Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՄԱՍՆԱԿՑԵՔ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»

Մայիս 20,2009 00:00

Խորհուրդ է տալիս հայտնի ջազմեն Չիկոն

Այս օրերին բոլորիս ուշադրությունը Մոսկվայում կայացած «Եվրատեսիլն» էր, որի մասին դեռ շատ կխոսեն: Նույն օրերին Բուխարեստում էլ տեղի է ունեցել «Եվրոֆեստ» մրցույթը, որին մասնակցում էին 20-ից ավելի եվրոպական երկրներ: Այնտեղից Հայաստանը ներկայացնող «Արտ վոյսիս» խումբը վերադարձել է Գրան պրի մրցանակով: Այս մասին «Հայելի» ակումբում «Եվրատեսիլի հետքերով» թեմայով ասուլիսում հայտնեց ճանաչված ջազմեն Արմեն Թութունջյանը, նույն ինքը՝ Չիկոն, հետո էլ նեղսրտած ասաց. «Այդ մասին, բնականաբար, ոչ մեկդ չիմացավ, ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ էլ՝ մասսայական ճաշակն է գերիշխում: Կոմպոզիտորների միությունն էլ աչքաթող է արել ամեն ինչ»:

Կոմպոզիտոր Արամ Սաթյանն էլ այս տարի կազմակերպված «Եվրատեսիլի» մասին ասաց. «Շատ լավ տպավորություն թողեց, հիանալի էր կազմակերպված: Կարեւոր չէ՝ առաջին, երկրորդ տեղն ով է, որովհետեւ դա չափանիշ չէ, շատ անգամ երկրորդ, երրորդ տեղերը գրավողներն ավելի շնորհքով են լինում, իսկ առաջին տեղը միշտ կասկածելի է: Օրինակ՝ ֆրանսիական դպրոցը ներկայացնող Պատրիսիա Կաասը ընկալելի չեղավ որոշ անգլիախոս ազգերին, եւ երգը, որ երեւի ավելի շուտ կապված էր իր ներքին աշխարհի հետ, չկարողացավ գրավել կամ չհամապատասխանեց այդ երեկոյի տրամադրությանը»: Կոմպոզիտորն առաջին անգամ տեսել է, թե հայերն ինչ լավ էին պատրաստվել, սակայն, նրա կարծիքով, սխալ էր երգի ընտրությունը. «Երգը պետք է լինի միաձույլ, մի ամբողջություն, որպեսզի ամեն ոք հեշտությամբ կարողանա հիշել, մանավանդ՝ ամեն մեկը չունի աղջիկների հիանալի ձայնը: Եվս մեկ անգամ ուզեցինք ապացուցել, որ արեւելքի ազգ ենք, չի կարելի այդպիսի բան անել, այս տենդենցը շարունակվում է տարիներ ի վեր: Ախր Արեւելքը մարդկանց խեղդում է, «Եվրատեսիլում» նոր բան պետք է ասել: Երգը, անշուշտ, պետք է ներկայացնի ազգը, բայց ոչ այդ ձեւով: Մեր հարեւանների ներկայացրած երգերը բովանդակությամբ արեւելամետ էին, բայց հիմնականում եվրոպական երգարվեստին մոտ: Մեզ մոտ երաժշտության ասպարեզում ստացվում է՝ բոլորը պրոֆեսիոնալ են, բացի պրոֆեսիոնալներից: Մեծ դեր պետք է խաղա Կոմպոզիտորների միությունը, որն այսօր ձեռները լվացել է»,- ասաց Ա. Սաթյանը:

Ա. Թութունջյանն էլ հավելեց. «Խեղդվեցի պարոն Սաթյանի լավատեսության օվկիանում: 54 տարվա պատմություն ունեցող էդ մրցույթը թող այս անգամ էլ հանդիսավոր բացվի ու փակվի, միեւնույն է՝ բացարձակ ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում: Ամեն երկրում տվյալ ժողովրդի վզին փաթաթում են ինչ-որ վատ երգ, ստիպում են, որ ազգը լսի ու մտածի՝ չէ՜, իրոք լավ երգ ա… մեր երգը շատ լավն ա… Որ հայերը Սփյուռք չունենային, ո՞ր տեղը պիտի գրավեին»: Բանախոսն այդպես էլ չի հասկացել, թե «Եվրատեսիլը» ինչի մրցույթ է՝ վոկա՞լ արվեստի, լավ երգի՞. «Այն, իհարկե, քաղաքականացված է, բայց եթե նույնիսկ լավ, պարզ երգ է հնչում, քաղաքականությունն էլ հետին պլան է մղվում»: Հետո էլ շնորհակալություն հայտնեց մեր երկիրը ներկայացնող զույգին, որ առաջին տեղը չգրավեցին, քանի որ ճգնաժամի պայմաններում Հայաստանին կդնեին վատ վիճակի մեջ: Ա. Թութունջյանը, հաշվի առնելով Ա. Սաթյանի եվրատեսիլյան լավատեսությունը, հարցրեց. «Ինչո՞վ է «Եվրատեսիլը» նպաստում վոկալ-էստրադային ժանրի զարգացմանը: Այդ ամբողջ ծախսը, որ անում են, թող ի նպաստ արվեստի զարգացմանն ուղղվի: Թող տաղանդավոր երեխաներին ֆինանսավորեն…»: Ի պատասխան՝ Սաթյանն էլ նշեց. «Յուրաքանչյուր մրցույթ, կամա թե ակամա, նպաստում է ինչ-որ մի բանի զարգացմանը: «Եվրատեսիլը» նրա մասին է, ինչը դու չես հասկանում: Ի վերջո, հաղթեց լավ երգը եւ անմիջականությունը, որովհետեւ խառնվեց արեւելք, արեւմուտք, կաթոլիկ, քրիստոնյա, նպատակը դա է»: Ա. Թութունջյանը խորհուրդ տվեց այլեւս չմասնակցել մրցույթին: Հայաստանում անցկացվող մրցանակաբաշխության մասին էլ ջազ երաժիշտն ասաց. «Մեզ նման մի քանի վախկոտների հավաքում ու որոշում են՝ ում ինչ երկաթ-մրցանակ տան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել