրենքների մասին, ինչ էր հասկանում, ես չգիտեմ: Միայն գիտեմ, որ օրենքը մեկն է: Եթե ինչ-որ դեպք է տեղի ունենում, հիվանդանոցից անմիջապես տեղեկացվում է ոստիկանության բաժին, փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ եւ իրեղեն ապացույցներն էլ առգրավվում են»,- ասաց Ա. Մելիքյանը: Տուժողը նաեւ շեշտեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող բազրիքը դեպքից 3 ամիս հետո վերանորոգվել է, զոդվել եւ ստացվել է, որ այս գործով կա միայն տուժող՝ բազմաթիվ վիրահատություններով:

Այսքանից հետո դատարանը մերժեց ուսանողի բողոքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել